Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գոյատեւող Կենդանաբանական այգում կարծրացած խնդիրների կույտեր կան։ Բազմիցս ենք անդրադարձել այգու աշխատակազմի մասնագիտական պիտանելիության թեմային։ Օրեր առաջ այգում սատկել է Պրժեւալսկու ձիու նորածին ձագը։ Այդ նորությունը, ինչպես նաեւ բազում այլ դիպվածներ, այգու տնօրինությունը փորձում է հանրային ուշադրությունից հեռու պահել։
Թվում է, որ ձիու ձագի վախճանն այդքան էլ մեծ կորուստ չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ Պրժեւալսկու ձիերը հազվագյուտ կենդանիներ են։
Ձիերի այդ տեսակն ազատ բնության մեջ արդեն չի հանդիպում, կենդանիները ոչնչացվել են 19-րդ դարում (նրանց կարելի է հանդիպել միայն Մոնղոլիայի որոշ շրջաններում)։ Պրժեւալսկու ձիերը այժմ միայն կենդանաբանական այգիներում կամ արգելոցներում են բնակվում, եւ միայն մարդու միջամտության շնորհիվ նրանց գլխաքանակը դեռ պահպանվում է։ Աշխարհի բոլոր անասնաբույծների ուշադրության կենտրոնում գտնվող այդ ձիերը «Կարմիր գրքում» են գրանցված ու շատ թանկ են գնահատվում։ Այն կենդանաբանական այգիներում, որտեղ կան այդ հազվագյուտ ու հետաքրքիր կենդանիները, մեծ ուշադրություն են դարձնում նրանց բուծմանը։ Ձագերի ծնունդը մեծ գիտական նշանակություն ունի ու վկայում է այգու հեղինակության մասին։ Երեւանի Կենդանաբանական այգում 4 Պրժեւալսկու ձի է ապրում։ Մի քանի օր առաջ ձիերի մի զույգը ձագ է ունեցել, ու ձագը սատկել է։ Ձիուկի մահվան պատճառների մասին մենք փորձեցինք տեղեկանալ Երեւանի Կենդանաբանական այգու սմբակավոր կենդանիների բաժնի վարիչ Յուլյայից։ Նա ասաց. «Ի՞նչ իմանամ, ինչո՞ւ է սատկել»։ Ուսումնասիրելով ինտերնետում տեղադրված այլ կենդանաբանական այգիների փորձը, հնարավոր եղավ պարզել, որ նորածին ձիերի մահվան պատճառը ձիերի երամակի «անհանդուրժողականությունն» է։ Ավելի խոշոր կենդանիները կարող են լիովին առողջ ձագին ոտնատակ անել ու հարվածելով սմբակներով՝ սպանել, եթե սկզբնական փուլում զոոտեխնիկներն ու անասնաբույժները թուլացնեն իրենց հսկողությունը։
Երեւանի Կենդանաբանական այգու ամենամեծ ու բազմատեսակ կենդանիներ ընդգրկող բաժինը սմբակավոր կենդանիների բաժինն է, եւ շատ զարմանալի է, որ նման բաժինը ղեկավարում է մի մարդ, ով նույնիսկ չգիտե, թե որ կենդանիներն են վերջին տարիներին ձագեր ունեցել։ Երբ նրան հարցրեցինք, թե վերջին անգամ ե՞րբ է այգում Պրժեւալսկու ձի ծնվել, նա պատասխանեց. «Չգիտեմ, ես նոր եմ սկսել աշխատել այգում»։ Ինչպես յուրաքանչյուր հիմնարկում, այգում նույնպես կատարվում է «ընդունում-հանձնում» արարողությունը, եւ բաժնի վարիչն ուղղակի պարտավոր է տեղյակ լինել՝ ի՞նչ է գտնվում իր պատասխանատվության տակ։ Իսկ Յուլյան մեր հարցին, թե «որքա՞ն է տեւում ձիերի հղիությունը», ընդամենը կարողացավ ասել, որ հիմա չի հիշում։ Ու կախեց լսափողը։
Այգում բնակվող յուրաքանչյուր կենդանի ուրույն վարքագիծ, ֆիզիոլոգիական ու հոգեբանական առանձնահատկություններ, ճաշացանկ ու հսկողության մեխանիզմ ունի։ Եթե տարրական գիտելիքներից ու ինֆորմացիայից զուրկ մասնագետներ ունենք (ինչի արդյունքում կենդանիները վնասվածքներ են ստանում կամ սատկում են), ապա վաղուց ժամանակն է արտասահմանից մասնագետներ հրավիրել կամ էլ մեր մասնագետներին վերապատրաստման ուղարկել։ Մինչդեռ հիմա այգում ամեն բան ոչ միայն վատ է, այլեւ՝ սարսափելի է։ Ոչ ոք չի ընդունում, որ այգին խորքային վերափոխումների պահանջ ունի։ Մինչդեռ Կենդանաբանական այգին Երեւանի դեմքն է եւ վկայում է այն անտարբեր ու թքողական մոտեցման մասին, որը տիրում է մեր քաղաքի մթնոլորտում։ Եվ Երեւանի վերափոխման մասին խոսելիս չի կարելի անտեսել Կենդանաբանական այգին, որը միակ վայրն է, ուր մեր երեխաները գալիս են ժպիտով ու բնության հետ շփվելու սպասումով։ Ի դեպ, որեւէ մեկը հասկացա՞վ, թե ինչո՞ւ է սատկել մեր այգու փիղը, ինչո՞ւ է տառապում գետաձին, ինչո՞ւ են վնասված ուղտի հոդերը, եւ ո՞ւմ մեղքով է դեղամիջոցի սխալ չափաբաժին հաշվարկվել, ինչի արդյունքում սատկել են երկու սիբիրյան այծեղջյուրները։ Այդ հարցերն անպատասխան կմնան այնքան ժամանակ, մինչ այգու ղեկավարները չընդունեն, որ հարկավոր է որակյալ մասնագետներ ունենալ ու նրանց ըստ արժանվույն վճարել։ Խնդիրները հո չի՞ կարելի անվերջ կոծկել, ու տարիներ շարունակ այգին ինֆորմացիոն վակուումի մեջ պահել։