Թող սկսեն ուժային կառույցներից

14/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Այս պահին այդ կարգավիճակին չեմ հավակնում, բայց եթե գործընկերներս դա նպատակահարմար համարեն, խնդիր չեմ տեսնում, պատասխանատվությունից չեմ խուսափում»,- երեկ հայտարարեց «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն իրեն տեսնո՞ւմ է Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միասնական կամ առանձին գնալու դեպքում` «Ժառանգության» ցուցակի առաջին համարում: Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդդիմության մասնակցության ձեւի վերաբերյալ հարցերը դեռեւս ճշտվում են եւ մինչեւ շաբաթվա վերջ, այսինքն` մինչեւ այս կիրակի մանրամասները հայտնի կդառնան: «Հայ Ազգային կոնգրեսի մեր գործընկերների հետ քննարկումը դեռեւս շարունակվում է: Բոլոր հայտնի ու հանրության կողմից ընդունված անձնավորությունների` ցուցակում լինելը (ինչպես առաջին համարում, այնպես էլ մյուս հորիզոնականներում) քննարկվում է»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: Այն հարցին, թե արդյո՞ք լրջորեն քննարկվում է ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով գնալը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ եթե այդ տարբերակով ընտրություններին մասնակցելը քիչ հավանական լիներ, ապա քննարկումներ ընդհանրապես չէին էլ լինի: Նա համաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ եթե Տարոն Մարգարյանը լիներ ՀՀԿ ցուցակի առաջին համարում, իշխանության` առանց կեղծիքների հաղթելու հավանականությունը ավելի մեծ կլիներ: «Հաշվի առնելով Տարոն Մարգարյանի անձը` ՀՀԿ-ն չփորձեց նրան քաղաքապետի թեկնածու դարձնել, քանի որ քաղաքապետը, անկախ նրանից, թե ինչպես է ընտրվում, մեծ լծակներ է ձեռք բերում, որին վերահսկելը իշխանությունների համար շատ կարեւոր է: Իշխանությունների համար շատ հեշտ կլինի վերահսկել Գագիկ Բեգլարյանին: Իշխանությունների մեսիջը հիմա այն է, որ իրենք անելու են այնպիսի ընտրություններ, ինչպես արել են մինչ այժմ: Ամեն դեպքում շատ ավելի ռեալ է ընդդիմության, առավել եւս` միասնական ընդդիմության հաղթանակը, եթե իշխանությունները կեղծիքների ծավալը գոնե 20 տոկոսով նվազեցնեն»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:

Նա անդրադարձավ նաեւ իշխանությունների ստեղծած «Միասին» շարժման երիտասարդների կողմից իբր կաշառակեր դասախոսներին բացահայտելու ակցիային: «Շատ ուրախ եմ, որ Ոստիկանությունը չի կարողացել գիշերը տեսնել, թե ովքեր են կպցնողները: Նույն հաջողությամբ կարող էին պողոտայի շենքերի վրա տարբեր իրեր կպցնել, նաեւ, ասենք, պայթուցիկ նյութեր»,- հեգնեց Ա. Մարտիրոսյանը` հավելելով, որ երբ ընդդիմադիր երիտասարդներն էին հանրահավաքներն ազդարարող թռուցիկներ կպցնում, ինչն արգելված չէ օրենքով, ոստիկանները շատ օպերատիվ էին աշխատում բերման ենթարկելու առումով: «Այդ երկակի ստանդարտների կիրառումը անմիջապես աչքի էր ընկնում: Իսկ ընդհանրապես այդ կարգի իմիտացիոն գործընթացներ ու կիսահղի վիճակներ ես չեմ ընդունում: Եթե իսկապես ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, պետք է սկսեն հենց ուժային կառույցներից, ոչ թե բուհերից»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը: «Ցանկացած դասախոս, պաշտոնատար անձ անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի ապացուցել այդ մարդկանց մեղքը: Սա չի նշանակում, որ բուհերում կոռուպցիա չկա, ու, որ փակցված նկարների մեջ կաշառակերներ չեն եղել, բայց պատկերավոր ասած` խոշոր շնաձկներին թողել, մանր ձկնիկների հետեւից են ընկել»,- ասաց նա` հավելելով, որ իշխանական կուսակցությունների ղեկավար մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող ու իսկապես հայտնի ոչ մի կաշառակեր այդ նկարների մեջ չի եղել: Ա. Մարտիրոսյանը անդրադարձավ նաեւ վարչապետի հրաժարականի մասին մամուլի հրապարակումներին: «Ես չփորձեմ ավելին ասել, քան ասաց վարչապետը երեկ մեզ հետ հանդիպման ժամանակ, որ այդ լուրերը ստահոդ են, բայց ես կարծում եմ` հին հայկական ասացվածքը, թե՝ «ծուխն առանց կրակ չի լինում», ուժի մեջ է: Իսկ ընդհանրապես վարչապետի հրաժարականը կամ այդ պաշտոնում մեկ ուրիշին նշանակելը ոչինչ էլ չի փոխի»,- պատասխանեց նա: Ըստ նրա՝ անհրաժեշտ է փոխել համակարգը, եւ ոչ մի նշանակություն չունի վարչապետի անձն ու այն, թե քանի ուժ են կոալիցիա կազմում: