«Մենք մտահոգություն ունենք, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների ընթացքում Հայաստանի կողմից կարող են արվել այնպիսի քայլեր, որոնք առաջինը` կաշկանդեն Հայաստանի վաղվա հնարավորությունները իր իրավունքների պաշտպանության գծով, երկրորդը` հարցականի տակ առնեն ցեղասպանության հարցը, կամ մեկնաբանվեն որպես ցեղասպանության հարցը կասկածի տակ առնող»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Որպես Հայաստանի վաղվա հնարավորությունները կաշկանդող հանգամանք՝ նա համարում է այնպիսի մի փաստաթղթի ստորագրումը, որը կարձանագրի, թե Հայաստանը Թուրքիայից ոչ մի պահանջ, այդ թվում նաեւ` տարածքային, չունի: «Երկրորդ մտահոգությունը վերաբերում է, օրինակ` հանձնաժողովի, ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի (անկախ անունից) ստեղծմանը, եթե նույնիսկ այն կարող է ընդամենը մեկնաբանվել որպես ցեղասպանության հարցը կասկածի տակ առնող փաստ»,- պարզաբանեց Կ. Մանոյանը: Ըստ նրա, Թուրքիան միշտ որպես նախապայման է առաջ քաշել այդ երկու հարցերը, իսկ երրորդ նախապայմանը, որ վերաբերում էր ԼՂ հարցին, Կ. Մանոյանի խոսքերով՝ «կարծես թե որոշել է առայժմ որպես նախապայման առաջ չքաշել»: «Այս մոտեցումն է, որ հիմք է տալիս մեզ մտահոգվելու, որ մյուս երկուսի վրա է Թուրքիան շեշտը դրել»,- հայտարարեց Կ. Մանոյանը: Այն հարցին, թե Դաշնակցությունը իր այդ երկու մտահոգությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմե՞լ է Արտգործնախարարությանը, Կ. Մանոյանը պատասխանեց, որ դիմել են, եւ Արտգործնախարարությունից էլ պատասխան են ստացել: Այդ դեպքում հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը դուրս գա կոալիցիայից, եթե այդքան ինֆորմացված է եւ գիտի, թե իրադարձություններն ինչ ձեւով կարող են զարգանալ: «Եթե Ձեր համար մտահոգությունը կամ գերխնդիրն այն է, թե մենք կմնա՞նք կոալիցիայի մեջ, թե՞ ոչ, վստահեցնեմ, որ երեք օրը մեկ մենք այդ հարցը քննարկում ենք»,- պատասխանեց Կ. Մանոյանը: «Բայց խնդիրն այն չէ, թե մենք կոալիցիայի մեջ ենք, թե կոալիցիայից դուրս ենք, այլ այն, որ Հայաստանի համար հնարավորությունները չպետք է սահմանափակվեն: Եթե դրան կարող ենք հասնել կոալիցիայի մեջ մնալով, կմնանք կոալիցիայի մեջ, եթե դա կարող ենք անել կոալիցիայից դուրս, ուրեմն դուրս կգանք»,- շարունակեց նա: Իսկ եթե, այնուամենայնիվ, ստորագրվի մի փաստաթուղթ, որը սահմանափակի Հայաստանի` Կ. Մանոյանի նշած հնարավորությունները, այդ դեպքում Դաշնակցությունը դուրս կգա՞ կոալիցիայից: «Կտեսնենք»,- կարճ պատասխանեց Կ. Մանոյանը: Նա անդրադարձավ նաեւ ԱՄՆ նախագահի` Թուրքիա կատարելիք այցին, ինչպես նաեւ Թուրքիայի արտգործնախարարի` Հայաստան կատարելիք այցին` Հայոց ցեղասպանության ճանաչման լույսի ներքո: «Օբամայի Թուրքիա այցելությունը երկու մեկնաբանության տեղիք է տալիս: Մեկն այն է, որ Օբաման որոշել է «ցեղասպանություն» բառը չօգտագործել ապրիլի 24-ի ուղերձում: Մյուս մեկնաբանությունը, որի հետ ես համամիտ եմ, այն է, որ Օբաման որոշել է օգտագործել «ցեղասպանություն» բառը եւ մեկնում է Թուրքիա, որ մինչեւ ասելը սիրաշահի թուրքերին: Այլապես, կարծում եմ, մեծ վիրավորանք կլինի ամերիկահայության համար, եթե եւ՛ գնա Թուրքիա, եւ՛ «ցեղասպանություն» բառը չօգտագործի: Կա նաեւ երրորդ մեկնաբանություն. որ գնում է Թուրքիա` ասելու, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար պետք է քայլ արվի, իսկ Օբամայի այցելությունից հետո Բաբաջանը գալիս է Հայաստան եւ այստեղ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվում: Այս մոտեցմանն էլ անձնապես հիմք չեմ տեսնում, որովհետեւ կարծում եմ` այդքան արագ փաստաթղթի ստորագրում չի կարող լինել»: Կ. Մանոյանի կարծիքով՝ հայ-թուրքական համաձայնագիր կարող է ստորագրվել ապրիլի 24-ից հետո: Հիշեցնենք, որ ըստ թուրքական մամուլի՝ ապրիլին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարող է ձեռք բերվել համաձայնություն սահմանների վերաբացման վերաբերյալ: «Ընդհանրապես գոյություն ունեցող տեղեկություններից, Թուրքիայի նախագահի ու վարչապետի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այս տարի կարող է ինչ-որ համաձայնագիր ստորագրվել, եւ տպավորությունն այն է, որ դրա պատասխանատուն Թուրքիան է: Այդ պայմանագրի ստորագրությունը հավանական է երկու պատճառով: Մեկն այն, որ օգոստոսի պատերազմից հետո Թուրքիան տարածաշրջանում փորձում է ավելի շատ դերակատարություն ստանձնել եւ հասկացել է, որ առանց Հայաստանի հետ քիչ թե շատ նորմալ դիվանագիտական հարաբերությունների, առանց բաց սահմանների՝ այդ ազդեցությունը չի կարող տարածաշրջանում ունենալ: Երկրորդ պատճառը ցեղասպանության ճանաչման դեմն առնելն է: Եվ կարծում եմ, որ ապրիլի 24-ից առաջ, այսինքն՝ Բաբաջանի այցելության ժամանակ, չի ստորագրվի նման պայմանագիր, որովհետեւ Թուրքիայի խնդիրներից մեկն էլ սպառնալն է ԱՄՆ-ին, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն օգտագործի, ինքը Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի: Դրա համար սպասում է ապրիլի 24-ին, որից հետո կորոշի համաձայնագիր ստորագրել կամ չստորագրել: Բայց, որ 2009թ. նման փաստաթուղթ կարող է ստորագրվել, կարծում եմ՝ հավանականությունը մեծ է»,- հայտարարեց նա: Ըստ նրա` ակնկալիքը, որ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը, ռոմանտիզմի ոլորտից չէ, քանի որ թե՛ Օբաման է իր նախընտրական շրջանում խոստումներ տվել, թե՛ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու փոխնախագահ Ջոն Բայդենը երկար ժամանակ պայքարել են հայոց ցեղասպանության ճանաչման համար: Միաժամանակ նա նշեց երկու գործոն, որոնք կարող են ընդհանրապես խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը: «Թուրքիայի կողմից կիրառվող վերջին սպառնալիքն այն է, թե ցեղասպանության ճանաչումը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դժբախտաբար, այդ շանտաժին պաշտոնական Երեւանը համապատասխան արձագանք չի տալիս: Մեր նախագահն ու արտգործնախարարը ասել են, որ պաշտոնական Երեւանը երբեք չի ասել ու չի ասելու սփյուռքի կառույցներին ու որեւէ պետության` չճանաչել ցեղասպանությունը: Բայց մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանը հայտարարի, որ ցեղասպանության ճանաչումը չի խոչընդոտում հայ-թուրքական հարաբերություններին: Մյուս գործոնն այն է, որ Թուրքիան արդեն առաջարկում է ԱՄՆ-ին՝ Իրաքից դուրս գալ Թուրքիայի տարածքով»,- նշեց Կ. Մանոյանը: