Օբաման գնում է Թուրքիա

10/03/2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիա կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա այցելությունից շուրջ մեկ ամիս անց: Այդ մասին հայտնել է Հ. Քլինթոնը, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ: Նա ավելացրել է, որ այցի կոնկրետ ժամկետը կհայտարարվի առաջիկայում:

Ի դեպ, դա կլինի Օբամայի առաջին այցելությունը իսլամական երկիր: Ենթադրվում է, որ Օբաման Թուրքիա եւ մի շարք եվրոպական երկրների մայրաքաղաքներ կայցելի ապրիլին Լոնդոնում կայանալիք «G20»-ի հանդիպումից հետո: Օբամայի նախատեսված այցելությունը դիտվում է որպես Վաշինգտոնի կողմից պաշտոնական Անկարայի եւ թուրքական հասարակության հետ նոր մերձեցման ձգտելու նշան: Ինչպես նշում են տեղի վերլուծաբանները, Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ-ը ավելի ակտիվորեն կպաշտպանի Թուրքիայի ԵՄ անդամակցության ձգտումը, ինչպես նաեւ՝ Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: Ի դեպ, Ա. Բաբաջանը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնի հետ շաբաթ օրն Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության թեման: «Միացյալ Նահանգների ղեկավարությունը հստակ ըմբռնում է, որ սա մեզ համար ցավոտ հարց է: Դրա հետ մեկտեղ՝ ես կոչ կանեի Բարաք Օբամային՝ զերծ մնալ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց: Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին»,- ասել է Բաբաջանը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը բացառելն անհնար է: «Վտանգը, որ Օբաման կճանաչի այդ իրադարձությունները՝ որպես ցեղասպանություն, դեռեւս առկա է: Պետք չէ մոռանալ, որ նախընտրական շրջանում նա դա արել է հինգ անգամ»,- հայտարարել է Բաբաջանը: Խոսելով պաշտոնական Երեւանի եւ Անկարայի շփումների մասին՝ Բաբաջանը նշել է. «Սա շարունակական գործընթաց է, որը սկիզբ է առել դեռ 2007 թվականի սեպտեմբերին: Ճիշտ է, մեկ տարի շարունակ հայկական կողմի խնդրանքով այն ընթանում էր գաղտնիության պայմաններում»:

Ա. Բաբաջանը հույս է հայտնել, որ հայ-թուրքական տարաձայնությունները չեն խոչընդոտի Անկարայի եւ Վաշինգտոնի գործակցությանը: «Նույնիսկ այս ցավոտ հարցի շուրջ մենք ամերիկացիների հետ շփվում ենք առանց որեւէ դժվարության»,- ըստ «Ազատություն» ռ/կ»-ի` հայտարարել է Բաբաջանը` ընդհանուր առմամբ բավական բարձր գնահատելով Հիլարի Քլինթոնի այցի արդյունքները: Ի դեպ, CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով Պետքարտուղարության աղբյուրները, հաղորդել է, որ Օբամայի այցը Անկարա նախատեսված է ապրիլի սկզբին: Թուրքիան կլինի ԱՄՆ նախագահի առաջին եվրոպական շրջագայության վերջին կանգառը: