Որոնում են

14/03/2009

ՀՀ իրավապահ մարմինների կողմից այս տարվա փետրվարի 20-ի դրությամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզման մեջ է գտնվում 288 անձ: Այդ մասին «Արմենպրեսին» ասել են ՀՀ Ոստիկանությունում: Այս տարի միջազգային հետախուզում է հայտարարվել 4 անձի նկատմամբ, 2008-ին` 35, 2007-ին` 11: Ինտերպոլի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիները հիմնականում մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ, մասնավորապես` սպանության` 83, ավազակային հարձակման` 35, խարդախության` 40, յուրացման` 23: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձինք հայտնաբերվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում, Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում: 2006 թվականից մինչեւ 2009թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում Ինտերպոլի աջակցությամբ հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող 354 անձ, որոնցից 94-ը հետախուզվում էին միջազգային մակարդակով: Նույն ժամանակահատվածում Ազգային բյուրոյի կողմից օպերատիվ-հետախուզական տեղեկատվության տրամադրման արդյունքում ՀՀ-ում հայտնաբերվել է արտասահմանյան երկրների կողմից հետախուզվող 71 անձ, որոնցից 23-ը` միջազգային մակարդակով: Նրանց հիմնական մասը հետախուզվել է ծանր հանցագործություն կատարելու համար: