Երեքը` մեկում

06/03/2009

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2009թ. մարտի 3-ին աշխատանքից ազատվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Ալիկ Անդրեասյանը: Նույն օրը աշխատանքից ազատվել են նաեւ Կենտրոն համայնքի Քննչական վարչության պետը եւ Կենտրոն համայնքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը: Պարզվում է` նշված երեք պաշտոնյաների ազատումը փոխկապակցված է: «Կենտրոն համայնքի տարածքում արձանագրվել էր ծանր մարմնական վնասվածքի պատճառմամբ հանցագործության դեպք, որի շրջանակներում շոշափվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի որդու անունը»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀ Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: Ըստ նրա, այդ հանցագործության քննությունը կատարվում էր Կենտրոնի ոստիկանությունում, որի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում էր Ա.Անդրեասյանը, ինչի իրավունքը նա չուներ: Ըստ օրենքի, նա պետք է այդ հանցագործության մասին զեկուցեր Գլխավոր դատախազություն, եւ գործի քննությունը Կենտրոնի ոստիկանության վարույթից տեղափոխեր մեկ այլ քննչական վարչության վարույթ: Մեր տեղեկություններով՝ նշված դեպքը տեղի է ունեցել 2008թ. դեկտեմբերին` Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հանրակացարանի շենքի մոտ գտնվող կարաոկե բար-սրճարանում, որի հարեւանությամբ էլ գտնվում է Ա. Անդրեասյանի տունը: Վերջինիս որդին մասնակցել է երիտասարդ տղաների վիճաբանությանը, որն ավարտվել է դանակահարությամբ: Իսկ Ա. Մեհրաբյանի միջամտությամբ` կատարվածի «մեղքն իր վրա է վերցրել» հանցագործության հետ կապ չունեցող մի երիտասարդ, եւ գործը փակվել է: ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով, նշված գործը այժմ տեղափոխվել է ԱԱԾ Քննչական վարչություն: Ա. Մեհրաբյանն այժմ գտնվում է կադրերի տրամադրության տակ: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ առաջիկայում նշանակում է սպասվում ՀՀ Ոստիկանությունում. անցած ամիս սպանված Գեւորգ Մհերյանի պաշտոնում որպես փոխոստիկանապետի թեկնածուներ շրջանառվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանապետ Գագիկ Ավետիսյանի եւ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի անունները: