Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության, խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 11-րդ հատկացման հայտը եւ կից փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է ամփոփ հաշվետվությունը, եռամսյակային ֆինանսական եւ տարեկան հաշվետվությունները, հատկացման նախապայմանների հաշվետվությունը, աշխատանքային պլանը, գնումների կատարման հաշվետվությունը եւ գնումների պլանը: «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 11-րդ հայտով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (2009թ. ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 7 մլն 993 հազար 939 ԱՄՆ դոլարի չափով: Ըստ նրա, եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 8 մլն 128 հազար 289 ԱՄՆ դոլար: Վերջինիս ներկայացմամբ, 11-րդ հատկացման հայտով նախատեսված ծախսերը կուղղվեն գյուղական ճանապարհների վերականգնում (շուրջ 4.3 հազար ԱՄՆ դոլար), ոռոգվող գյուղատնտեսություն (շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ՝ մոնիտորինգ եւ գնահատում, ծրագրի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է նաեւ, որ գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին մինչ այժմ ծախսվել է 12 մլն 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մնացած գումարն օգտագործելով, կշարունակվեն ճանապարհաշինության առաջին փաթեթով նախատեսված աշխատանքները: Նախատեսվում է, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ կառավարության գումարներն ամբողջապես օգտագործելուց հետո, լրացուցիչ հայտ կներկայացվի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ճանապարհաշինության աշխատանքները շարունակելու համար ֆինանսավորում ստանալու նպատակով։ Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ` մարտի 11-ին, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում որոշում է ընդունվել սառեցված պահել Հայաստանի գյուղական ճանապարհների կառուցման ֆինանսավորումը` Հայաստանի կառավարությանը հնարավորություն տալով սեփական միջոցներով ֆինանսավորել այն: Տնօրենների խորհուրդը իր այս որոշումը պայմանավորել է Հայաստանում ժողովրդավարության եւ կառավարման արդյունավետության «ոչ բավարար վիճակով»` հույս հայտնելով, որ «Հայաստանի կառավարությունը կվերականգնի իր հանձնառությունների նկատմամբ` Տնօրենների խորհրդի հավատը»: Իսկ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մինչեւ այս տարվա հունիս ամիսը: