ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Աշոտ Գիզիրյանը պաշտոնը ստանձնելուց հետո ակտիվ ստուգայցեր է կատարում հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներ: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ համակարգում հիմնարկների պետերի եւ պետի տեղակալների կադրային «ջարդ» է սպասվում: ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ շուտով ոչ միայն պաշտոնից ազատելու են «Արթիկ» ք/հ-ի պետ Արամ Խաչատրյանին, այլեւ` նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվելու: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով մենք զրուցեցինք Ա. Խաչատրյանի հետ: Վերջինս զարմացավ եւ հերքեց այս լուրը: «3 օր առաջ վարչության նոր պետ Աշոտ Գիզիրյանը վարչության աշխատակիցների հետ այցելել էր մեր հիմնարկ: Պետք է ասեմ, որ նա շատ գոհ էր եւ նույնիսկ շնորհակալություն հայտնեց հիմնարկի կազմակերպված աշխատանքի, կարգուկանոնի բարձր մակարդակի համար: Նա շրջեց ամբողջ զոնայով, ծանոթացավ դատապարտյալներին հատկացվող սնունդին, հիգիենային, դատապարտյալներին հարցուփորձ արեց: Ի ուրախություն մեզ՝ նա մեր հիմնարկի մասին գովեստի խոսքեր ասաց»,- նշեց Ա. Խաչատրյանը` հավելելով, որ, բնական է` վարչության պետ է փոխվել, հետեւաբար՝ մարդիկ ստահոդ տեղեկություններ տարածելով՝ իրենց ենթադրություններն են անում: ԱՆ Քրեակատարողական վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը նույնպես հերքեց այդ լուրն` ասելով. «Կադրային փոփոխություններ չեն եղել: Եթե նման բան լինի` լրատվամիջոցներն անպայման կտեղեկացվեն»: Ճի՞շտ է օրերս մամուլում հրապարակված այն լուրն, ըստ որի՝ աշխատանքից հեռացվելու է նաեւ ինքը` Ա. Բաբայանը. այս հարցին վերջինս միայն պատասխանեց. «Այդ տեղեկատվությունը լրատվամիջոցների վառ երեւակայության արդյունք է»:
Ի դեպ, երկու օր առաջ ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Սեւան» ք/հ-ի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Ազիզյանը: Քրեակատարողական վարչության օպերատիվ ծառայության կողմից ձեռք բերված օպերատիվ տեղեկություններից պարզվել է, որ Ա. Ազիզյանը պատրաստվում է նույն հիմնարկի դատապարտյալներից մեկին թմրանյութ փոխանցել: Քրեակատարողական վարչության օպերատիվ ծառայության եւ ՀՀ Ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում Ա. Ազիզյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է թմրանյութանման զանգված: