Հայտարարություն են տարածել

17/03/2009

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդագրության մեջ երեկ Ոստիկանությունը լրացում է կատարել: Մարտի 13-ին Ոստիկանությունը հայտնել էր, որ Շամշյանին վնասվածք է հասցրել Կարեն Միրիջանյանը։ Այնինչ երեկվա հաղորդագրության մեջ նշվում է, որ «Նաիրի» բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ խմբին Գ. Շամշյանը հաղորդել է, որ ժամը 11:45-ին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի առաջին հարկի ընդհանուր սրահում, համալսարանի պահնորդների ղեկավար Կարեն Միրիջանյանը, պահնորդներ, 1968թ. ծնված Արամ Գեւորգյանը եւ 1981թ. ծնված Էդգար Պապոյանը խոչընդոտել են իր՝ որպես լրագրող, մասնագիտական օրինական գործունեությանը, որի ընթացքում հավաքված ուսանողների եւ այլ լրագրողների ներկայությամբ իրեն հայհոյել, ծեծի են ենթարկել եւ պատճառել վնասվածքներ: Սակայն երեկ Կ. Միրիջանյանը, Է. Պապոյանը եւ Ա. Գեւորգյանը ստորագրությամբ բաց են թողնվել: Ի դեպ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոռեկտորը երեկ հայտնել է, թե իրենց անվտանգության աշխատակիցը «կաթիլայինի տակ է»: Ի դեպ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորատը շաբաթ օրը կայացած նիստում հայտարարություն է ընդունել, որով «ցավում է» կատարվածի համար` միաժամանակ հարկ համարելով նշել, թե «միջադեպը ոչ թե Շամշյանի պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման, այլ նրա խուլիգանական գործողությունների կանխման արդյունք է»: Շամշյանը, սակայն, հակադարձել է` ասելով, թե «խուլիգանությունը կատարվել է բուհի աշխատակիցների կողմից»: Ի դեպ, Գ. Շամշյանը դեռեւս գտնվում է հիվանդանոցում: