ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին անցած չորս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար։ Ռեւազ Գաչեչիլաձեն նշել է, որ իր դիվանագիտական գործունեության շրջանում առիթ է ունեցել ուշի-ուշով հետեւելու վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, այդ տեսանկյունից դիտելու նաեւ Վրաստանում ընթացող զարգացումները, ինչը, ըստ նրա, օգնել է իրեն որոշակի փորձ կուտակելու ինչպես երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերի շուրջ։