Հայկական մի շարք ԶԼՄ-ներ երեկ անթաքույց հպարտությամբ ազդարարեցին, որ ֆինանսական հեղինակավոր կառույցները հորդորում են օրինակ վերցնել Հայաստանից։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «լողացող փոխարժեքի» քաղաքականությանը։
Հայտարարության հեղինակը Commerzbank AG եւ UBS AG խմբերն են, որոնք կոչ են արել Ռուսաստանին, Ուկրաինային եւ Ղազախստանին, գլոբալ վարկային ճգնաժամից իրենց տնտեսական համակարգերը պաշտպանելու նպատակով, հրաժարվել ազգային արժույթի փոխարժեքի կառավարումից եւ որդեգրել «ազատ լողացող» փոխարժեքի քաղաքականություն։ Հայտարարությունը տարածել է ֆինանսական նորությունների աշխարհում մեծ հեղինակություն ունեցող «Bloomberg» գործակալությունը։ «Հայաստանն, ուղիղ շարժվելով ազատ «լողացող փոխարժեքի» ուղղությամբ, ավելի մեծ հաջողության հասավ, քան մյուսները: Նոր տնտեսական սցենարներին հարմարվելու հարցում դա նրան ճկունություն է հաղորդում»,- ասել է Commerzbank-ի փորձագետ Մայքլ Գանսկեյը՝ ավելացնելով, որ ընթացիկ գլոբալ միջավայրում ահավոր դժվար է գերարժեւորված արժույթ ունենալը։ Թե կոնկրետ ինչ հաջողություն ունեցավ Հայաստանը՝ դոլարի թռիչքին հաջորդած այս 2-3 օրերի ընթացքում, թերեւս, գիտի միայն հայտարարության հեղինակը։ Սակայն կարեւորը դա չէ, այլ այն, որ Հայաստանի իշխանությունների հասցեին գովեստի խոսքեր են ասվել, եւ այդ խոսքերը հարկավոր է տեղ հասցնել բոլոր հայաստանցիներին։ Ճիշտ նույն կերպ՝ բոլոր հեռուստաընկերությունները օրը մի քանի անգամ կարդացին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) հայտարարությունները, որոնցով այդ կառույցները ողջունում էին «վերադարձը լողացող փոխարժեքի քաղաքականությանը», եւ պատրաստակամություն էին հայտնում Հայաստանին միլիոնավոր դոլարների վարկեր տրամադրել։ Երկու օր առաջ էլ ուշադրության կենտրոնում էր «Ֆիթչ» վարկանիշային գործակալության հայտարարությունը։ Հեռուստահաղորդավարուհիները, դեմքներին խելացի արտահայտություն տալով ու ձեւացնելով, թե հասկանում են՝ կարդում էին մամլո հաղորդագրությունը. «Ներկայումս Հայաստանի սուվերեն վարկանիշը արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների գծով «BB» է` «Կայուն» հեռանկարով: Երկրի առաստաղային վարկանիշը «BB+» է, իսկ կարճաժամկետ վարկանիշը` «B»։ Նույն «Ֆիթչի» հայտարարության մեջ, «ձեռքի հետ», նորից նշվում է, որ ԱՄՀ Կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ատրոս-Կանը կոչ է արել ԱՄՀ Խորհրդին՝ 2009 թ. մարտի 6-ի իր նիստում հավանություն տալ Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսյա Stand By վարկ տրամադրելու որոշմանը։
Ընդհանրապես, ֆինանսական կազմակերպությունների հայտարարությունները կարծես մեկը մյուսից copy-paste արած լինեն։ Բոլորը նշում են, որ Հայաստանը ճգնաժամը դիմակայում է ուժեղ դիրքերից, եւ որ փոխարժեքի «ճշգրտումը» թույլ կտա խթանել տնտեսությունը եւ արտահանումը։ ԱՄՀ-ն, օրինակ, աշխատում է արդարացնել Կենտրոնական բանկին, որը, փաստորեն, շեղվել էր «լողացող փոխարժեքի» քաղաքականությունից։ «Կենտրոնական բանկը 2008 թ.-ի ընթացքում ծախսել էր շուրջ 360 մլն դոլար ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 305 մակարդակի վրա պահելու եւ դրանով մասնակիորեն դոլարացված ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը դժվարին պայմաններում պահպանելու համար»: Փաստորեն, եթե հալած յուղի տեղ ընդունենք բոլոր այս հայտարարությունները, ապա ստացվում է մոտավորապես հետեւյալ պատկերը։ ԿԲ-ն տարիներ շարունակ վարել է դրամի արժեւորման քաղաքականություն՝ անդունդի եզրին կանգնեցնելով արտահանումը։ ԱՄՀ-ն այս ընթացքում միշտ ողջունել, քաջալերել ու խրախուսել է ԿԲ-ի ողջամիտ քայլերն ու ՀՆԱ-ի տպավորիչ աճը՝ ամենեւին չմտածելով արտահանողների մասին։ Ու հիմա հանկարծ ԱՄՀ-ն սկսել է մեր արտահանման մասին մտահոգվել։ Մեզանից էլ շատ։ Ու այնքան շատ է շահագրգռված մեր արտահանողների շահերով, որ հանուն դրա պատրաստ է մոտ կես միլիարդ դոլարի վարկ տրամադրել Հայաստանին։ Փոքր-ինչ զարմանալի չէ՞ ԱՄՀ-ի հանկարծակի «սիրալիր» վերաբերմունքը մեր արտահանման նկատմամբ։ Հիմա անդրադառնանք ՀՀ ԿԲ-ին։ Խնդիրը ոչ թե այն է՝ լա՞վ քայլ կատարեց ԿԲ-ն, թե՞ ոչ՝ թույլ տալով փոխարժեքի այսպիսի կտրուկ տատանում, այլ այդ քայլի բացատրությունը։ Ինչպե՞ս ստացվեց, որ ԿԲ-ն տարիներ շարունակ չէր ընդունում, որ դրամի արժեւորումը վնասում է տեղական արտադրությունը, իսկ հիմա՝ մի գիշերվա մեջ համոզվեցին, ու հանուն արտահանման ու տնտեսության խթանման՝ բաց թողեցին փոխարժեքը։ «Ես մեղավոր չեմ, ինձ համոզեցին»,- ասում էր հայտնի ֆիլմի հերոսը։ Սակայն մեր ԿԲ-ն հեշտ համոզվողներից չէ։ Ուրեմն ինչո՞վ էր պայմանավորված, որ ԿԲ-ն դեմ գնաց ինքն իրեն։ Այս հարցի պատասխանը տվել է նույն «Bloomberg»-ը՝ նույն այն հրապարակման մեջ, որտեղ Commerzbank-ի փորձագետ Մայքլ Գանսկեյը գովաբանում է ԿԲ-ի որոշումը։ Բավական է նշել միայն հրապարակման վերնագիրը՝ «Armenia Devalues Dram to Clinch $540 Million IMF Loan» (Հայաստանն արժեզրկում է դրամը՝ ապահովելու համար ԱՄՀ-ի 540 միլիոն դոլարի վարկի ստացումը)։ Նույն տեսակետը արտահայտել է նաեւ ամերիկյան «Stratfor» ռազմավարական հետազոտությունների կենտրոնը՝ հայտարարելով, որ Երեւանն այլ ընտրություն չուներ (նկատի ունեն փոխարժեքի «ազատումը»), քանի որ երկրի տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում։ «Ակնհայտ է, որ հանրապետությունում սպառվում էին արժութային՝ առանց այն էլ սուղ պահուստները։ Այդ իրականությունը Հայաստանի իշխանություններին ստիպեց հրաժարվել շուկայում արժութային ինտերվենցիաներ իրականացնելու պրակտիկայից՝ արտասահմանից ֆինանսավորում ստանալու նպատակով։ Դա էլ հանգեցրեց ազգային արժույթի կտրուկ արժեզրկմանը՝ մեկ օրվա ընթացքում»։ Ի դեպ, «Stratfor»-ի հրապարակման հեղինակները կարծիք են հայտնել, որ Հայաստանը առաջիկայում կարող է կանգնեցնել դրամի արժեզրկումը: «Երեւանն այդ դեպքում ստիպված կլինի անցնել մեկ այլ, այլընտրանքային արժույթի՝ տնտեսական կայունության տպավորությունը պահպանելու համար։ Մոսկվայից ուժեղ կախվածությունը հաշվի առնելով՝ նման այլընտրանքային արժույթ կարող է ծառայել ռուսական ռուբլին»։
Այսպիսով, հեղինակավոր վերլուծական կենտրոնները բաց տեքստով հայտարարում են՝ «վերադարձը լողացող փոխարժեքին» ունի մեկ հիմնական նպատակ՝ ֆինանսական ռեսուրսների ներգրավում։ Իսկ տեղական արտադրության եւ արտահանման մասին ելույթները պարզապես խոսքեր են։ Կարեւորը՝ փող լինի, հետո կերեւա՝ ինչ է լինելու։