Գարունը, թվում է, բացառապես ուրախանալու առիթ է: Բայց պարզվում է` ոմանք էլ շունչները պահած` մտավախություն ունեն քրոնիկական հիվանդությունների հերթական սրացումից:
Այս երեւույթին չի կարող ստույգ բացատրություն տալ որեւէ մասնագետ:
Պատասխանը մեկն է. գարնանն ու աշնանը բնության մեջ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք հանգեցնում են մարդու օրգանիզմում բիոռիթմերի խանգարման: Այս դեպքում, ըստ էության, կարող է սրանալ ցանկացած հիվանդություն` ռեւմատիզմային արտրիտ, քրոնիկական տոնզիլիտ, գաստրիտ, ցիստիտ, ասթմա, հոգեկան հիվանդություններ, մաշկային հիվանդություններ եւ այլն: Այնպես որ` մեր իմունային համակարգը շատ զգայուն է եղանակի փոփոխության հանդեպ: Օրինակ, հյուսիսում ապրող մարդկանց մոտ հիվանդությունները սրանում են գարնանն ու աշնանը, իսկ հասարակածին մոտ գտնվող երկրներում մարդկանց վրա ազդում է անձրեւային եղանակը:
Մարդու մոտ բիոլոգիական գարունը սկսվում է ոչ թե մարտի 1-ից, այլ ապրիլին:
Ստամոքսի խոցով հիվանդներին խորհուրդ է տրվում առաջին հերթին խուսափել սթրեսային իրավիճակներից, բարեխղճորեն հետեւել սննդային սահմանափակումներին` սննդից հանել կծուն, թթուն ու պահածոները:
Յոդացված օսլան շատ լավ օգնում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցի դեպքում: 50 մլ տաք ջրի մեջ բացել 1 թեյի գդալ կարտոֆիլի օսլա, ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազ եւ մի պտղունց կիտրոնաթթու: Ստացված լուծույթը լցնել 150 մլ եռացրած ջրի մեջ, այնուհետեւ եփել եւ միայն սառելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ յոդի 5 տոկոսանոց սպիրտային լուծույթ: Ստացվում է կապույտ գույնի լուծույթ: Սենյակային ջերմաստիճանում եւ փակ ամանում այն կարող է 1 ամիս պահպանել իր բուժիչ հատկությունները: Այն պետք է ընդունել շաբաթական 2 անգամ` մեկական թեյի գդալ:
Գաստրիտի դեպքում 1 ճաշի գդալ եզան լեզվի վրա լցնել 1 բաժակ եռջուր, 30 րոպե եփել ջրային գոլորշու վրա, 10 րոպե սառեցնել սենյակային ջերմաստիճանում ու քամել: Ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ` 1 բաժակ:
Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի եւ տոնուսի բարձրացման համար խորհուրդ է տրվում նախապես գազը հեռացրած հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ կիտրոնահյութ եւ խմել նախաճաշից 30 րոպե առաջ: Երեկոյան` ընթրիքից առաջ, հանքային ջրի բաժակը տաքացնել, ավելացնել 1 ճաշի գդալ սրոհունդ կամ անանուխ, թրմել 1 ժամ, ապա քամել, ավելացնել մեղր ու դանդաղ խմել: Այս բուժման կուրսը երկու շաբաթ է:
Գարնանը հիվանդության խիստ սրացում է լինում հատկապես հիպերտոնիայով տառապողների մոտ: Ընդ որում` դա կարող է արտահայտվել խիստ նոպաներով: Անոթների սպազմի պատճառով սկսում է ուժեղ գլխացավ, արագանում է սրտի աշխատանքը, ծանրաբեռնվածությունն ընկնում է մյուս օրգանների` սրտի, երիկամների վրա: Այդ պատճառով վատ եղանակին մասնագետներն արգելում են նման հիվանդներին տանից դուրս գալ: Ավելի լավ է նրանք հանգստանան տանը: Իսկ, ամեն դեպքում, եթե բարձր է ձեր արյան ճնշումը, մինչ դեղամիջոցից օգտվելը կարելի է դիմել ժողովրդական բժշկության օգնությանը: Շատ լավ օգնում են մածունն ու դարչինը` 1 բաժակ մածունին ավելացնել 1 թեյի գդալ դարչին եւ ուտել: 30 րոպեի ընթացքում տարբերությունն անպայման զգալի կլինի:
Գարունը «վտանգավոր» է հատկապես ասթմայով ու ալերգիաներով տառապողների համար: Այս հիվանդություններով տառապողները պետք է հնարավորինս խուսափեն հարբուխից, որովհետեւ մի փոքրիկ ակնթարթային երեւույթն անգամ հիվանդության սրացման դրդապատճառ կարող է հանդիսանալ:
Ասթմայի դեպքում օգտակար միջոց է շաղգամի թուրմը կամ հյութը: Թուրմը պետք է պատրաստել հետեւյալ կերպ. քերիչով անցկացրած երկու ճաշի գդալ շաղգամի վրա ավելացնել 1 բաժակ եռջուր, եփել 30 րոպե, սառեցնել ու քամել: Օգտագործել 1/4 բաժակ` օրը 3 անգամ:
Ասթմայի վիճակը բավականին թեթեւացնում է ձմերուկը: Կտրել կեղեւը վերեւի մասից, հանել միջուկի մի մասը եւ առաջացած ազատ մասում լցնել մեղր: Պահել մութ տեղում: 5 օր անց ձմերուկի հյութը քամել եւ խմել` առավոտյան ու երեկոյան:
Ասթմայի դեպքում կուրծքը մերսում են կարագով` խառնված սխտորի խյուսով: