ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթասկզբին վավերացրել է 2009 թվականի ֆինանսական տարվա արտաքին հատկացումների փաթեթը, որի համաձայն՝ Հայաստանը կստանա 48 միլիոն դոլար, Լեռնային Ղարաբաղը` 8 միլիոն: Այդ մասին տեղեկացնում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի Արտաքին գործառույթների ենթահանձնաժողովի նախագահ տիկին Նիթա Լոուին եւ Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ պարոն Փաթրիք Լիհիին, ովքեր ըմբռնել են ամերիկահայերի մտահոգությունները եւ պնդել են ռազմական աջակցության հարցում հավասարության ապահովման կարեւորությունը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը, կրկնապատկել են Հայաստանի համար նախագահ Բուշի առաջարկած 24 միլիոն դոլարի գումարը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հայ դատի գրասենյակը միաժամանակ նշում է, որ թեեւ 48 միլիոն դոլարը նախկին նախագահի օրոք առաջարկվածի կրկնապատիկն է, այնուամենայնիվ, 10 միլիոնով քիչ է 2008-ի ֆինանսական տարում հատկացվածից եւ 22 միլիոնով քիչ է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջարկած 70 միլիոնից: Արտաքին հատկացումների ռազմական աջակցության առումով 2009-ի փաթեթում Հայաստանը եւ Ադրբեջանը կստանան հավասար գումար` 3-ական միլիոն դոլար: