Կոռուպցիայի դեմ զրպարտությամբ չեն պայքարում

14/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դեռ երեքշաբթի երեկոյան Երեւանի մի շարք փողոցներում լուսանկարների անվճար «ցուցահանդես» էր բացվել:

Ու թեպետ լուսանկարներն աղոտ ու խամրած էին, բայց այցելուների թիվը քիչ չէր:

Սրա պատճառն անգամ լուսանկարների վրա պատկերված բրոնզե նկարակալները չէին, այլ հայկական մի քանի բուհերի դասախոսներ, որոնց կաշառակեր են համարել «Միասին» երիտասարդական շարժման անդամները` իբրեւ թե իրենց էլեկտրոնային հասցեին ստացած նամակների արդյունքում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն ասում են, որ իրենք դեռ չորս ամիս առաջ են զգուշացրել դասախոսներին։ «Մենք պաստառներ էինք փակցրել փողոցներում, որտեղ Ալիեւի նկարի տակ գրել էինք. զգուշացիր, դասախոս, այստեղ կարող է լինել քո նկարը: Ու մենք սկսեցինք հարցումներ անել: Չորս ամսվա ընթացքում ստացանք նամակներ` եւ անանուն, եւ անվանական, բացի այդ՝ սոցիոլոգիական հարցումներ էլ ենք արել,- ասում է «Միասին» երիտասարդական շարժման անդամներից Հայկը, ով հերքեց բոլոր այն լուրերը, թե իբր իրենք առանց փաստերի են աշխատել` մեջբերելով երիտասարդական շարժման մեթոդները, համաձայն որոնց՝ իրենք գործում են։ -Սա պարսավանքի մեթոդն է, որով էլ պայքարում ենք կոռուպցիայի դեմ»: Իսկ թե ինչո՞ւ են իրենց հարցումների արդյունքում ընդամենը երեք բուհի դասախոսներ ընդգրկվել, «Միասին» երիտասարդական շարժման անդամ Հայկը պատասխանում է. «Էլի դասախոսներ կային, բայց մենք ամենակաշառակերների անունները հրապարակեցինք: Առաջիկայում լինելու են նաեւ մյուս բուհերի դասախոսների անուններ: Եթե էս անգամ երեք բուհ ենք նշել, դա չի նշանակում, թե միայն էդտեղ կա կաշառակերություն: Հակառակը` ԵՊՀ-ն ամենաքիչ կոռումպացվածն ա»։ Նա ավելացնում է, որ իրենք ամեն ինչ կասեն մամուլի ասուլիսի ժամանակ, որը նախատեսվում է մի քանի օրից, իսկ բարձրացած աղմուկը, ըստ վերջինիս, ակնկալվում էր` անգամ իրենք ավելի մեծ աղմուկի էին սպասում։

Իսկ դասախոսներից ոմանք ասում են, որ իրենց կաշառակեր լինելու մասին իմացել են միայն վերջերս: ԵՊՀ դասախոս Լիպարիտ Տեփոյանն, օրինակ, իմացել է դասախոսության ընթացքում, երբ ուսանողներից ինչ-որ մեկը լուսանկար է տվել իրեն։ «Ես սկզբից չգիտեի, թե դա ինչ լուսանկար է` ծալեցի, դրեցի գրպանս: Դասամիջոցին կարդացի: 20 տարի է` դաս եմ տալիս: Այսպիսի երեւույթի առաջին անգամ եմ բախվում»,- ասում է Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դասախոսը, ով մի տարի առաջ էր վերադարձել Գերմանիայից, ուր մեկնել էր գերմանացիների ֆինանսավորմամբ։ «Ես զբաղվում եմ գիտական գործունեությամբ: ՈՒ ապրուստս հոգալու համար էլ դիմորդներ եմ պարապում,- ավելացնում է կաշառակերների ցուցակում հայտնված դասախոսը` առաջարկելով,- Մեծ ձկներին թողած, ընկել են փոքր ձկների հետեւից»: Նույն ամբիոնի դասախոս Առաքել Թասլաքյանը խուսափելով հարցերից` պատասխանեց, որ ինքը շատ անտարբեր է այդ երեւույթի նկատմամբ: Սակայն, այնուամենայնիվ, նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարող է այդ նամակները կարդալ. «Օրինակ, ես կարող եմ այդ նամակները կարդալ: Չէ՞: Բա էդ ո՞նց են անում: Թող իրենց ինտերնետային հասցեում գրեն»: Իրավաբանության ֆակուլտետի դասախոսները եւս տրամադիր չէին հարցերին պատասխանելու` ասելով. «ՈՒղտը չի ապացուցում, որ ինքը ուղտ ա: Ծիծաղելի չի՞ լինի, եթե հիմա ապացուցենք, որ մենք կաշառակեր չենք: Եվ ընդհանրապես, այդ մասին հարցրեք մեր ուսանողներից: Նրանք կասեն ճիշտը»: Նրանք նաեւ ասացին, որ դեռ լուսանկարների հրապարակման հաջորդ օրը բանասիրության ֆակուլտետի ուսանողները պատրաստվում էին բողոքի ցույց կազմակերպել: Սակայն իրենք դա կանխեցին, քանի որ հասկանալի է, թե ինչպես են հայտնվել այդ շարքում. «Ում լուսանկարը մատչելի էր, նրան էլ ընտրել են»։ Նրանք զարմացած չէին, որ լուսանկարները գուցե վերցրել են հենց իրենց գրքերից: Դասախոսները հավատացած են, որ կազմակերպված միջոցառումն ավելի շատ ուղղված է իրենց բուհի դեմ, եւ այսօր խնդիրը վարկանիշը բարձր պահելն է: Երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ կատարվածը որակելով՝ որպես բացարձակ զրպարտություն, որը որեւէ իրավական հիմք չունի. «Այդ մարդկանց գլխավոր հոգսը կոռուպցիայի դեմ պայքարելը չէ: Կոռուպցիայի դեմ պայքարողը շոուներով, թատերական ներկայացումներով չի պայքարում»: Ըստ նրա` կոռուպցիայի ամենամեծ ոլորտը կրթականը չէ, իսկ կոռուպցիան սկսվեց, երբ նախամարդն իջավ ծառից. «Կոռուպցիան նման է քաղցկեղին` բուժել չի լինում, բայց փոքրացնել հնարավոր է,- ասում է Արամ Սիմոնյանը` ընդգծելով,- Հեռու եմ այն մտքից, որ այդ շարժման մասնակիցները կապ ունեն քաղաքական որեւէ թեւի կամ մարմնի հետ»: Իսկ ի՞նչ են անելու իրենք այդ շոուին վերջ տալու համար. այս հարցին ի պատասխան՝ պարոն Սիմոնյանն ասաց, որ բուհի ղեկավարությունը որեւէ քայլ չի կարող անել. «Մենք չենք կարող լինել զրպարտության համար հայցվոր, դա պետք է անեն դասախոսները, քանի որ իրենց է ուղղված»: Իսկ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի` ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանն էլ կարծում է, որ կատարվածը զրպարտություն է։ «Չէր կարելի առանց հիմնավորման անվանարկել մարդկանց,- «Տեսակետ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պարոն Սուվարյանը` նշելով կոռուպցիայի կարեւորագույն պատճառները,- Կա երկու պատճառ. առաջինը` կաշառք տվողն ու ստացողն է, երկրորդը` հասարակության հանդուրժողականությունը»: Երկու ռեկտորների կարծիքով` այս պարագայում իրենց պետք է օգնի հասարակությունը, որը հենց նույն օրը պետք է պատռեր բոլոր լուսանկարները: