Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի, ԱԱԾ մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կասեցվել է կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը տեւական ժամանակ Երեւան քաղաքում զբաղվել է առանձնապես խոշոր չափերի հասնող արտարժույթի անօրինական առուվաճառքով: Խմբի կազմում ներգրավված են եղել Երեւանի բնակիչներ Վ. Միքայելյանը, Կ. Զաքարյանը եւ Է. Գալստյանը, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն դերակատարությունն անօրինական գործունեության կազմակերպման եւ իրականացման հարցում: Խմբի անդամներն արտարժույթի փոխանակումներն իրականացրել են միայն նախնական պայմանավորվածությունների համաձայն: Վերջիններիս ծառայություններից օգտվել են հիմնականում Երեւանում եւ ՀՀ մարզերում գործող տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ: Նրանց ակտիվ աջակցություն են ցուցաբերել ՀՀ որոշ առեւտրային բանկերի աշխատակիցներ` շահեկան պայմաններով առանձնապես խոշոր չափի տարադրամ փոխանակելով, ինչպես նաեւ արտարժույթի կուրսերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն տրամադրելով: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: