Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը աճուրդի է հանել «Բորժոմի» հանքային ջրի բնական հանքերը, որոնց մեկնարկային գինը սկսվելու է 8 մլն դոլարից։ Աճուրդը կայանալու է մեկ շաբաթ անց, թեեւ այժմ էլ կարելի է վստահ լինել, որ այն մեծ սկանդալի սկիզբ է դառնալու, քանի որ հանքերի սեփականատերերը բնավ էլ չեն ցանկանում վաճառել իրենց բիզնեսը։ Հանքերը իրականում պատկանում են հանգուցյալ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի ու վտարանդու կարգավիճակ ունեցող ռուս միլիարդատեր Բորիս Բերեզովսկու հիմնած «Salford Capital Parthners Inc» ընկերությանը, որի գործադիր տնօրենը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պարզապես ուզում է իրենցից խլել այդ հանքերը։ Բորժոմիի հետ կապված կրքերը էլ ավելի թեժացան, երբ վրացիներին պարզ դարձավ, որ հանքերի ամենահավանական գնորդը ռուսական «Վիմ Բիլ Դան» ընկերությունն է, որն իր ոչ ալկոհոլային խմիչքներով մի քանի տարի առաջ մուտք է գործել Վրաստանի շուկա։ Բորժոմիի վաճառքին դեմ է նաեւ վրացական ընդդիմությունը, որը հայտարարել է, որ չի կարելի «ստրատեգիական նշանակություն ունեցող ռեսուրսներն ու օբյեկտները» արտասահմանցիներին զիջել։ Ընդդիմությունը Միխայիլ Սահակաշվիլիին «դավաճան» է անվանել։ Թեեւ ներկայիս դժվար պայմաններում հենց «Վիմ Բիլ Դանը» կարող է «Բորժոմի» հանքային ջուրը կրկին ռուսական շուկա վերադարձնել, քանի որ 2006 թվականին Ռուսաստանն արգելել էր վրացական գինիների ու հանքային ջրերի ներկրումը դեպի իր տարածք։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում տնտեսական ճգնաժամի պատճառով «Բորժոմիի» արտահանումը նվազել է 30-40%, ինչի արդյունքում հանքային ջուր արտադրող ընկերությունը 25 մլն դոլարի վնաս էր կրել։ Եվ այժմ Վրաստանում բախվում են տնտեսական շահավետությունն ու հայրենասիրությունը։