Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն ընկերության` «ԱԼՌՕՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ըստ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հիշյալ ոլորտում աշխարհում եւս առաջատար այդ ընկերության հետ համագործակցության հետագա ընթացքին, ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին աջակցության հնարավորությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր: «ԱԼՌՕՍԱ» ընկերության նախագահը Հայաստանին մեծածավալ վարկային գծի տրամադրման առաջարկություն է ներկայացրել, ինչը հնարավորություն կտա «ԱԼՌՕՍԱ»-ից ալմաստի հումք ձեռք բերել եւ դրա մշակմամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին առաջիկա մի քանի տարիներին ապահովել անհրաժեշտ հումքով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը պայմանավորվել են փոխշահավետ այդ վարկի պայմանները լրացուցիչ քննարկել` եւ՛ վարկատուի, եւ՛ վարկառուի դեպքում դիտարկելով բոլոր ռիսկերը` նկատի առնելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետագա հնարավոր դրսեւորումներն ու ազդեցությունը տնտեսության վրա: