Դրամ, լող տուր, լող արա

06/03/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այն, ինչ 2 օր առաջ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական կյանքում, ունի մեկ անվանում՝ շոկ։ Իհարկե, բոլորն էլ գիտեին, որ դրամը վաղ թե ուշ արժեզրկվելու է, սակայն ոչ ոք չէր սպասում, որ դոլարի «ցատկը» այդքան բարձր կլինի։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ասուլիսից կես ժամ չանցած՝ փոխանակման կետերի վահանակների վրա հայտնվեցին չարագուշակ թվերը՝ «ԱՄՆ ԴՈԼԱՐ։ Առք՝ 350, վաճառք՝ 380»։ Նման բան ոչ ոք չէր սպասում։ Հիմա արդեն պարզ է դառնում, որ տեղի ունեցածը «զսպանակի էֆեկտ» էր։ Երբ զսպանակը մատով սեղմեք գետնին ու միանգամից բաց թողնեք, այն կցատկի այնպես, ինչպես ցատկեց դոլարը։ Կցատկի ու միգուցե վնասի ձեր կամ մեկ ուրիշի աչքը։ Մինչդեռ նորմալ մարդը մատը դանդաղ է բարձրացնում զսպանակի վրայից, որ այն հանգիստ ընդունի իր նորմալ չափսերը։ Մեր իշխանությունները կարծես ուզում էին փորձել, թե առավելագույնը որքան կարող է ցատկել զսպանակը՝ բնականաբար, կողքի մարդկանց մասին չմտածելով։ Ի դեպ, կողքի մարդիկ այնքան էլ անտեղյակ չէին։ Նրանք ժամանակ առ ժամանակ ասում էին՝ մի՛ սեղմեք զսպանակը, թողեք այն հանգիստ։ «Ի՞նչ զսպանակ, ի՞նչ մատ…»,- ասում էին իշխանություններն ու հերթով ավելացնում մատների քանակը (դոլար վաճառում)՝ ավելի շատ սեղմելով զսպանակը։ Հետո հոգնեցին (կամ ինչ-որ մեկը քանոնով խփեց մատներին), բաց թողեցին ու վնասեցին կողքի մարդկանց։ Վնասվեցին անգամ այն մարդիկ, ովքեր զսպանակից հեռու էին կանգնած, որովհետեւ դոլարի «թռիչքը» իր հետ բերեց մի շարք «կողմնակի հետեւանքներ»։ Փոխարժեքի, այսպես ասած, ճշգրտումից րոպեներ անց սրընթաց բարձրացան գրեթե բոլոր ապրանքների գները։ Ընդ որում, եթե ներմուծվող ապրանքների դեպքում դա ինչ-որ չափով հասկանալի էր (թեեւ իրականում երեկ թանկացած բոլոր ապրանքների Հայաստանում եղած խմբաքանակները ներմուծվել են նախկինում` դոլարի հին փոխարժեքի պայմաններում), ապա, օրինակ, հավի ձվի թանկացումը ոչ մի բացատրություն չունի (եթե, իհարկե, Հայաստանի հավերը չեն սկսել դոլարով վաճառել իրենց ածած ձվերը)։ Ու թեեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ ժամ առ ժամ մոնիտորինգ է անցկացնելու՝ գների չհիմնավորված թանկացումները կանխելու նպատակով, գները դեռ չեն իջնում։ Օրինակ, բենզինը 240 դրամից կես ժամում դարձավ 290 դրամ ու մինչեւ հիմա վաճառվում է այդ գնով։ Մարդիկ խուճապի մեջ խանութներից կրում-տանում են ինչ պատահի՝ վախենալով, որ վաղը կարող է ամեն ինչ ավելի թանկանա կամ չլինի։ Խանութներն էլ կամ թանկացնում են ապրանքը, կամ փակվում։ Ընդ որում, փակված խանութը հանգստության կոչ է անում քաղաքացիներին։ Այս ամենը զավեշտալի է թվում, սակայն ունի մի գլխավոր պատճառ՝ անորոշությունը։ Անորոշությունը ծնում է քաոս։ Իսկ անորոշությանը ծնեցին իշխանությունները։

Վերադարձ ինչի՞ն

Վերջին 48 ժամվա ընթացքում երեւի մի 148 անգամ, տարբեր պաշտոնյաների շուրթերից լսեցինք «վերադարձ փոխարժեքի լողացող քաղաքականությանը» արտահայտությունը։ Վերադարձ։ Այդ բառն ասում են թե՛ Համաշխարհային բանկի, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամի, թե՛ ՀՀ Ազգային ժողովի եւ թե՛ հենց Կենտրոնական բանկի նախագահն ու ներկայացուցիչները։ Հատկապես ԿԲ-ն այնպիսի թեթեւությամբ է արտասանում «վերադարձ» բառը, որ ակամայից սկսում ես կասկածել սեփական լսողության ու հիշողության վրա։ «Վերադարձ»՝ նշանակում է, որ ԿԲ-ն մինչեւ մարտի երեքը լողացող փոխարժեքի քաղաքականություն ՉԷՐ իրականացնում։ Սակայն միշտ ասում էր՝ շուկան է ձեւավորում փոխարժեքը։ 2008-ի հոկտեմբերից սկսած՝ ԿԲ-ն սկսեց լայնածավալ ինտերվենցիաներ կատարել, դոլար վաճառել՝ փոխարժեքը պահելու համար։ Դա, ըստ էության, ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն էր։ Սակայն հայտարարություն, որ շեղվել ենք «լողացող փոխարժեքից», նորից ենք կրկնում, չի եղել։ Ու հիմա հանգիստ խղճով ասում են՝ վերադարձանք լողացող փոխարժեքին։ Կարծես այդպես էլ պետք է լիներ, կարծես ասուլիս էին տվել, մարդկանց նորմալ բացատրել՝ ինչ քաղաքականություն են վարում։ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն էլ, իրար հերթ չտալով, ողջունում են «վերադարձը լողացող փոխարժեքին»։ Մի հարցնող լինի` իսկ մինչեւ այդ ի՞նչ քաղաքականություն էր իրականացվում։ Այդ հարցը երեկ ուղղեցինք ՀԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին։ Վերջինս նշեց, որ մինչեւ անցյալ տարվա վերջերը ԿԲ-ն լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացրել, հետո սկսեց ինտերվենցիաներ կատարել, եւ այլն, եւ այլն… Փորձեցինք, այնուամենայնիվ, հստակ պատասխան ստանալ՝ ինչպե՞ս է կոչվում այն քաղաքականությունը, որը Կենտրոնական բանկը վարել է 2008 թվականի հոկտեմբերից մինչեւ 2009 թվականի մարտի 3-ը։ «Դա կարելի է անվանել դոլարին ամրացված փոխարժեքի քաղաքականություն»,- մոտավորապես այսպիսի պատասխան տվեց Ա. Վարուդակիսը։ Ի դեպ, չի բացառվում, որ մի քանի ամիս անց մի անգամ էլ հայտարարեն «վերադարձի մասին»։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով, ԿԲ-ն կմիջամտի միայն փոխարժեքի կտրուկ տատանումները կանխելու համար։ Նա նաեւ կանխատեսել է, որ 2009 թ. դոլարի միջին հավասարակշռված փոխարժեքը կտատանվի 360-380 դրամի սահմաններում։ Թե՛ ԿԲ-ն, թե՛ ԱՄՀ-ն հայտարարում են, որ դրամը գերարժեւորված էր մոտ 20%-ով։ Այսինքն, 305 դրամից 20% բարձր՝ 365-370 դրամը դոլարի նորմալ, շուկայական գինն է։ ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսն էլ հեռուստաեթերի նախօրեին ժպիտով մարդկանց խորհուրդ էր տալիս դոլարը վաճառել եւ շահույթ ստանալ։ «Եթե 307 դրամով գնված դոլարը 380-ով վաճառեն, բավականին լավ շահույթ կստանան»,- ասում էր նա։ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն էլ Հ1-ի եթերում ակնարկում էր, որ դժվար թե դրամն ավելի շատ արժեզրկվի։ Սրանք բոլորը ազդակներ են, սպասումներ ձեւավորելու, հասարակությանը հանգստացնելու եւ խուճապը վերացնելու փորձ։ Դեռեւս անհաջող փորձ: Իսկ բոլոր այդ տեսակետները ի մի բերելով՝ կարելի է ենթադրել, որ ԿԲ-ն եւ միջազգային կազմակերպությունները համաձայնության են եկել 360-380 դրամ փոխարժեքի շուրջ եւ դրանից մեծ շեղումներ թույլ չեն տա։ Փաստորեն, փոխարժեքի «լողը», այնուամենայնիվ, սահմանափակված է, պարզապես լողավազանի չափերն են մեծացվել։ Իսկ ինչ վերաբերում է Ն. Օմեսի խորհրդին, թե՝ վաճառեք գնած դոլարները, ապա կցանկանայինք հարց ուղղել հարգարժան տիկնոջը՝ գոնե մոտավոր պատկերացումներ ունե՞ք, թե ովքեր են եղել դոլար գնողները։ 2008 թվականի հոկտեմբերից սկսած Կենտրոնական բանկը վաճառել է ավելի քան 600 միլիոն դոլար։ Վաճառվել է, ինչպես արդեն պարզ դարձավ, շուկայականից 20-30% ցածր գնով։ Ո՞վ է գնել այդ 600 միլիոն դոլարը «Նասդաք ՕԷմԷքս»-ում՝ հասարակ քաղաքացինե՞րը։ Դժվար թե։ Ամեն դեպքում, այն մարդիկ, ովքեր գնել են էժան դոլարը, դժվար թե տիկին Օմեսի խորհուրդների կարիքն ունենան. նրանք իրենք կարող են բոլոր եվրոչինովնիկներին սովորեցնել Հայաստանում հեշտ շահույթ ստանալու բոլոր նրբերանգները։

Այսքան ուրախ կյանքը մեր

Դժվար է ասել՝ իշխանություններն ու վերջիններիս «ողջունելու» մեծ սիրահար միջազգային կազմակերպությունները կանխատեսո՞ւմ էին, որ նման խուճապային իրավիճակ կստեղծվի։ Նրանք, իհարկե, հաշվարկած կլինեին, որ դոլարի գինը միանգամից կբարձրանա, սակայն դժվար թե հաշվի առած լինեին, որ կողմնակի գնաճային ազդեցություններն այդպիսի խուճապ կստեղծեն։ Այլապես նախապես հավաքած կլինեին խոշոր տնտեսավարող սուբյեկտներին ու «ինստրուկտաժ» արած կլինեին, որ գները չթանկացնեն։ Զավեշտալին այն է, որ երբ արդեն բանը բանից անցել էր, շարունակում էին այնպես խոսել, կարծես մի հիասքանչ, լավ բան է տեղի ունեցել, ու հասարակությունը պետք է իրենց շնորհակալություն հայտնի։ Բոլորը հանկարծ հիշեցին արտահանողների մասին, սկսեցին համոզել, որ դրամի արժեզրկումը կխթանի մեր տնտեսությունը, ոտքի կկանգնեցնի արտահանողներին։ Մինչդեռ վերջին տարիներին համոզում էին, որ դրամի արժեւորումը վկայում է տնտեսության զարգացման մասին։ Թե ի՞նչ ենք արտահանելու, ո՞ր ոլորտներն են զարգանալու, ոչ ոք չի ասում։ Իսկ ամենածիծաղելին երեկվա «Հայլուրն» էր՝ օրվա տնտեսական զարգացումների մասին պատմող իր ռեպորտաժով եւ դրա ուրախ երաժշտական ֆոնով։ Արտասահմանում այս հաղորդումը դիտողի մոտ այնպիսի տպավորություն կստեղծվեր, որ հայ ժողովուրդը ազգային տոնախմբություն է կազմակերպել դոլարի թռիչքի կապակցությամբ ու սրտի թրթիռով սպասում է հայկական արտադրանքի արտահանման վերելքին։ Ակամայից մտածում ես, որ ռեպորտաժի հեղինակները դոլարով են աշխատավարձ ստանում։ Իսկ այն մարդիկ, ովքեր աշխատավարձը դրամով են ստանում, իշխանությունների հորդորներին հետեւելով՝ խնայողություններն էլ դրամով են պահել, հիմա ուզում ենք իմանալ՝ ո՞վ է պատասխան տալու, որ մի քանի ժամվա մեջ կորցրել են իրենց ունեցածի 30%-ը։