Գործ են հարուցել

17/03/2009

Լոռու մարզի դատախազությունը մարզի Սարատովկա եւ Նովոսելցովո գյուղերի գյուղապետերի դեմ քրեական գործ է հարուցել: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Սարատովկա համայնքի ղեկավարի դեմ քր.գործը հարուցվել է նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ յուրացում եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, համայնքի ղեկավար Գ. Մարդոյանը 2005-2008թթ. համագյուղացիներին սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով հաշվապահական կեղծ փաստաթղթեր է կազմել եւ դրամարկղից ելքագրել ու հափշտակել 140.000 դրամ: Կեղծ փաստաթղթերը կազմվել են` գյուղապետարանի մյուս պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնության գալով: Իսկ Նովոսելցովո համայնքի ղեկավար Ռ. Դավոյանը, գյուղապետարանի մյուս պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնության գալով, 2005-2008թթ. հաշվապահական կեղծ փաստաթղթեր է կազմել եւ համագյուղացիներին սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով դրամարկղից ելքագրել ու հափշտակել 275.000 դրամ: