Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ԱԱԾ-ի կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է 2008-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարած կայուն հանցավոր խմբի գործունեությունը: Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 10 անձ, այդ թվում՝ ավազակային հարձակման անմիջական մասնակիցներն ու օժանդակողները: Մարտի 7-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է հանցավոր խմբի ղեկավարն ու պատվիրատուն, որը ֆինանսավորել եւ ուղղորդել է նրանց գործողությունները: Բացահայտվել են նաեւ նույն հանցավոր խմբի կողմից իրականացված մի շարք այլ հանցագործություններ, այդ թվում` 2007թ. նոյեմբերի 29-ին Երեւանի Մ. Խորենացի 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառում կատարված կողոպուտը, որի արդյունքում պատճառվել էր 400.000 ԱՄՆ դոլարին համարժեք վնաս, եւ 2009-ի հունվարի 28-ին գրավատան տնօրենի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը: ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածով (ավազակություն) հարուցված քրեական գործերի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: Այլ մանրամասներ չեն նշվում: Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Ա. Ավետիսյանի տան վրա հարձակում գործածների թվում կասկածվում էին իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ: