Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից ազատելու եւ ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով` Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ: Այս հրամանագրերի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունների տարածումից առաջ սակայն լուրեր էին շրջանառվում միանգամայն այլ նշանակումների մասին: Մասնավորապես, խոսակցություններ կային, որ Երվանդ Զախարյանը նշանակվելու է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պետի պաշտոնում: Իսկ Կադաստրի պետ Մանուկ Վարդանյանը, ըստ նույն լուրերի, պետք է նշանակվեր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Վերջինս երեկ աշխատանքային օրվա վերջում նույնիսկ հրաժեշտ է տվել Կադաստրի կոմիտեի աշխատակազմին: Սակայն, ըստ լավատեղյակ աղբյուրների, ավելի ուշ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո Մ. Վարդանյանը տեղեկացել է, որ շարունակելու է աշխատել նույն պաշտոնում: Նշենք, որ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանը Գագիկ Բեգլարյանին ներկայացնելու է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին կայացած խորհրդի նիստում որոշվել է, որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Գ.Բեգլարյանը: