Ավելի խիստ զեկույց

10/03/2009

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրապարակելու է 2008 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որտեղ, բնականաբար, գնահատականներ են տրվելու նաեւ անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերին եւ դրան հաջորդած իրադարձություններին: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ իր ցեկույցն ավելի խիստ գնահատականներ է պարունակելու, քան ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության` վերջերս հրապարակված, բավական կոշտ ձեւակերպումներ պարունակող զեկույցները: «Որոշ դեպքերի վերաբերյալ իմ կողմից կարող են հնչել ավելի խիստ գնահատականներ»,- հայտարարել է Արմեն Հարությունյանը` նշելով, որ այսօր հրապարակվելիք զեկույցում ներառված է լինելու հետընտրական իրադարձությունների վերաբերյալ նախորդ տարի իր կողմից հրապարակված հատուկ զեկույցը:

Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ասել է նաեւ, որ 2008 թվականին վերաբերող իր զեկույցում չի օգտագործվելու «քաղբանտարկյալ» ձեւակերպումը: