Վճռական, բայց էլի միայնակ

14/03/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հիմա ամենահետաքրքիր թեման տնտեսական գործընթացների հնարավոր զարգացումներն են: Տարադրամի շուկայում իրավիճակը առերեւույթ կայուն է: Հետեւաբար՝ կարելի է եզրակացնել, որ պահանջարկը բավարարվել է: Վերջին մի քանի տարիներին դրամի արժեւորման գործընթացը բնակչության խնայողություններ ունեցող հատվածին «համոզել» էր փողը պահել դրամով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բանկային ավանդների կեսից ավելին հենց ազգային դրամով ավանդներն էին: Մեկ-երկու շաբաթվա ընթացքում պատկերը փոխվեց: Փոխվելու հետ հեռանկարը դարձավ շատ մշուշոտ ու անհասկանալի: Կենտրոնական բանկը նպատակ ունենալով կանխել տարադրամի պահանջարկի աճը՝ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Փողը թանկացնելը տրամաբանորեն նվազեցնում է փողի զանգվածը: Հետեւաբար՝ ենթադրվում է, որ կնվազի տարադրամի պահանջարկը: Այսօր դժվար է ասելը, թե այս քաղաքականության կիրառումը ինչ ազդեցություն կթողնի: Մի կողմից՝ այն հնարավորություն կտա ավելի կառավարելի դարձնել տարադրամի շուկան: Մյուս կողմից՝ տնտեսության բոլոր ոլորտները կկանգնեն ֆինանսական քաղցի առջեւ, ավելի խորացնելու ճգնաժամի հետեւանքները: Իհարկե կարելի է ենթադրել, որ երկրորդ տարբերակը չափազանցված է: Որովհետեւ մեր բանկային համակարգը տնտեսության վարկավորման փոքր մասնաբաժին ունի: Տնտեսության իրական հատվածը իր փոքր ծավալներով բանկային համակարգի հետ թույլ կապեր ունի: Բանկերն ավելի շատ փող են աշխատում սպառողական վարկեր տրամադրելով: Այս ոլորտում վարկավորման կրճատումը նկատելի կդառնա միայն մի քանի ամիս հետո, երբ կրճատվեն ներմուծումները եւ տեղական արդյունաբերության այն փոքր հատվածը, որ ներքին սպառման ապրանքներ է արտադրում: Այդ ապրանքները հիմնականում սպառվում են սպառողական վարկերի միջոցով: Ազգային դրամով եկամուտ ունեցողների մեծ մասին տարադրամի շուկան չի հետաքրքրում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ միջին աշխատավարձ կոչվածը մոտ 70 հազար դրամ է կազմում: Այդքան գումար վաստակողը տարադրամի շուկայում անելիք չունի: Թոշակ ու նպաստ ստացողները եւս: Կենտրոնական բանկի «թեթեւ ձեռքով» վերջին տարիներին մեր տնտեսությունն իսկապես դրամայնացել էր: Գոնե մասամբ: Մանր ու միջին գործարարների տնտեսավարումն ամբողջությամբ դրամով էր: Տարադրամ նրանք գնում էին միայն այն պատճառով, որ տնտեսության որոշակի հատվածներ` անշարժ գույքի շուկա, ներմուծվող ավտոմեքենաներ ու թանկարժեք սարքավորումներ եւ այլն, շարունակում էին մնալ տարադրամի գոտում: Տարադրամի շուկայի հիմնական գնորդները մշտապես եղել են խոշոր ներկրողներն ու առեւտրի ոլորտում մոնոպոլ դիրք զբաղեցնողները: Հետեւաբար՝ այս շուկայի ցնցումներն առաջին հերթին նրանց շահերն են շոշափում: Տարփողված տնտեսական առաջընթացն իրականում ծնել էր արտաքին առեւտրի 3 մլրդ դոլարանոց բացասական հաշվեկշիռ: Այդ բացասական հաշվեկշռի կեսը փակվում էր արտագնա աշխատուժի տրանսֆեր-օգնությունների հաշվին: Պաշտոնական վիճակագրությունն էր հրապարակում այս թիվը: Փորձագետներն ավելի մեծ ծավալ են նշում: Պակասող հատվածը շրջանառության մեջ «գցում» էր պետությունը` արտաքին վարկ-պարտքերի հաշվին: Միջազգային տնտեսական ճգնաժամը խախտեց այս հավասարակշռությունը: Տարիների ընթացքում ձեւավորված հավասարակշռությունը, որ մեր իշխանությունները կայունության տեղ էին դրել: Կայունությունը խախտվեց: Իշխանությունները կանգնած են անորոշության առաջ: Նման ենթադրության հիմք կարող է տալ այն փաստը, որ տնտեսական ճգնաժամի շեմին ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Փորձագետների շրջանում այն միանշանակ ընկալման արժանացավ: Տնտեսական ճգնաժամի մեջ ներքաշված բոլոր երկրները նույն կերպ են վարվում: Փորձելով չֆինանսազրկել ցնցումներ ապրող տնտեսությունը: Էժան փողն ի վերջո խթանում է պահանջարկը: Այսինքն՝ հնարավորություն է տալիս իրացնել արտադրվող ապրանքներն ու առաջարկվող ծառայությունները: Այս քայլից հետո տեղի ունեցավ հակառակը: Հավանաբար, դրամի արժեզրկումից վախեցած, մեր իշխանությունները «հետողորմյա» արեցին: Մեր այս փորձառությունը կարծես եզակի է: Ճգնաժամ ապրող ոչ մի երկիր այս ճանապարհը չի փորձարկել: Հետեւաբար՝ կարելի է ենթադրել, որ մեր իշխանությունները գործունեության ծրագիր չունեն: Չունեն եւ առաջին ռեակցիայի տարբերակով են արձագանքում իրադրությանը: Հենց նկատում են ճգնաժամի հետեւանքները՝ նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Իսկ երբ ցնցվում է տարադրամի շուկան` հակառակ քայլ են անում: Անկանխատեսելիությունը վաղուց է դարձել հայկական տնտեսական քաղաքականության բնութագիրը: Երեւի դժվար է տնտեսական քաղաքականություն մշակել ու իրականացնել մի երկրում, ուր ամենախոշոր թղթադրամը` 50 հազարանոցը, 3-4 հաշմանդամության թոշակից մեծ գումար է: Այն կիսելով՝ կարելի է երկու մարդու կենսաթոշակ վճարել: Եթե երկրորդ նման երկիրը գիտեք, տեղյակ պահեք մեր իշխանավորներին: Գուցե նրանց մոտ վերանա վճռական մենակի բարդույթը: