Մասամբ վաճառել են

07/03/2009

«Տրոյկա Դիալոգ» ընկերությունը ռազմավարական դաշինքի մեջ է մտնում «Standard Bank Group-ի հետ»,- նախօրեին նման հաղորդագրություն է տարածել «Տրոյկա Դիալոգ»-ը: Ընկերությունը կիրականացնի բաժնետոմսերի հավելյալ թողարկում իր կապիտալի 33%-ի չափով, եւ «Standard Bank Group»-ը կդառնա այդ մասնաբաժնի սեփականատերը: Ռուսական ընկերությունը կստանա 200 մլն դոլար կանխիկ գումար: Բացի այդ, հարավաֆրիկյան «Standard Bank Group»-ը կփոխանցի «Տրոյկա Դիալոգ»-ին իր դուստր կառույցը՝ ռուսական առեւտրային «Ստանդարտ» բանկը: Արդյունքում «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խումբը դառնալու է մի հոլդինգ, որի կազմի մեջ են մտնելու միացյալ առեւտրային բանկ, կառավարող ընկերություն, բրոքերային ընկերություն եւ ընկերություն, որը կառավարելու է «Troika Capital Partners» հիմնադրամները: Այդ խմբի բաժնետերերն են լինելու «Standard Bank Group»-ը (33%) եւ «Տրոյկա Դիալոգ»-ի թոփ մենեջերները՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ՝ ընդհանուր թվով 109 գործընկերներ (66%): Ըստ ընկերության` ներկայումս «Տրոյկա Դիալոգ»-ն ունի մեկ` 130 մլն դոլարի չափով վարկ, որը պետք է մարի 2009թ. ամռանը: