Հրաժարական են պահանջել

14/03/2009

Նախօրեին, երեկոյան Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ակցիաներին մասնակցող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները քաղաքական եւ սոցիալական պահանջներ են ներկայացրել: Մոսկվայում բողոքի երթը պետք է անցկացվեր 19:00-ին, Տվերսկայա փողոցում, սակայն վերջին պահին կազմակերպիչները փոխել են հանդիպման վայրը, եւ, հավաքվելով Խաղաղության պողոտայում, շարժվել են դեպի քաղաքի կենտրոն: Հավաքված մոտ 300 ցուցարարները, հիմնականում՝ երիտասարդներ, պահանջել են նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրաժարականը: Ակցիայի մասնակից Նիկոլայ Լեսկինը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ երիտասարդներից շատերը շուտով դուրս կգան փողոցներ: «Արդեն բոլորն են տեսնում, որ երկրում սոցիալական իրավիճակը վատանում է, որ մարդու իրավունքները ոտնահարվում են, որ քաղբանտարկյալների թիվը գնալով աճում է»,- ասել է նա: Իսկ բողոքի ակցիաները կազմակերպել էր «Դռուգայա Ռոսիա» դաշինքը: Երթերը արտոնված չեն եղել իշխանությունների կողմից, եւ կազմակերպիչները ամեն ինչ արել են հնարավոր ձերբակալություններից խուսափելու համար: Ոստիկանները, որոնք նախօրեին խոստացել էին խոչընդոտել բողոքի ակցիաների անցկացմանը, ձերբակալել էին մի քանի մարդու, այդ թվում` լրագրողների: