Գրավոր բողոքներ չկան

06/03/2009

Թեեւ վերջին օրերին դոլարի լողացող կուրսի հաստատմանը զուգընթաց՝ ոտնահարվել են հազարավոր քաղաքացիների իրավունքներ, սակայն Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ա1+»-ին ասել է, որ օմբուդսմենի գրասենյակը չի զբաղվում նման բնույթի բողոքներով: «Մերը պետական սեկտորն է, մասնավորով եթե զբաղվեինք, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի անհրաժեշտություն չէր լինի»,-նշել է Արմեն Հարությունյանը` ավելացնելով, որ եթե տնտեսական բնույթի բողոքներ են լինում, ՄԻՊ գրասենյակը դրանք ուղարկում է ֆինանսական հաշտարարին: Իսկ ֆինանսական հաշտարարը` Փիրուզ Սարգսյանը, «Ա1+»-ին ասել է, որ իրենք դոլար-դրամային տատանումների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման արդյունքում տուժած քաղաքացիների կամ տնտեսվարողների կողմից բողոքներ չեն ստացել: «Իսկ վերահսկողական ֆունկցիա մենք չունենք. մինչեւ գրավոր դիմում չլինի, մենք իրավունք չունենք որեւէ միջոցառում ձեռնարկել»,- նշել է նա: