Տուն արի

06/03/2009

Ըստ լավատեղյակ աղբյուրների, առաջիկայում ՀՀ դիվանագիտական կորպուսում սպասվում են բազմաթիվ փոփոխություններ: Մասնավորապես, հնարավոր է` հետ կանչվի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը եւ մեկ այլ պաշտոնում նշանակվի ՀՀ-ում: Իսկ նրա փոխարեն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում իր «մարդուն» նշանակելու հարցով ՀՀ իշխանությունների հետ բանակցում է նախկին վարչապետ, Անգլիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանը: Տեւական ժամանակ է` օրակարգում է նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի փոփոխության հարցը: Որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի հավանական թեկնածուներ քննարկվում են ՀՀ նախագահի խորհրդական, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի, Ուկրաինայում ՀՀ դեսպան` Արմեն Խաչատրյանի, 1993-2006թթ. ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Արմեն Թավադյանի, ինչպես նաեւ «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի անունները: Ըստ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրների, առաջիկայում հետ են կանչվելու նաեւ Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը եւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Վերջինս, ըստ նույն աղբյուրի, կարող է նշանակվել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում` Արմեն Խաչատրյանի փոխարեն: