«Քար առ քար փլուզվելու են բոլոր շինծու գործերը»

10/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «7-ի գործով» երկրորդ դատավարությունը: Այս անգամ առողջական խնդիրների պատճառով նիստին ներկա չէր Շանթ Հարությունյանը:

Հարազատների կարծիքով, Շանթի մոտ առողջական խնդիրներ են ծագել այն բանից հետո, երբ նիրհելու պահին փորձել են նրան սրսկել: Քրեակատարողական վարչության (ՔՎ) տարածած հաղորդագրության մեջ ոչ հերքվում, ոչ էլ հաստատվում է այս տեղեկատվությունը: Ավելին, մարտի 7-ին այս հաստատության տարածած երկու հաղորդագրությունները խիստ տարբերվում են իրարից: Եթե առաջինի մեջ նշվում է, որ Շ.Հարությունյանին հետազոտել են թե՛ Քրեակատարողական վարչության, եւ թե՛ քաղաքացիական բուժհիմնարկների բժիշկները եւ առողջական խնդիր չեն հայտնաբերել, ապա ընդամենը ժամեր հետո տարածված հաղորդագրության մեջ ասվում է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շ.Հարությունյանին բժշկական զննության ենթարկելը հնարավոր չէ, «նաեւ այն, որ կալանավորի ագրեսիվ վարքագիծը հնարավոր է պայմանավորված լինել նրա հոգեկան խանգարմամբ` վերջինս մեկուսացվել է»: «Նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն, ձեռնարկվում են միջոցներ հետագա հոգեբուժական հետազոտություններ իրականացնելու նպատակով»,- նշված է ՔՎ տարածած երկրորդ հաղորդագրության մեջ: Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ ՔՎ-ից ստացել էր նույնաբովանդակ մի տեղեկանք, որտեղ նշված էր, թե Շ.Հարությունյանի այդ վարքագիծը կարող է պայմանավորված լինել հոգեկան խանգարմամբ: Երեկ Շանթ Հարությունյանին բերել էին դատարան, սակայն թույլ չէին տվել մտնել Նիստերի դահլիճ: «Վարդաշենում» գտնվող «7-ի գործով» մյուս մեղադրյալներից մեկը` Շ. Հարությունյանի հետ նույն բանտախցում պահվող Սուրեն Սիրունյանը, նիստի ժամանակ հայտարարեց, որ Շ. Հարությունյանը ոչ թե հոգեբույժի, այլ բժշկի կարիք է զգում: «Ձեզ խնդրում եմ Շանթին հնարավորություն տաք, որ ստացիոնար բուժում ստանա հիվանդանոցում` հարազատների ներկայությամբ»,- այսպիսի միջնորդություն ներկայացրեց Ս.Սիրունյանը: Մ.Մարտիրոսյանը, սակայն, առանց անդրադառնալու այս միջնորդությանը, որոշեց Շանթին ենթարկել ոչ թե բժշկական, այլ դատահոգեբուժական փորձագիտական քննության: Դատավորը նաեւ հայտարարեց, որ Շանթ Հարությունյանի մասով կասեցնում է գործը, մինչեւ նրա առողջական վիճակի բարելավումը: Դատավորը փորձաքննությունից ակնկալում էր պատասխաններ` արդյո՞ք Շ.Հարությունյանը հոգեկան հիվանդություն ունեցել է, եթե այո, ապա երբվանի՞ց, «ագրեսիվ վարքագիծ ցուցաբերելու պահին նա անմեղսունակ վիճակո՞ւմ է եղել», գիտակցե՞լ է իր արարքները, կարո՞ղ է նիստերին մասնակցել: Քաղբանտարկյալներին, բնականաբար, բարկացրեց դատավորի այս որոշումը:

«Դուք գնացիք Սիրունյանի միջնորդությանը պատասխանելու, բայց եկաք դիագնոզով: Դա ձեր ֆունկցիաներից դուրս է: Մենք պատրաստ ենք, որ դուք ամեն քայլափոխին ոտնահարում եք օրենքը, բայց արդեն չափն անցկացնում եք»,- Մ.Մարտիրոսյանին դիմելով` հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը եւ ավելացրեց, թե դատավորը ոտնահարում է Շանթի իրավունքները` նրան զրկելով դատավարությանը մասնակցելու հնարավորությունից: «Քրեական օրենսգրքին դուք տալիս եք կամայական մեկնաբանություններ, որոնք մարդկանց կարող են հասցնել հոգեկան խանգարման: Դա լավ իմանալով` դուք կասեցնում եք Շանթի մասով գործը: Մինչդեռ կարող էիք կասեցնել եւ նրան արգելել դահլիճ մտնել այն ժամանակ, երբ կունենայիք փորձագետի եզրակացությունը»,- հայտարարեց Մյասնիկ Մալխասյանը: Հարազատները պնդում են, որ հոգեբանական առումով Շանթն առողջ տպավորություն է թողնում, բայց հյուծված է: Նրանք նաեւ բազմիցս են հայտարարել, թե Շանթը չի վստահում ՔՎ բժիշկներին, եւ պահանջում են իրենց ներկայությամբ իրականացնել անկախ հետազոտություն: Հարազատները նաեւ պնդում են, թե իրականություն են դառնում Շանթի այն կասկածները, թե այդպիսով իրեն ուզում են մեկուսացնել դատավարությունից: Երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Գրիգոր Ոսկանյանը: Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց այն փաստով, որ դեկտեմբերի 23-ին, երբ իր պաշտպանյալին մեկուսարանում ծեծի են ենթարկել եւ այդ պատճառով նրան ուշ են դատարան բերել ու նիստը ուշ են սկսել, Մ.Մարտիրոսյանը չի պարզել դրա պատճառները, համապատասխան արձագանք չի ցուցաբերել: Հետեւաբար կանխակալ վերաբերմունք է դրսեւորել: Մեղադրող Կորյուն Փիլոյանին դուր չեկավ այն արտահայտությունը, թե դատարանը համապատասխան ձեւով չի արձագանքել Գ.Ոսկերչյանի խոշտանգման հետ կապված փաստին: Մեղադրողի կարծիքով՝ դատարանն այն իրավասու մարմինը չէ, որ արձագանքի այդ դեպքին: Նրա ասելով, համապատասխան մարմիններն արդեն զբաղվում են դրանով: Իսկ Մ.Մարտիրոսյանն իր ինքնաբացարկի միջնորդությանը պատասխանելու համար կես ժամով գնաց խորհրդակցության սենյակ, բայց վերադարձավ 1 ժամ 10 րոպե անց ու հայտարարեց, որ մերժում է այն: Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաեւ պաշտպանական խմբի մեկ այլ անդամ՝ Լիպարիտ Սարգսյանը: Վերջինս էլ իր միջնորդությունը պայմանավորեց Շ.Հարությունյանի նկատմամբ դատավորի կայացրած որոշումով` նշելով, որ այս դեպքում եւս Մ.Մարտիրոսյանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում:

«Այս պահին հոգեկան կամ այլ ծանր հիվանդության մասին եզրակացություն չունեք, հետեւաբար նրա մասով գործը չպետք է կասեցվեր»,- հայտարարեց պաշտպանը: Առանց քննելու՝ դատավորը մերժեց նաեւ այդ միջնորդությունը: Մերժվեց նաեւ Գ.Ոսկերչյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը ու նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա այսօր:

Նշենք, որ Շ.Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված հայտարարություններ են տարածել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղկալանավորները: Նրանք պահանջում էին երեկ անհապաղ ցուցաբերել մասնագիտական բժշկական օգնություն: «Հակառակ պարագայում` իրավիճակից ելնելով, կդիմենք աննախադեպ քայլերի»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղբանտարկյալի առողջական վիճակի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաեւ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը: «Ավելի քան մեկ տարի է, ինչ Շ.Հարությունյանը կալանավորված է, իսկ վերջերս նա հրաժարվում է սննդից` գտնելով, որ իր առողջությանը փորձում են վնասել սննդի ու տարբեր ներարկումների միջոցով: Այս կապակցությամբ պահանջում ենք ՀՀ Արդարադատության նախարարությունից անցկացնել անկախ բժշկական փորձաքննություն` Շ.Հարությունյանի հարազատների մասնակցությամբ, եւ նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` լիարժեք բուժօգնություն ստանալու համար: Կարեւոր ենք համարում, որ հնարավորություն ստեղծվի, որպեսզի Շանթ Հարությունյանի հարազատները խնամեն իրեն, քանի որ իր այս դրության մեջ նա վստահում է միայն իր հարազատներին»,- նշված է ՄԻԺԻ-ի հայտարարության մեջ:

Հ.Գ. Երեկ քաղբանտարկյալների դատավարությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ Հայ Ազգային կոնգրեսը: «Քաղբանտարկյալների դեմ հերյուրված քրեական գործերի հանցավոր խոհանոցը բացահայտող հերթական խոսուն մի օրինակ է «7-ի գործով» որպես տուժող ընդգրկված Ռոբերտ Բաղդասարյանի հայտարարությունը։ Այն, բացի դատավորից, հասցեագրված է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին եւ ԵԽ ԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին։ Ռ. Բաղդասարյանը, որ 2008թ. մարտի 1-ին հրազենային վնասվածք էր ստացել, իր հայտարարության մեջ մասնավորապես տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայության քննիչները, օգտվելով իր ծանր առողջական վիճակից, հոգեբանական ճնշումներ գործադրելով, իրենից այնպիսի ցուցմունքներ են կորզել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, եւ որոնցով «մեղքի սլաքն ուղղվել է ժողովրդավարության համար պայքարող իմ ընկերների վրա»։ Ապա տուժողը հայտարարում է, որ մարտի 1-ին իրեն հանդիպած ոստիկանները զինված են եղել, եւ ինքը վիրավորվել է հենց ոստիկանների կրակոցից։ Նա պահանջում է հայտնաբերել իր վրա կրակող ոստիկանին, ինչպես նաեւ պատասխանատվության կանչել այն քննիչներին, ովքեր ժամանակին իրենից կեղծ ցուցմունքներ են կորզել։

ՀԱԿ-ը եւս մեկ անգամ հայտարարում է, որ այսպես քար առ քար փլուզվելու են բոլոր շինծու գործերը, վաղ թե ուշ դատական կարգով բացահայտվելու է իրականությունը։ Մենք կոչ ենք անում բոլորին, նաեւ քննիչներին, դատավորներին, ոստիկաններին, վկաներին՝ հնարավորինս նպաստել անխուսափելի այդ գործընթացի օր առաջ կայացմանը, եւ դրանով իսկ չբարդացնել իրենց հետագա կացությունը»,- նշված է հայտարարության մեջ: