Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանը երեկ նամակ-հարցում է ուղարկել ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին: Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, պարոն Բարսեղյանը խնդրել է տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. ՀՌԱՀ գործունեության սկզբից մինչ օրս ՀՀ Լոռու մարզի տարածքում հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակման նպատակով հեռուստառադիոհեռարձակման հաճախությունների լիցենզիա տրամադրելու համար ՀՌԱ հանձնաժողովի հայտարարած բոլոր մրցույթների, այդ մրցույթներից յուրաքանչյուրում բոլոր հայտատուների, այդ մրցույթներում հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված եւ հեռարձակման լիցենզիա ստացած բոլոր ընկերությունների ցանկը: 2. Այս հարցումն ստանալու պահի դրությամբ ՀՀ Լոռու մարզի տարածքում օգտագործվող ու հեռուստատեսային եւ ռադիո հաճախականությունների ցանկը: Ըստ Լեւոն Բարսեղյանի` անցած մի քանի օրերին այս տեղեկությունները նա փորձել է գտնել ՀՌԱՀ պաշտոնական վեբ կայքում` www.tvradio.am հասցեով, բայց, պարզվել է, որ. «Կայք մուտք գործելու համար կայքն ինչ-որ ծածկագիր է ուզում իմանալ, ինչպիսին, ես, որպես տարեկան 2-5 անգամ այդ կայքից օգտվող քաղաքացի, դժբախտաբար չունեմ»: «2009 թվի մարտի 9-ին ժամը 16:45-ին, ՀՌԱՀ կայքում հավանաբար առկա եւ հանրային նշանակության տեղեկություններին ծանոթանալու հիշյալ խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով այցելեցի ՀՌԱՀ նստավայր եւ զրուցեցի Վերահսկողության բաժնի պետի հետ: Վերջինս բացատրեց, թե ՀՌԱՀ կայքը այլ տեղադրման տիրույթ է փոխադրվում, եւ միայն տեխնիկական պատճառներով է, որ այն հիմա մատչելի չէ: Ավելացրեց նաեւ, որ այդ տեխնիկական աշխատանքները կավարտվեն 1-2 շաբաթից: Թույլ տվեք, հոգուտ հանրային շահի, երկու մտահոգություն կիսել Ձեզ հետ այս կապակցությամբ. ա. Վեբ կայքերի արդյունաբերությունը վաղուց ապացուցած ունի, որ միեւնույն կազմակերպությունը կարող է նույն բովանդակությամբ անթիվ կայքեր ունենալ: Այս հանգամանքը հեշտացնում է հիմնական կայքի վերաբազավորումը մեկ տիրույթից մյուսը, չի խոչընդոտում կայքի բովանդակության թարմացումներին եւ հիմնանորոգումներին, ու արդյունքում` չի խոչընդոտվում կայքից օգտվողների տեղեկություններ ստանալու գործընթացը: բ. Իմ ունեցած տեղեկություններով ՀՌԱՀ տեղեկատու կայքի գոյության, այն սպասարկելու եւ հանրության համար մատչելիության բոլոր ծախսերը նախատեսված են պետական բյուջեով: Չնայած այդ հանգամանքին, առնվազն անցած մեկ շաբաթում, հանրությունը, փաստորեն, էլեկտրոնային ճանապարհով անկարող է օգտվել այն տեղեկատու պաշարից, որ տնօրինում է ՀՌԱՀ-ը: Եվ, դատելով վեբ կայք մուտք գործելու ծածկագրի պահանջից, կայքն այնուամենայնիվ առկա է, իսկ դրանից, փաստորեն, կարող են օգտվել միայն ծածկագիր ունեցողները: Ամփոփելով այս գրավոր հարցումս, խնդրում եմ, իմ հարցումներին ուղղակի պատասխանելու փոխարեն, ՀՌԱՀ վեբ կայքում այդ տեղեկությունների առկայության պարագայում, ինձ համապատասխան ծածկագիր տրամադրել կայքից օգտվելու համար: Բանն այն է, որ, չեմ կարող բացառել իմ հետագա, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցումները, որոնց կարիքը կարող է ծնվել այս հարցման մեջ բերված տեղեկությունները ստանալուց հետո: Ինձ կայքից օգտվելու ծածկագիր տրամադրելու դեպքում, խոստանում եմ այն արագ տարածել բոլոր ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, պետական եւ տեղական իշխանությունների մարմիններին եւ հետաքրքրված անհատներին»,- նշված է Գրիգոր Ամալյանին ուղղված Լեւոն Բարսեղյանի հարցման մեջ: