Զգուշացիր ծարավից

14/03/2009

Անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել ջրային ռեսուրսների անբավարարության հետ կապված գլոբալ ճգնաժամից խուսափելու համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի «Ջուրը փոփոխվող աշխարհում» երրորդ զեկույցում, որը հինգշաբթի օրը ներկայացվել է Նյու Յորքում կազմակերպության կենտրոնակայանում: Զեկույցից «պարզ է դառնում շտապ գործողությունների անհրաժեշտությունը, եթե մենք ցանկանում ենք խուսափել ջրի գլոբալ ճգնաժամից», ինչպես փաստաթղթի նախաբանում գրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրան: Նրա խոսքով` «չնայած մարդկային կյանքի բոլոր կողմերի համար ջրի անհրաժեշտությանը, այդ ոլորտը տուժում է քաղաքական գործիչների ուշադրության քրոնիկական անբավարարությունից, վատ կառավարումից եւ ներդրումների բացակայությունից»: «Բնակչության աճը, սպառման ավելացումը եւ կլիմայի փոփոխությունը այն գործոններն են, որոնք սպառնում են էլ ավելի սրել այդ հիմնախնդիրները»,- նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը: Զեկույցում բերված տվյալների համաձայն` 2030 թվականին աշխարհի բնակչության 47 տոկոսն ապրելու է ջրային ռեսուրսների վրա մեծ բեռնվածության շրջաններում: