Ձուն ա արել

17/03/2009

Հանրապետության շրջանների մեծ մասում գիշերվանից տեղացած առատ ձյան հետեւանքով ձնածածկի բարձրությունը Ջերմուկում երեկ 74 սմ էր, Ամասիայում, Աշոցքում` 47 սմ, մնացած լեռնային շրջաններում՝ 15-30 սմ: Ըստ «Հայավտոճան» ընկերության տրամադրած տեղեկատվության, առատ տեղումների եւ քամու պատճառով երեկ փակ կամ դժվարանցանելի են եղել «Որոտանի», «Պուշկինի» եւ «Սելիմի» լեռնանցքերը: Սյունիքում առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածը: Երեկ Շուռնուխ-Չայզամի հատվածում մեքենաների խցանումներ են առաջացել: Մայրուղու Սիսիանի հատվածում մեքենաների երթեւեկությանը խանգարում էր նաեւ ցածր ջերմաստիճանի պատճառով ճանապարհին առաջացած մերկասառույցը: Երեկ դժվարանցանելի էր նաեւ մայրուղու Քաջարան-Մեղրու լեռնանցք հատվածը, որտեղ մեքենաների երթեւեկությունը դժվարանում է նաեւ մառախուղի պատճառով: Իսկ եղանակը այսօր դարձյալ տաք չի լինի, սակայն տեղումները կդադարեն: Այսօր ցերեկը, մարտի 18-19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ըստ «Հայպետհիդրոմետի», վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` -11 -16, ցերեկը` 0 +5, ցածրադիր մասերում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +6 +10, Լոռիում` գիշերը՝ -7 -12, ցերեկը` +5 +10, Տավուշում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +6 +11, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը` -1 -4, ցերեկը՝ +8 +11, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8 +13 , եւ նախալեռներում՝ գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +5 +10 աստիճանի սահմաններում: Երեւանում մարտի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +9 +11, երեկոյան կողմ` +2 +4 աստիճան: