Դրամի հոգեւարքը խանութներում

17/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դրամի արժեզրկման հետեւանքով սպառողական ապրանքների գների «վայրիվերումները» շարունակվում են: Իհարկե, մարտի 3-ին հաջորդած օրերի խուճապային իրավիճակն անցել է, սակայն դեռեւս հստակ չէ, թե որ ապրանքը որքանով է թանկացել, կամ արդյոք դա վերջնական թանկացում է, թե ոչ:

Այս պահին հայտնի է միայն, որ գրեթե ամեն ինչ թանկացել է, թեեւ համընդհանուր թանկացման ֆոնին մի քանի «երեւացող» ապրանքների գներ վերադարձել են նախկին մակարդակին: Օրինակ, շաքարավազի 1 կիլոգրամի գինը 240-ից դարձել է 290, ձեթի ու յուղի գները բարձրացել են 150 դրամով, թանկացել է նաեւ սուրճը` ասենք «Pele»-ի մեկ տուփը նախկին 650 դրամից դարձել է 800 դրամ: Թանկացումների առաջին օրերից հետո որոշ չափով նվազել է կարագի գինը: Դրան հակառակ` դեղորայքը վաճառվում է արդեն թանկացած գներով: Իհարկե, երեկ երեւանյան մի շարք դեղատների աշխատակիցներ փորձում էին շրջանցել թանկացման հարցը: «Հա, դեղերի գները բարձրացել են, բայց կոնկրետ չենք կարող ասել, թե որ դեղերն են, դեղ կա՝ 100 դրամով է թանկացել, դեղ կա` 1000»,- ասացին դեղատներից մեկում` այդպես էլ չնշելով թանկացած դեղերի անունները:

Նույն պատկերն էր նաեւ Երեւանի մի քանի սուպերմարկետներում եւ ոչ սուպեր խանութներում: Օրինակ, «Էվրիկա» խանութում, չնայած անվանմանը, չցանկացան թանկացած ապրանքատեսակների անունները հրապարակել: «Ուրեմն` դուք չգիտե՞ք, մեզնից եք հարցնո՞ւմ: Համ էլ դա բոլոր խանութներում էլ եղել է, մենակ մեր խանութը չէ»,- ասաց խանութի մենեջերը` հրաժարվելով ներկայանալ: «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը նույնիսկ այսքանը չասաց` պատճառաբանելով, թե իրեն արգելված է տեղեկատվություն տրամադրել, եւ դրա իրավասությունն ունի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը: Իսկ «Երեւան Սիթիի» մենեջերն այդպես էլ չհիշեց, թե ո՞ր ապրանքատեսակների գներն են բարձրացել։ «Ես չեմ կարող հիշել մի ամիս առաջվա գները: Մեզ մոտ անընդհատ փոփոխություններ են կատարվում. կարող ա էսօր մի ապրանքի գինը իջնի, մյուս օրը` մեկ ուրիշ ապրանքի: Էնպես որ, ես չեմ կարող լրիվ հիշել»,- ասաց խանութի մենեջեր Աստղիկ Սիմոնյանը` նշելով, թե իրենց մոտ միշտ էլ առեւտուր լինում է` անկախ այն հանգամանքից` ճգնաժա՞մ է, թե՞ ոչ: Իսկ «AG» սուպերմարկետում էլ ասացին, որ դոլարի բարձրացումը որեւէ կերպ չի անդրադարձել ապրանքատեսակների գների վրա: Ապրանքի գները չեն փոխվել նաեւ քաղաքի փակ շուկայի վաճառասեղաններին, որտեղ մրգավաճառ Նարինեն ասում է, որ իրենք դոլարի հետ կապ չունեն։ «Մեզ մոտ էլ ուրիշ բան ա կատարվում: Կան մրգեր, ասենք` ցիտրուսային մրգերը 50 դրամով բարձրացել են, բայց դա սեզոնի հետ ա կապված: Կամ, օրինակ, բանջարեղենը ես համարյա նույն գնով տալիս եմ,- ասում է վաճառողուհի Նարինեն` զարմանալով, որ մարդիկ շուկան թողած, սուպերմարկետներից են մրգեր առնում,- Ութ տարի է` էստեղ եմ աշխատում, բայց էս վերջին տարիների պես վատ առեւտուր չեմ ունեցել: Մարդիկ, որ առաջ մեր շուկայից էին միրգն ու բանջարեղենն առնում, հիմա էդ նույնն առնում են սուպերմարկետներում»: Մինչդեռ հարեւան վաճառասեղանին հնդկական ընկույզի ու նուշի գները բարձրացել են` 4000 դրամից դառնալով 4500: Վաճառողն ասում է, որ դրանք դոլարով են գնում, դրա համար էլ գները բարձրացրել են: Թե ուրիշ որ ապրանքատեսակների դեպքում է արձանագրվել գների բարձրացում, իհարկե, դժվար չէ իմանալ: Հետաքրքիրն այն է, որ այդ մասին խուսափում են խոսել նույն գին բարձրացնողները: Մինչդեռ արդեն թանկ ապրանքների հարկադրված սպառողները կամ գնորդներն արդեն շատ լավ գիտեն, թե ինչը որքանով է թանկացել: «Օրեցօր գները բարձրացնում են: Առաջ մեշոկով ալյուրն առնում էի 180 դրամով, հիմա` 210-ով: Անգամ կոֆեն են թանկացրել` 250 դրամանոց կոֆեն սարքել են 300»,- ասում է գնորդներից տիկին Գայանեն: Մինչդեռ Հոկտեմբերյանի Մարգարա գյուղից մայրաքաղաք եկած տիկին Գրետայի համար երեւույթը զարմանալի չէ, քանի որ իրենց գյուղում ամեն մի ապրանքի համար ամենաքիչը 50 դրամ ավելի են վճարում։ «Մեր գյուղում խանութներ շատ կան, բայց լրիվ էլ թանկ ու կրակ են: Մենք էլ ի՞նչ անենք` առնում ենք, որ չմեռնենք: Մեկ-մեկ էլ գնում ենք Արեւիկ գյուղից ենք առեւտուր անում: Էնտեղ ավելի էժան ա»,- ասում է գյուղացի կինն, ում ընկերուհին` տիկին Իսկուհին, փորձում է բացատրել այս իրավիճակից դուրս գալու իր առաջարկը: «Մեր գյուղը գտնվում ա Թուրքիային մոտ` հենց սահմանի վրա ենք: Եթե Թուրքիայի սահմանը բացեն, էդ դեպքում ապրանքները լավ կէժանանան»,- ասում է Մարգարայի բնակչուհին: