«Կառավարությունը համարձակություն չունեցավ մոնոպոլիաները վերացնելու ուղղությամբ որեւէ քայլ անել: Առաջին հերթին, խոսքս վերաբերում է էլեկտրացանցերին: Ընկերությունը 2004 թվականին էլեկտրաէներգիան բնակչությանը վաճառում էր 25 դրամով, բայց դոլարը գնում էր 550-ով: Իսկ այս տարվա մինչեւ մարտի 1-ը նորից վաճառում էր 25 դրամով, իսկ դոլարը գնում էր 300 դրամով: Մենք այստեղ տեսնում ենք 75-80 % գերշահույթ: Նույնը կատարվում է գազի, կապի ու ջրի ոլորտում»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով դրամի արժեզրկման վերջին օրերի իրադարձություններին եւ դրա արդյունքում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակին, հայտարարեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: «Դրա փոխարեն ընկել են մանր ու միջին ձեռներեցների հետեւից, որոնք այս պետությունից ոչինչ չեն ուզում, մի բան էլ հարկեր են տալիս: Դա կլինեն տաքսիստները, Ոսկու շուկայի, տոնավաճառների առեւտրականները եւ այլն: Վարչապետը գնում է Ոսկու շուկա եւ Վաղարշի դեմ ինչ-որ հայտարարություններ անում: Այդքան անաչառ էր` թող նաեւ մյուս տոնավաճառներ այցելեր»,- շարունակեց Հ. Առաքելյանը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ վարչապետն ու կառավարությունը հրաժարական ներկայացնեն, նա նշեց, որ վարչապետը պատասխանատվության պետք է կանչվի նաեւ ԿԲ աշխատած տարիների իր գործողությունների, օրինակ` ոսկու պաշարները վաճառելու համար: «Անընդհատ գովում է մեր բանկային համակարգը, ես բազմաթիվ խոսակցություններ եմ ունեցել արտասահմանյան տնտեսագետների, այդ ոլորտի աշխատողների հետ, նրանք պարզապես ծիծաղում են մեր բանկային համակարգի վրա` ասելով, որ Հայաստանում լուրջ բանկ գոյություն չունի: Ես ընկածին չեմ ուղում խփել, պարզ չէ, թե կառավարության հրաժարականից հետո ով կարող է դառնալ վարչապետ, բայց մի բան հաստատ է` Տիգրան Սարգսյանն այսօր իր աթոռին չէ»,- ասաց ՀՌԱԿ ատենապետը: Ավելին, նա մեղադրեց վարչապետին նաեւ «Նաիրիտ» գործարանի կողմից ԱՊՀ Միջպետական բանկից վերցրած եւ անհայտացած 70 մլն դոլար վարկի հետ կապված մութ պատմության համար: «Մենք տեղեկություններ ունենք, որ նա բանակցություններ է վարում Ռուսաստանից ստացվելիք 500 մլն դոլարից 100 մլն-ը այդ վարկի դիմաց չստանալու վերաբերյալ»,- հայտարարեց Հ. Առաքելյանը: Նա անդրադարձավ նաեւ փետրվարի 21-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 18-րդ համագումարին եւ ՀՌԱԿ-ին միացած երեք կուսակցություններին` նշելով, որ կուսակցությունների միավորման գործընթացը պետք է միայն ողջունել: «Յուրաքանչյուր կուսակցություն, երբ որոշում է միավորման գործընթաց սկսել, նա ըստ Քաղաքացիական օրենսգրքի եւ ըստ կուսակցությունների մասին օրենքի՝ պարտավոր է առանձին համագումար իրականացնել, կայացնել որոշում, թե ում է միանում, եւ այդ փաստաթղթերը ներկայացնել Արդարադատության նախարարություն: Ե՛վ «Դաշինք» կուսակցությունը, եւ՛ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը եւ՛ «Ազատական առաջադիմական կուսակցությունը» այդ որոշումները կայացրել են տարբեր ժամանակներում, ամեն մեկը՝ իրենց համագումարներում: Ամեն մեկի համար Արդարադատության նախարարությունը կայացրել է առանձին որոշում եւ ֆիքսել, որ այդ երեքի իրավահաջորդը հանդիսանում է ՀՌԱԿ-ը: Այսինքն` 18-րդ համագումարին մենք արդեն իսկ գնացել ենք 4 կուսակցություններով»,- ասաց Հ. Առաքելյանը: Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչու 18-րդ համագումարին ներկա չէին Սամվել Բաբայանը, Ալբերտ Բազեյանը եւ Էդվարդ Անտինյանը, Հ. Առաքելյանը նշեց, որ միացել են ոչ թե այդ նախկին լիդերները, այլ կուսակցությունները: «Եթե իրենք որոշել են համագումարի որոշմանը հակառակ չանդամագրվել ՀՌԱԿ-ին եւ չզբաղվել քաղաքականությամբ, դա իրենց խնդիրն է: Այդ բոլոր կուսակցություններից այսօր կան մարդիկ ՀՌԱԿ-ի ղեկավար կազմում, նաեւ` փոխատենապետի կարգավիճակով»,- հայտարարեց Հ. Առաքելյանը: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին, Հ. Առաքելյանը նշեց, որ հնարավոր է` մասնակցեն, եւ, որ այդ հարցը դեռեւս քննարկում են: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Հ. Առաքելյանն ասաց, որ Հայաստանը պետք է վարի առանց նախապայմանների սահմանը բացելու քաղաքականություն, թեեւ չպետք է աչքաթող անի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ըստ նրա, սակայն, այսօր վարվող արտաքին քաղաքականությունը հաշվի չի առնում, որ թուրքական կողմը շատ հմտորեն օգտագործում է Գյուլի, ինչպես նաեւ՝ առաջիկայում սպասվող Թուրքիայի արտգործնախարարի այցերը` ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմն առնելու համար: «Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, երբ շատ ցածր մակարդակի բանակցություններ էին վարում սահմանը բացելու համար, թուրքական կողմը դրան հղում անելով՝ փորձում էր կասեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այժմ, երբ նման բարձր մակարդակով են բանակցությունները վարվում, այդ վտանգն ավելի մեծ է դարձել: Թուրքիան Միացյալ Նահանգներին հորդորում է, թե իրենք Հայաստանի հետ մերձեցման, կամ հարաբերությունների ջերմացման փուլում են, ու Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է խափանել երկու երկրների հարաբերությունները, մերձեցման գործընթացը»,- ասաց Հ. Առաքելյանը: Նա ներկայացրեց նաեւ կուսակցության վերջին հայտարարությունը, որի հիմնական իմաստն այն էր, որ Հայաստանը պետք է սկսի ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու իրավունք ձեռք բերելու գործընթաց: «Հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստի ճանաչումը տարբեր պետությունների կողմից որքան էլ ցանկալի լինի, այնուամենայնիվ, այդ գործընթացը մեզ տալիս է բարոյական հաղթանակներ, այլ ոչ իրավական, հետեւաբար միջպետական խնդիրների լուծումը վաղուց գտնվում է միջազգային դատարանների տիրույթում: ՀՌԱԿ քաղաքական խորհուրդն առաջարկում է ՀՀ օրենսդիր, դատական եւ գործադիր պետական կառույցներին սկսել համակարգված գործընթաց` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 36-րդ հոդվածի` ճանաչել եւ վավերացնել ՄԱԿ-ի միջազգային դատարանի գերակայությունը, քանի որ ՀՀ-ն չունի Միջազգային դատարան դիմելու իրավունք որեւէ հարցի կապակցությամբ: Ճանաչելով այդ գերակայությունը, հնարավորություն կընձեռվի պատասխանատվության կանչելու անգամ այն երկրներին, որոնք չեն ճանաչել Միջազգային դատարանի գերակայությունը, բայց միացել են ՄԱԿ-ի տարաբնույթ կոնվենցիաներին»,- նշված է այդ հայտարարության մեջ: Նշենք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի գերակայությունը ճանաչել են 66 պետություններ, այդ թվում եւ՝ Վրաստանը, բայց որեւէ օգուտ դրանից Վրաստանը չի ստացել հենց թեկուզ, օրինակ, չճանաչված Աբխազիայի ու Օսեթիայի հարցում: