«Պարզից էլ պարզ է, որ եթե Տեր-Պետրոսյանը համաձայնում է գլխավորել ավագանու եւ քաղաքապետի ընտրության ցուցակը, ապա, բնականաբար, Կոնգրեսի համար դա փրկօղակ է, որովհետեւ միայն այդ դեպքում հնարավոր է ակնկալել արդյունք, քանզի ուժեղ առաջին համարը դա հաջողության անհրաժեշտ գրավականն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա` չնայած քաղաքապետի ընտրությունները երկաստիճան են` միջնորդավորված ավագանու ընտրություններով, մարդիկ, միեւնույն է` ընտրությունը կատարելու են` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ով է գլխավորում տվյալ ցուցակը: «Ես այդ քայլը կանխատեսում էի, եւ ակնհայտ է, որ սա Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումն է»,- ասել է նա: Պատասխանելով հնարավոր ընտրակեղծիքների մասին հարցին, Հ. Հովհաննիսյանն ասել է. «Ես կարծում եմ, որ կեղծիքների մեխանիզմն այնքան կարծրացած է մեզանում, որը կատարելագործվել է հետանկախական շրջանում, որ անկախ նրանից, թե ով է մասնակցում եւ ինչ ձեւաչափով են անցնում ընտրությունները, այդ մեխանիզմը գործելու է ամբողջ թափով, եւ հույս ունենալ, որ այս անգամ այն չի աշխատելու նույնությամբ, ինչպես նախորդ անգամ, չի կարելի: Պետք է պարզապես մշակել անհրաժեշտ քայլեր, գործողություններ այդ մեխանիզմը խաթարելու, նրա գործունեությունը չեզոքացնելու նպատակով»: Իսկ քաղաքագետ Իգոր Մուրադյանն էլ նշել է, թե Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումով Երեւանի քաղաքապետի ընտրություններն «ակնհայտ քաղաքականացվում են, եւ ընդլայնվում է քաղաքական պայքարի դաշտը»: Ըստ Ի. Մուրադյանի` իր համար քաղաքական տեխնոլոգիայի առումով հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդվում: «Քաղաքապետ առաջադրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, փոխքաղաքապետը կլինի Ստեփան Դեմիրճյանը: Տեր-Պետրոսյանը կզբաղվի՝ քաղաքական, իսկ Դեմիրճյանը` տնտեսական հարցերով: Շատ լավ աշխատանքի բաժանում է: Իսկ իշխանությունները շատ մեծ ջանքեր պետք է ներդնեն եւ քիչ թե շատ պարկեշտ թեկնածու գտնեն, որպեսզի իշխանությունը չհանձնեն Տեր-Պետրոսյանին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Իգոր Մուրադյանը: Նրա կարծիքով` խոսել կողմերի հնարավոր փոխզիջման մասին` անիմաստ է, «որովհետեւ այս իրավիճակում ցանկացած փոխզիջում իշխանության կողմից, կնշանակի՝ իշխանության հանձնում»: Ի. Մուրադյանի կանխատեսմամբ, ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանին իշխանությունը կշարունակի «առաջ մղել»: «Նա, իհարկե, որպես քաղաքական ֆիգուր, Տեր-Պետրոսյանի հետ անհամեմատելի է, բայց ո՞վ է այսօր մտածում քաղաքական արժանիքների եւ քաղաքական իմիջի մասին: Խոսքը գնում է շատ կոշտ պայքարի մասին, բնականաբար, կկիրառվեն ուժային մեթոդներ, կլինի մեծ սկանդալ, եւ չի բացառվում, որ կրկնվեն մարտի 1-ի դեպքերը»,- ասել է Իգոր Մուրադյանը: Ըստ նրա, ոչ ոք ոչինչ չունի կորցնելու։ «Քաղաքական ընդդիմությունն այնքան բարձր է դրել իր հավակնությունների սանդղակը, որ նահանջելու տեղ չունի, եւ ես ասում եմ` բավական է իշխանությունը մի քայլ անի, դա կլինի իշխանությունը կորցնելու սկիզբը»,- ասել է Իգոր Մուրադյանը: