Քրեական օրենսգրքի 104, 225, 300 եւ 301 հոդվածների փոփոխությունները նախապատրաստող Ազգային ժողովի աշխատանքային խումբը մարտի 5-ին ստացել է Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) եզրակացության նախագիծը: Այդ օրենքների փոփոխությունների առաջին տարբերակն աշխատանքային խումբը ՎՀ-ն էր ուղարկել փետրվարի կեսին:
Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ հիմնականում դրական է գնահատել օրինագծով առաջարկվող փոփոխությունները: Այսպես, 300-րդ` «Իշխանության յուրացման» համար նախատեսված հոդվածում առաջարկվել էր տարբերակել իշխանություն զավթել ու պահել հասկացությունները: Սա ՎՀ-ն գնահատել է «ընդունելի»: Ողջունելի է համարվել այն մոտեցումը, որ հանցագործության նախապատրաստման փուլում դրա մասին իրավապահներին տեղյակ պահած անձը ազատվում է պատասխանատվությունից: Նոր առաջարկված` 300.1-ը` «Սահմանադրական կարգը տապալելը», նույնպես ընդունելի է համարվել: Եվս մեկ նոր` 300.2 հոդվածի` «Տարածքային ամբողջականությունը խախտելու» դեպքում ՎՀ-ին հստակ չի թվացել «բռնություն» բառի ազդեցությունը, եւ նոր տարբերակում աշխատանքային խումբը դա հստակեցրել է: Նոր առաջարկված «Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Սահմանադրական դատարանին պարտադրելու» 301.1-րդ հոդվածը նույնպես ընդունելի է համարվել, բայց «բավական խիստ» է գնահատվել դրանով նախատեսվող 3-15 տարի պատիժը: Հավանաբար, դա հաշվի առնելով` աշխատանքային խումբը որոշել է երկրորդ տարբերակում ավելացնել եւս մի կետ, համաձայն որի՝ եթե հոդվածով նախատեսված արարքներն առաջացրել են ծանր հետեւանք, ապա ազատազրկման պատիժը սահմանվելու է 10-15 տարի, հակառակ դեպքում այն մեղմացվել է` սահմանվելով 3-10 տարի ազատազրկում:
Ողջունելի է համարվել 225-րդ հոդվածի` «Զանգվածային անկարգությունների» 3-րդ մասի ուժը կորցրած ճանաչելու փաստը: Հիշեցնենք, որ դա վերաբերում էր սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններին առնչվող կետին: Այս պարագայում սպանություն բառը հանվել է, որովհետեւ այն արդեն նախատեսված է ՔՕ առանձին` 104-րդ հոդվածով: Ընդունելի են համարվել նաեւ «Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու»` 225.1-րդ եւ «Սպանության»` 104-րդ հոդվածների փոփոխությունները: Առաջին ընթերցման ժամանակ վիճահարույց էր այս հոդվածում ավելացրած 5-րդ կետը, որի համաձայն, «եթե որեւէ միջոցառում վերածվում է զանգվածային անկարգությունների, ապա այդ վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ սույն մասով նախատեսված քրեական պատասխանատվության»: ՎՀ-ն անդրադառնալով այս դրույթին` որպես զանգվածային անկարգությանը մասնակցելու իմացության կամ դիտավորության պահանջ առաջարկել է օգտագործել «գիտակցաբար զանգվածային անկարգությանը մասնակցելը» արտահայտությունը: Այս առաջարկությունը երկրորդ տարբերակում չի արտացոլվել: Հիշեցնենք, որ հատկապես այս կետը առաջին ընթերցման ժամանակ արժանացել էր պատգամավորների քննադատությանը: Առաջարկ էր եղել այն ընդհանրապես հանել նախագծից: Եվ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը որոշեց այդ հարցը թողնել երկրորդ ընթերցման ժամանակ:
Ավելացնենք նաեւ, որ երկրորդ ընթերցման տարբերակի մեջ այնպիսի փոփոխություններ են ներկայացված, որոնք ՎՀ դատին չեն ներկայացվել, հետեւաբար, դրական կամ բացասական գնահատական չեն ստացել: Օրինակ, երկրորդ տարբերակում տրված է զանգվածային անկարգության սահմանումը, ինչը գործող եւ առաջին տարբերակներում չկար: Իսկ աշխատանքային խմբի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ երկրորդ տարբերակում առաջինի համեմատ այնքան արմատական փոփոխություններ կան, որ չի բացառվում, որ հաջորդ շաբաթ գումարվող ԱԺ քառօրյայի ժամանակ այն նորից առաջին ընթերցում անցնի (ԱԺ կանոնակարգը նման ընթացակարգի հնարավորություն տալիս է): Հիշեցնենք, որ Ա.Մինասյանը միակ պատգամավորն էր, ով առաջարկություններ էր ներկայացրել այս փոփոխությունների վերաբերյալ: Նրա առաջարկների մի մասը ընդունվել է, եւ պատգամավորը դա դրական է համարում օրինագծի համար: Ակնհայտ է, որ այս դեպքում հակասական վիճակ է ստեղծվում. ՎՀ-ն հիմնականում դրական է գնահատել առաջին տարբերակը, իսկ երկրորդը դրանից շատ տարբեր է, եւ բացառված չէ, որ աշխատանքային խումբն այս անգամ պարզապես շրջանցել է այդ կառույցի կարծիքը:
Աշխատանքային խմբի ղեկավար Դ.Հարությունյանն, օրենքների փոփոխության նախագծից բացի, ՎՀ-ին ուղղել է նաեւ հարցեր: Օրինակ` պատգամավորին հետաքրքրել է, որ եթե 225` «Զանգվածային անկարգություն» հոդվածում նկարագրված իրավիճակը «տեղի ունենար ձեր երկրում, ի՞նչ հետագա քայլեր կձեռնարկվեին»: Դ. Հարությունյանն ինքն է փորձել իր հարցին ի պատասխան՝ տարբերակներ առաջարկել: «Դատախազը կամ դատարանը գործով մեղադրանքը կհամապատասխանեցնեին նոր դիսպոզիցիային, եւ գործի դատական պրոցեսը կշարունակվեր: Երկրորդ` դատախազը կամ դատավորը կհրաժարվեր մեղադրանքից միայն այն փաստի հիման վրա, որ Քրեական օրենսգրքով նախատեսված` արարքի սահմանումը փոխվել է, եւ մեղադրանքի նկատմամբ կկայացվեր արդարացման վճիռ»,- նշել է Դ.Հարությունյանը: «Դատախազը կամ դատավորն են գնահատում, թե արդյոք նոր` ավելի բարենպաստ նորմի հիման վրա մեղադրյալի նկատմամբ կարող է կայացվել մեղադրական կամ արդարացման դատավճիռ»,- եղել է ՎՀ պատասխանը:
Այսինքն` այսպես կարելի է պատասխանել նաեւ այն հարցին, թե երբ այս նախագիծը օրենք դառնա, ի՞նչ ազդեցություն կունենա «Մարտի 1-ի գործով» քաղբանտարկյալների վրա: Փաստորեն, նորից ամեն ինչ թողնվել է դատավորների ու դատախազների, նույնն է թե՝ իշխանությունների խղճին, եւ սպասումները, թե արդյունքում քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, մեղմ ասած, այնքան էլ իրատեսական չեն: Եվ պատահական չէ, որ ընդդիմությունը չի ընդունում ՎՀ-ի հավանությանն արժանացած այս օրինագիծը:
«Ես կարծում եմ, որ այդ օրինագիծն ընդհանրապես ընդունելի չէ, որովհետեւ որեւէ ժողովրդավարական երկրում գոյություն չունի զանգվածային անկարգություններ հասկացողությունը, եւ այս բերված ձեւակերպումները տեղավորվում են մեկ սցենարի մեջ: Շատ կարեւոր միջոցառումների` համապետական ընտրությունների, հանրաքվեի կամ տնտեսական խնդիրների առնչությամբ եթե մարդիկ փորձեն խաղաղ բողոքի ձայն բարձրացնել, այս անգամ ոչ թե մի քանի հարյուր սադրիչների ստիպված կլինեն ներգրավել, այլ ընդամենը մի քանի սադրիչ, ովքեր ինչ-որ գործողություն կանեն, կփախնեն, ու մնացածները պարտավոր պետք է լինեն, որ ցրվեն: Սա լուծման եղանակ չէ, բնականաբար, սա ընդամենը օրենքով հանրահավաքները իսպառ արգելելու ճանապարհ է»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է փոփոխությունների արդյունքում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցին, Ա.Մարտիրոսյանի խոսքերով՝ միգուցե իշխանությունները նրանցից մի քանիսին բաց թողնեն:
Իսկ ինչ վերաբերում է ՎՀ դրական եզրակացությանը, ապա Ա.Մարտիրոսյանը հիշեցնում է «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող այն փոփոխությունը, որը հնարավորություն կտար ստուգել, թե ովքեր են մասնակցել ընտրություններին: Այդպիսով հնարավոր կլիներ կանխել «մեռած հոգիների» եւ հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկելու հնարավորությունը: Նույն ՎՀ-ն մերժել է այս դրույթը` պատճառաբանելով, թե դա խախտում է գաղտնիության սկզբունքը:
Հ.Գ. Ավելի ուշ ԵԽ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել. որ ՀՀ ՔՕ փոփոխությունների եզրակացության նախագիծը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ միասին մարտի 13-14-ը քննարկվելու է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում: