Միանգամից պարզ էր, որ ԱԺ Վերահսկիչ պալատն այդ հաշվետվությամբ ոչ այնքան
այս կամ այն ոլորտում թույլ տրված չարաշահումները բացահայտելու նպատակ էր
հետապնդել, որքան քաղաքական խնդիրներ էր լուծել: Եվ պատահական չէ, որ
Վերահսկիչ պալատի հաշվետվությունում ներկայացված «փաստերը» միանգամայն
համապատասխանում էին տվյալ ժամանակահատվածի քաղաքական իրադրությանը:
Գաղտնիք չէ, որ ԱԺ Վերահսկիչ պալատն իրականում «վերահսկվում» է «Օրինաց
երկրի» եւ նրա ու ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից: Եվ պալատի
հաշվետվությունում ոչ միայն շրջանցված էին «Օրինաց երկրի» ենթակայության
տակ գտնվող ոլորտները, այլեւ չարաշահումներ էին արձանագրված հատկապես այն
բնագավառներում, որոնք ղեկավարվում են «Օրինաց երկրի» կոալիցիոն
գործընկերների՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից: Իհարկե, Հայաստանում հազիվ թե
գտնվի որեւէ գերատեսչություն, որտեղ օբյեկտիվ վերահսկողություն
իրականացնելու դեպքում չարաշահումներ չհայտնաբերվեն: Սակայն երբ
Դատախազություն են ուղարկվում միայն այն կառույցներին վերաբերող նյութերը,
որոնց ղեկավարներն «Օրինաց երկրից» չեն, այդտեղ քաղաքական պատվերն ուղղակի
ակնհայտ է: Իհարկե, անկախ քաղաքական երանգներից, Վերահսկիչ պալատը բավական
ծավալուն աշխատանք է կատարել:
ԱԺ Վերահսկիչ պալատի 2004 թվականի տարեկան հաշվետվությունում բազմաթիվ են
նման դեպքերը: Դրանցից ամենահետաքրքիրը, թերեւս, Ազգային ժողովի
աշխատակազմում իրականացված ստուգումներն են: Նախ՝ ամենաուշագրավն այն է,
որ Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է ԱԺ աշխատակազմի միայն 2002-2003
թվականներն ընկած ժամանակահատվածը, այն դեպքում, երբ այլ բնագավառներում
ուսումնասիրություններն ընդգրկել են նաեւ 2003, 2004 թվականները: Այս
փաստը առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ Արթուր Բաղդասարյանը ԱԺ
նախագահ է դարձել միայն 2003 թվականի հունիսին, այսինքն՝ Վերահսկիչ պալատն
իր ուսումնասիրություններն այնպես է իրականացրել, որ հանկարծ չշոշափվի
Արթուր Բաղդասարյանի պաշտոնավարման շրջանը: Իհարկե, կատարված
ուսումնասիրություններում էլ ԱԺ աշխատակազմում Վերահսկիչ պալատն
առանձնապես նկատելի չարաշահումներ չի արձանագրել: Ասենք, ԱԺ աշխատակազմի
փաստացի ծախսը բյուջեով նախատեսվածի համեմատ՝ գերազանցել է ընդամենը
1,9%-ով: Կամ, օրինակ, ամենամեծ ուշադրության կենտրոնում գտնվող
«Գործուղում եւ ծառայողական ուղեւորություններ» հոդվածով գերածախսը կազմել
է 0,2%: Նման պատկեր է ԱԺ աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների
հաշվետվության գրեթե բոլոր կետերում: Իսկ Վերահսկիչ պալատի հաշվետվության
«Առաջարկություններ» բաժնում ընդամենը ԱԺ աշխատակազմին առաջարկվում է
«ձեռնարկել միջոցառումներ» արձանագրված թերությունները վերացնելու
ուղղությամբ, բացառել բյուջետային միջոցների տնտեսագիտական դասակարգման
հոդվածների վերաբաշխման սահմանված չափի գերազանցումը, բարձրացնել
բյուջետային միջոցների եւ ֆինանսական հոսքերի ու ծախսերի նկատմամբ
հսկողությունը, կատարողական կարգապահությունը, եւ այդպես շարունակ:
Այսինքն՝ ԱԺ աշխատակազմում իրականացված ստուգումները զուտ ձեւական բնույթ
են կրել եւ արվել են ընդամենը «պտիչկա» դնելու համար: Իհարկե, մենք չենք
բացառում, որ ԱԺ աշխատակազմում աշխատում են բացառապես ազնվագույն
չինովնիկներ եւ հատկացված միջոցներն օգտագործում են լումայի ճշտությամբ,
սակայն չար լեզուներն ասում են, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում
ներկայացված փաստերն ուղղակի ծիծաղելի են՝ իրական վիճակի համեմատ: Այնպես
որ, բացառված չէ, որ նոր ուսումնասիրություններ կատարելու դեպքում ԱԺ
աշխատակազմի գործունեությանը միանգամայն այլ գնահատական տրվի: Իհարկե, եթե
Վերահսկիչ պալատի նախագահն ու աշխատողների «Օրինաց երկրի» անդամները
չլինեն: