Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատել է 28 ամիս տեւողությամբ 368 միլիոն SDR-ի (շուրջ 540 միլիոն դոլար) Օժանդակության վարկային ծրագիրը, որը միտված է Հայաստանում գլոբալ ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, ազգային արժույթի եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը եւ կարիքավոր խավերի պաշտպանությանը: Ծրագրի հաստատման արդյունքում Հայաստանին անմիջապես հատկացվելու է 161.5 միլիոն SDR (շուրջ 237 միլիոն դոլար), իսկ վարկի մնացած գումարը կտրամադրվի 9 մասնավճարներով` ըստ եռամսյակային դիտարկումների: Օժանդակության վարկը, կազմելով Հայաստանի բաժնեչափի շուրջ 400 տոկոսը, ԱՄՀ-ի միջոցներից օգտվելու բացառիկ հնարավորություն է: Այն հաստատվել է ԱՄՀ-ի Հատուկ ֆինանսավորման մեխանիզմների գծով արագացված ընթացակարգի համաձայն: Կանխատեսվում է, որ 2009 թ. համախառն արտաքին ֆինանսավորման գծով Հայաստանի պահանջարկը կազմելու է մոտ 1.6 միլիարդ դոլար, ընդ որում` աճի միտումը որոշ դանդաղեցմամբ կպահպանվի մինչեւ 2011 թվական: Աջակցության վարկը թույլ կտա 2009-2011 թթ. ընթացքում զգալիորեն կրճատել ֆինանսական ճեղքվածքը: Լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի նաեւ դոնոր կազմակերպությունների եւ միջազգային գործընկերների, այդ թվում` Համաշխարհային բանկի կողմից: