«Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած «կաշառակեր» դասախոսների լուսանկարները պատերին փակցնելու վերջին ակցիան, ըստ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի` ագրեսիա է: Ըստ նրա` իշխանությանը հարող կուսակցության երիտասարդական թեւի այդպիսի քայլը իմիտացիա է:
«1991 թվականից մենք ապրում ենք պետության մեջ, որը կարծես թե ունի իր բոլոր կառույցները, իր բոլոր թեւերը: Թե ինչքանով են դրանք վատ աշխատում` էական չէ, բայց պետության մեջ հարցերը լուծվում են պետական կառույցների միջոցով եւ ոչ թե 1937թ. ոգով, երբ վերցնում են դասախոսների նկարները ու փակցնում պատերին` խախտելով մարդու բարոյական իրավունքները»,- ասել է Տ. Պասկեւիչյանը: Վերջինիս հավաստմամբ` այդ ցուցակում այնպիսի դասախոսներ են տեղ գտել, ովքեր «անբասիր» են, ինչն իրական կաշառակերների կողքին ներկայացնելն ընդունելի չէ: «Այստեղ ամեն ինչ ծրագրավորված էր, կա նպատակ, սոցիալական բողոքի հասունացման իրավիճակում ինչ-որ կերպ փորձ արվեց դասախոսներին ու ուսանողներին հավաքել իշխանության բռի մեջ: Հիմա սկսվել է մի մթնոլորտ, որտեղ բոլորը բոլորի վրա կասկածում են»,- նկատել է նա:
Իսկ վերլուծաբան Արծրուն Պեպանյանի համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե ակցիայի կազմակերպումն ով է հրահրել, քանի որ նա գտնում է, որ ավելի լավ է ունենալ ազատ ու ըմբոստացող, քան հլու-հնազանդ ու ենթարկվող երիտասարդություն: «Ենթադրենք, այս քայլը սրտաբուխ է, ու նրանք տեսնում են խնդիրներ ու ուզում են դրանք հաղթահարել: Բայց հարցերի հարցն է. այս քայլով ուզում են պատճա՞ռը վերացնել, թե՞ հետեւանքները: Հնարավոր է, որ այս դասախոսներն ինչ-ինչ պատճառներով զոհեր են, ու մեղավորը մեր հասարակությունն է, որ չի կարողանում այնպիսի համակարգ ստեղծել, որ դասախոսին աշխատավարձով հնարավոր լինի ապահովել, որ նա էլ կարիքից դրդված նման քայլերի չդիմի»,- ասել է նա: Սակայն Տ. Պասկեւիչյանը հակադարձել է` ասելով, թե այդ ակցիայով խախտվել է մարդու անմեղության կանխավարկածը, ու իշխանություններն այս առիթով պետք է երկու ուղղությամբ գործ հարուցեն: Առաջին` պետք է գործ հարուցել պարզելու համար՝ արդյո՞ք այդ դասախոսները կաշառակերներ են, իսկ երկրորդ` պետք է գործ հարուցել այն երիտասարդների նկատմամբ, ովքեր խախտել են դասախոսների անմեղության կանխավարկածը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` պետության գործընկեր հասարակական կազմակերպություններին տրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՄԻԱԿ-ին ՀՀ պետբյուջեից հատկացվել է 200 մլն դրամ` այդ ակցիան իրականացնելու համար: Հիշեցնենք, որ «Միասինը» ՄԻԱԿ-ի երիտասարդական կառույցն է:
Երեկվա ասուլիսում Տիգրան Պասկեւիչյանն ու Արծրուն Պեպանյանն անդրադարձել են նաեւ Հանրային խորհրդին: Տ. Պասկեւիչյանի գնահատմամբ` այդ խորհուրդը ձեւավորվել է` առաջնորդվելու համար «անել ամեն ինչ, որպեսզի ոչինչ չանել» սկզբունքով: «Հանրային խորհուրդը ստեղծվել է նրա համար, որ հասարակությունը մոտենա իշխանությանը, բայց ո՞նց կարող է հասարակությունը մոտենալ իշխանությանը, երբ քաջ գիտի, որ իշխանությունը կեղծել է իր ձայները»,- ասել է նա: Ըստ նրա` հասարակության ցավոտ խնդիրներից է այլընտրանքային լրատվամիջոց չունենալը, ու նա իր կողմից առաջարկեց հայ հասարակության համար այլընտրանքային լրատվական ծառայություն ստեղծել: Սակայն, ըստ նրա` իր առաջարկը չի ընդունվի Հանրային խորհրդի կողմից: