Սուրենի կյանքն արժե մեկուկես միլիոն դրամ

14/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Զեփյուռ Մալխասյանի ամուսինը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կամավոր մեկնեց Քելբաջար, սակայն ճանապարհին ենթարկվելով ավտովթարի` տեղում մահացավ:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի բնակիչ տիկին Զեփյուռը հաղթահարելով այդ ժամանակների բոլոր զրկանքները՝ միայնակ երկու որդի մեծացրեց: Ավագ որդուն` Գեւորգին, 2001թ. զորակոչեցին բանակ եւ, որպես միակողմանի ծնողազուրկ, նա զինծառայության ուղարկվեց Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամաս: Ծառայության երրորդ ամսում, սակայն, ըստ տիկին Զեփյուռի` «Դեւ» մականունով զորամասի հրամանատարը Գեւորգին դաժան ծեծի ենթարկեց, ինչի հետեւանքով երիտասարդ տղայի մոտ գլխի հատվածում սոսկալի ցավեր առաջացան: Մայրն ասում է` «Առանց պատճառի էնքան էր ծեծել, որ տղայիս մոտ աստիճանաբար տարօրինակություններ առաջացան: Ծառայության ժամանակ սկսել էր աչքին տեսիլքներ երեւալ, ձայներ լսել: Էդ կամանդիր Գրիգորյանը՝ տեսնելով, որ Գեւորգս սթրեսների մեջ ա, ձեռքից գնում ա` ուղարկեց տուն»: Զարմանալին այն է, որ ծեծի ենթարկված եւ հոգեկան խանգարում ստացած զինվորի հետ կատարվածը կոծկելու համար «Դեւ» մականունով հրամանատարը Գեւորգին հոսպիտալ ուղարկելու փոխարեն` նրան այդ վիճակում ճանապարհել է տուն: Ծանր ապրումների մեջ հայտնված Գեւորգի մայրն ասում է` «Տեսանք, որ էլ հնարավոր չի, աստիճանաբար ագրեսիվ ա դառնում, ձայներ ա լսում, տարօրինակ բաներ ա անում` տարանք Երեւանի «Կանազի» հոսպիտալ: Պարզվեց՝ գլխի, ականջի կոնքային մասի ծանր հարվածներից վնասվել է գլխուղեղը: Մոտ 2-3 ամիս բուժվելուց հետո արդեն որպես ծառայության համար ոչ պիտանի՝ Գեւորգիս ազատեցին զինծառայությունից»: Բանակ ճանապարհած առողջ որդուն տիկին Զեփյուռը տուն տարավ՝ որպես անժամկետ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող հոգեկան հիվանդի: Մինչ օրս 27-ամյա Գեւորգը գտնվում է հոգեբուժական դիսպանսեր հսկողության տակ եւ հանգիստ է միայն ամեն օր ընդունվող հոգեմետ դեղորայքի շնորհիվ: Գեւորգը պարբերաբար բուժվում է «Նորքի», ինչպես նաեւ՝ «Սեւանի» հոգեբուժարաններում: Ինչեւէ, Գեւորգի հաշմանդամության պատճառ դարձած հրամանատարը պատասխանատվության ենթարկվեց այնքանով, որ Վարդենիսի զորամասից տեղափոխվեց Գյումրու զորամաս: Մինչդեռ, տիկին Զեփյուռի հավաստմամբ` հոսպիտալում դատական բժիշկ է հրավիրվել, ահազանգել են Ռազմական ոստիկանություն, այնուհետեւ հանցագործությունը բացահայտվել է եւ դատական ատյաններով ապացուցվել է «Դեւի» կողմից Գեւորգին խոշտանգելու փաստը: Ասում է` «Ես չկարողացա մասնակցել դատավարությանը՝ Գեւորգին խնամելու պատճառով: Էդ պահին իմ որդու առողջությանը հետեւելուց ավելի կարեւոր բան ինձ համար չկար: Բայց, փաստորեն, «Դեւին» դատարանը պատասխանատվության ենթարկեց ընդամենը Վարդենիսի զորամասից հեռացնելով: Հասկանո՞ւմ եք, նա գոնե ինձնից ներողություն էլ չխնդրեց որդուս հոգեկան հիվանդ դարձնելու համար կամ չայցելեց հոսպիտալ: Ես մեծ դժվարություններով, միայնակ տղա եմ մեծացրել, ուղարկել բանակ, բայց ստացել եմ հոգեկան հիվանդ երեխա: Նախարարությունում էլ գիտեն այս դեպքի մասին, նույնիսկ Միքայել Գրիգորյանն ա իր մոտ կանչել ինձ եւ բոլոր փաստերով ապացուցվել ա նրա մեղքը»:

Տիկին Զեփյուռը եկել էր խմբագրություն` խնդրելու միջամտել մյուս որդու` Սուրենի կյանքը փրկելու հարցում: Ասում է` «Ինձ ճի՛շտ հասկացեք, Սուրենս մեր միակ հույսն ա, եթե իրան չկարողացան օգնել` մենք ընտանիքով կորած ենք: Ես չեմ բողոքում, խնդրում եմ, որ մեզ օգնեն»: Վարդենիսի ոսկու հանքի բանվոր, տան միակ աշխատող 24-ամյա Սուրենը հունվարի 8-ին աշխատանքի ժամանակ կորցրել է գիտակցությունն, ու նրան մի կերպ տուն են հասցրել: Առողջապահական հաստատություններում մանրակրկիտ զննության ենթարկվելուց հետո պարզվել է, որ Սուրենն ի ծնե սրտի արատ ունի: Հետաքրքիրն այն է, որ ի ծնե սրտի հիվանդություն ունեցող այս երիտասարդին տարիներ առաջ նույնպես զորակոչել են բանակ, իսկ զինվորական բժշկական հանձնաժողովն, այդուհանդերձ, վերջինիս մոտ հայտնաբերել է թոքային խնդիր: Սուրենն ասում է` «Ծառայության ժամանակ հետազոտելու ընթացքում թոքի պրոբլեմ գտան ու ինձ ուղարկեցին Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսեր: Մի քանի օր պառկացնելուց հետո հետ ուղարկեցին ծառայության»: Սուրենը երկու տարի ծառայել է` չիմանալով, որ իրականում իր մոտ ոչ թե թոքային, այլ սրտի հիվանդություն են հայտնաբերել: Ամիսներ առաջ աշխատանքի ժամանակ վատանալու արդյունքում եկել են Երեւան` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Մի քանի հիվանդանոցներում կատարված հետազոտությունների արդյունքում հաստատվել է Սուրենի հիվանդությունը` միջնապատային նախասրտի դեֆեկտ: Բժիշկների գնահատմամբ` Գեւորգն անհապաղ վիրահատության է ենթակա, քանի որ վիրահատության ձգձգումը հետագա բարդացումների պատճառ է դառնում: «Նորք-Մարաշ» բուժկենտրոնից տիկին Զեփյուռին տեղեկացրել են, որ վիրահատության ընդհանուր արժեքը կազմում է 1մլն 500.000 դրամ: Զեյթունի Սրտաբանական կենտրոնից էլ այս վիրահատության համար 2 մլն դրամ են պահանջել: «Շահեն Խաչատրյանն ասեց՝ որպես ծնողազուրկ՝ 200.000 կիջնենք, զեղչ կանենք: Նա ասեց, որ անհապաղ վիրահատություն ա պետք, որովհետեւ վիճակս վատանում ա»,- վստահեցնում է Սուրենը: Վարդենիսի ոսկու հանքում բանվորություն անող Սուրենի ընտանիքը գոյատեւում էր նրա աշխատավարձով եւ եղբոր հաշմանդամության թոշակով: Տիկին Զեփյուռն ասում է` «Տան միակ աշխատողը Սուրենն էր, բայց նա հիմա ի վիճակի չէ, չի կարելի ծանրություն: Մեր սոցիալական վիճակը շատ վատ ա: Հազիվ գոյատեւում էինք Սուրենի աշխատավարձով, իսկ հիմա ոչ կարա աշխատի, ոչ էլ կարում ենք փող ճարենք վիրահատության համար»: Տիկին Զեփյուռը որդուն պետպատվերի շրջանակներում վիրահատելու խնդրանքով դիմել է ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, սակայն ստացել է բացասական պատասխան: «Նրա տեղակալն առաջարկեց հիվանդանոցի հետ պայմանագիր կնքել, ըստ որի` 1,5 տարում մենք կմարենք այդ գումարը, բայց մենք եկամտի աղբյուր չունենք, չենք կարա էդ ռիսկին գնալ,- ասում է տիկին Զեփյուռն` անընդհատ կրկնելով,- ես չեմ բողոքում, հասկանում եմ, որ թանկ վիրահատություն ա, ուղղակի ձեր թերթի միջոցով խնդրում եմ մեզ օգնել: Իմ տղայի կյանքը կախված է բարի մարդկանցից»:

Մենք զանգահարեցինք Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, ով մշտապես արձագանքում է եւ հետեւողականորեն կազմակերպում է «168 Ժամում» տպագրված առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց բուժման հարցերը: Գ. Սայադյանը մեզ բացատրեց, որ այս ընտանիքի պետպատվերի հարցը չի լուծվել, քանի որ ըստ օրենքի` Զեփյուռ Մալխասյանի ընտանիքը նպաստառու չէ, հետեւաբար հաղթահարված չէ օրենքով սահմանված կարգով աղքատության այն շեմը, որը թույլ է տալիս պետպատվերի շրջանակներում վիրահատություն կատարել: Մենք խնդրեցինք՝ որպես բարի կամքի դրսեւորում՝ այս թանկ վիրահատության համար աջակցել Սուրենի կյանքը փրկելուն: «Մենք ունենք պետականորեն հաստատված կարգ, ըստ որի` նախարարությունը կարող է 300.000 դրամ հատկացնել վիրահատության համար: Մենք դա կանենք»,- խոստացավ Գ. Սայադյանը: Նրան նաեւ խնդրեցինք «բանակցել» «Նորք-Մարաշ» բուժկենտրոնի ղեկավարության հետ` Սուրենի վիրահատության հարցում բարի կամք դրսեւորելու համար: Մեր թերթի հաջորդ համարներից մեկում կտեղեկացնենք, թե ով երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար ձեռք մեկնեց: