«Անիմաստ, անբովանդակ հայտարարություններ են»,- մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե գերադասելի էր դրամը արժեզրկել միանգամից եւ ոչ թե աստիճանաբար: «Նախ եւ առաջ՝ նշեմ, որ 2008թ. գնաճը մեզանում շուրջ 10 տոկոս էր, փոխարժեքը կայուն էին պահում, մինչդեռ նմանատիպ գնաճի պարագայում փոխարժեքի սահուն արժեզրկումը եւ՛ բնակչության, եւ՛ տնտեսվարող սուբյեկտների համար ավելի ընկալելի կլիներ: Երկրորդ` սահուն փոփոխությունների դեպքում բոլոր մասնակիցների համար էլ դաշտը ավելի կանխատեսելի է դառնում, որի պարագայում նրանք ավելի հաստատուն ու երկարատեւ ծրագրեր կարող են մշակել: Մինչդեռ շոկը բոլորի համար էլ` սովորական սպառողից սկսած՝ մինչեւ տնտեսավարող սուբյեկտներ, շիվարածություն է առաջացնում: Շոկը ամեն դեպքում հարված է,- ասում է Բ. Ասատրյանը` շարունակելով,- Երրորդ` ակնհայտ է, որ եթե 2008թ. վերջին դրամը ինչ-որ չափով արժեզրկվեր, դա զսպելու էր ներմուծման աճը` բարելավելով արտահանողների վիճակը, եւ մենք չէինք ունենա ներմուծման ու արտահանման այս աստիճան մեծ տարբերություն»: Նա նաեւ նշեց, որ անհասկանալի են այն հայտարարությունները, թե մենք անցել ենք արտարժույթի լողացող փոխարժեքի, քանի որ, ըստ Բ. Ասատրյանի՝ Հայաստանի ԿԲ-ն հենց 1993-ից լողացող կուրսի քաղաքականություն է իրականացրել: «Ակնհայտորեն կար 1993-ից ԿԲ-ի որդեգրված լողացող կուրսի քաղաքականության շեղում: Երբ մենք խոսում էինք այդ մասին, պաշտոնական պատասխանն այն էր, թե չկա այդպիսի բան, թե դուք չարախոսներ եք: Իհարկե, ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը եւս ձեւերից մեկն է, բայց դա միայն մեկ միջոցառումով չպետք է լինի, ֆիքսված փոխարժեքը ենթադրում է ինչ-որ միջոցառումների համալիր, այդ թվում նաեւ՝ արտարժույթի տնօրինման որոշակի նորմատիվների սահմանում: Այսինքն` եթե այդ քաղաքանությունն ենք որդեգրում, ապա պետք է գնայինք ընդհանրապես արժութային քաղաքականության փոփոխության: Բայց այս պարագայում հայտնի չէ` ինչպե՞ս է կուրսը կայուն պահելու վճիռ կայացվել, ո՞վ է դա որոշել: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ քաղաքական հրահանգ է եղել բոլոր մարմիններին: ԿԲ-ն մոռացել է, որ ինքը անկախ է, էլ չեմ ասում, որ ցանկացած քաղաքացի էլ այսօր կասի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգից էին իշխանությունները վախենում, դրա համար էլ կուրսը մինչ այդ չէին փոխում: Դրա համար էլ վատնվել էին մեր սերունդների փողերը, որովհետեւ պահուստը դա այն է, ինչ մենք ժառանգում ենք»,- ասաց Բ. Ասատրյանը: Նա նաեւ չբացառեց, որ իշխանությունները կարող էին ճգնաժամի սրության եւ տեւողության վերաբերյալ իրենց հաշվարկներում սխալված լինել: «Կարծում եմ՝ ընդհանրապես անտեսել էին ստվերային հոսքերը: Օրինակ, Ռուսաստանից զգալի չափով ստվերային ֆինանսական հոսքեր կային, որոնք նախ եւ առաջ ուղղվում էին շինարարության ոլորտ: Եվ այնպես, ինչպես չէր արձանագրվում դրանց մտնելը, այդպես էլ սխալ են գնահատել դրանց նվազման ծավալները»,- ասում է Բ. Ասատրյանը: Նա չի կիսում այն տեսակետը, ըստ որի՝ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) եւ Ռուսաստանից ստացվելիք շուրջ 1.5 մլրդ դոլար ծավալով վարկերի հաշվին իշխանություններին կհաջողվի ապահովել դրամի կայուն փոխարժեք: «Նախ նշեմ, որ Ռուսաստանը մտադրությունների մասին է միայն հայտնել: Ե՞րբ է ստացվելու այդ վարկը, քանի՞ տարով, ի՞նչ տոկոսադրույքներով` սա անհայտ է: Այստեղից էլ ես ենթադրում եմ, որ այդ վարկային ծրագիրը ընդամենը մտադրությունների մակարդակում է: Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկից չորս տարում ստացվելիք այդ 500 մլն ԱՄՆ դոլարին, նշեմ, որ ՀԲ-ից մենք միշտ էլ վարկեր ստացել ենք: Ճիշտ է, այս անգամ տարեկան կտրվածքով ստանում ենք շուրջ 60 մլն դոլարի ավելի, բայց այդ 60 մլն-ը արժութային շուկայի վրա մեծ էֆեկտ չի կարող ունենալ: Միակ իրական բանը դա Արժույթի միջազգային հիմադրամի կողմից պահուստների համալրմանն ուղղված 540 մլն ԱՄՆ դոլարի վարկն է, որի առաջին տրանշը շուտով կտրամադրվի: Բայց դա պահուստների համալրման համար է, կամ ավելի ճիշտ` իշխանությունների անպատասխանատու գործողությունների հետեւանքով տեղի ունեցած կորուստների մասնակի վերականգնման համար»,- նշեց Բ. Ասատրյանը: