Ցուցակ են ուղարկել

10/03/2009

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երեկ ՀՀ Պետական եկամուտների կոմիտե է ուղարկել առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը` դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Ըստ ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայության, ցանկն ուղարկվել է ՊԵԿ` այդ առեւտրի կետերում ստուգումներ իրականացնելիս ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշվի առնելու նպատակով: Համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան մայրաքաղաքում: Ըստ նույն աղբյուրի, ալյուրի շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն իջեցրել են ալյուրի մատակարարման գները` մինչեւ թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալյուրի 50 կգ-անոց մեկ պարկն արժե 7800 դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ: Շաքարավազը մանրածախ ցանցերին իրացվում է 245 դրամով: