Ճգնաժամ

06/03/2009

Արտադրողները լաց են լինում

Կհաջողվի՞ արդյոք պերճանքի առարկաներ արտադրողներին խուսափել ճգնաժամի հետեւանքներից: Հազիվ թե, գրում է Economist. com.-ը: Ըստ Bain ընկերության կանխատեսումների, որոնց հղում է անում հրատարակությունը, այս տարի պերճանքի առարկաներ արտադրողների եկամուտները կընկնեն 3-7 տոկոսով: Արդեն իսկ տագնապալի լուրեր են ստացվում: Այսպես, պերճանքի խորհրդանիշ հանդիսացող ադամանդներն արդեն բնավ էլ հավերժական արժեք չեն: Օրերս «De Beers» ընկերությունը` ադամանդների խոշորագույն արտադրողը, խոստովանել է, որ կրճատում է իր գործունեությունը Բոտսվանայում: Ալմաստի ավելի փոքր հանքերն ընդհանրապես փակվում են մեկը մյուսի հետեւից: Պատճառը պարզ է` ամերիկացիները, որոնք նախկինում գնում էին աշխարհում արտադրվող ադամանդե բոլոր զարդերի կեսը, այժմ համառորեն դիմադրում են կախարդական փայլին: Վերջին ժամանակներս ավելի ու ավելի են նվազում տոների առիթները, ուրեմն եւ թանկ շամպայնն արդեն այլեւս գետի պես չի հոսում: Տակավին 2008 թվականին շամպայն արտադրողներն արտահանությունը կրճատեցին միջինը 4,8 տոկոսով: Իսկ փետրվարի սկզբին Louis Vuitton Moet Hennessy-ն զեկուցեց տարվա արդյունքներով խիստ համեստ շահույթների մասին: Կորուստներ են կրում նաեւ «լյուքս» կարգի բնակարանների բնագավառում մասնագիտացող ռիելթորները: Այսպես, արդեն 2008թ. վերջին Մանհեթենի աներեւակայելի թանկ անշարժ գույքի գինն ընկավ 20 տոկոսով, իսկ այս տարի «Barron’s» շաբաթաթերթի տվյալներով` կընկնի 50 տոկոսով: Իսկ Դուբային պահանջվեց Ամիրայություններից հարեւանների շտապ օգնությունը. խնդիրներ էին ծագել` կապված իրացվելիության հետ: Ահա եւ փոխառու փողերով 7-աստղանի հյուրանոցների կառուցման արդյունքը: Այդուամենայնիվ, գերհարուստները, ի տարբերություն պարզապես հարուստների, նույնիսկ ներկայիս ծանր ժամանակներում կարող են իրենց շռայլություն թույլ տալ: Այլապես ինչով բացատրել այն փաստը, որ Rolls-Royce-ը տարվա արդյունքներով հայտարարեց նոր ռեկորդի մասին. 2008 թվականին վաճառվել է այդ անպատշաճ թանկ 1212 ավտոմոբիլ: Ընդսմին, թե BMW-ն, թե Aston Martin-ը, որոնք ավտոմոբիլներ են թողարկում բնավ էլ ոչ չունեւորների համար, իրացման հետ կապված լուրջ դժվարություններ ունեն:

Ներդրողները գերագնահատո՞ւմ են ռիսկերը

Ներդրողները գերագնահատում են ռիսկերը, ինչն ԱՄՆ-ի տնտեսությունը գցում է էլ ավելի վտանգավոր իրադրության մեջ: Այս կարծիքը հայտնել է ներդրումային «գուրու» եւ Berkshire Hathaway ընկերության սեփականատեր Ուորեն Բաֆետը: «Ներդրումային աշխարհը թերագնահատված ռիսկերից վերակողմնորոշվել է դեպի գերագնահատվածները»,- գրել է Բաֆետը ներդրողներին հղած բաց նամակում, որի տեքստը զետեղված է ընկերության պաշտոնական կայքում: Անցյալ տարին դրամատիկական կորուստներ բերեց Berkshire Hataway-ի ներդրումային թղթապանակին, որի ղեկի մոտ մշտապես կանգնած է Բաֆետը, որը 2008 թվականի սկզբին աշխարհում ամենահարուստ մարդն էր՝ ըստ «Forbes» հանդեսի վարկածի: Ընկերության արժեքի զուտ կորուստները կազմել են 11,5 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, ընկերությունը տարին փակել է 4,994 միլիարդ դոլարի չափով շահույթով, ինչը 62,2 տոկոսով քիչ է, քան 2007թ.: «2008թ. չորրորդ եռամսյակում վարկային ճգնաժամը բնակարանային եւ ֆոնդային շուկաներում գների փլուզման հետ մեկտեղ՝ սերմանեց կամքը կաթվածահարող սարսափ, որը երկիրը նետեց (ճգնաժամի) խորխորատը: Գործարար ակտիվության ազատ անկումը ձեռք բերեց այնպիսի արագություն, որպիսին ես իմ կյանքում չեմ տեսել: Սարսափը հանգեցրեց գործարարության նվազման, ինչն, իր հերթին, հարուցեց էլ ավելի մեծ սարսափ»,- հայտարարել է Բաֆետը: Նա խոստովանել է իր մի քանի «բութ» սխալները, մասնավորապես, կապված Conoco Philips էներգետիկական ընկերության բաժնետոմսերի գնման հետ՝ անցյալ տարվա ամռանը նավթի գնային բարձրակետի ժամանակ, եւ Իռլանդիայի երկու բանկերի գնման հետ: Սակայն 14,5 միլիարդ դոլարի չափով իր հիմնական ներդրումները Wrigly, General Electric եւ Goldman Sachs ազգային հսկաներում Բաֆետը բնորոշում է որպես «ավելի, քան բավարարող»: Բաֆետը պահում է 25 միլիարդ դոլարի կանխիկ դրամ, եւ բացահայտորեն մտադիր է շարունակել իր ներդրումները: Նրա կարծիքով, ԱՄՆ-ի պատմության մեջ եղել են վատթարագույն մարտահրավերներ՝ 80-ական թվականների ճգնաժամը եւ Մեծ դեպրեսիան, պատերազմներ, որոնք ազգը հաղթահարել է: «Ամերիկայի լավագույն օրերը դեռ առջեւում են»,- ներդրողներին համոզում է Բաֆետը:

Կարող է հրաժարվեն

Տոկիոյի «Tokio Motor Show 2009» միջազգային ավտոսալոնի մասնակիցների թիվը կարող է զգալիորեն նվազել դրան մասնակցելուց ամերիկյան «մեծ եռյակի» հրաժարման եւ ճապոնական մի քանի ավտոարտադրողների բացակայության պատճառով, հաղորդել է «Սանկեյ» թերթը:

Տոկիոյի ավտոսալոնը մտնում է աշխարհում նման կարգի խոշորագույն միջոցառումների հնգյակի մեջ: ԱՄՆ 3 խոշորագույն ավտոարտադրողները՝ «General Motors»-ը, «Crysler»-ը եւ «Ford»-ն, արդեն հայտարարել են հոկտեմբերին բացվող ավտոշոուին իրենց չմասնակցելու մասին: Այժմ սալոնի կազմակերպիչներին՝ Ճապոնիայի ավտոարդյունաբերական ասոցիացիային, հայտնի է դարձել, որ Ճապոնիայի՝ բեռնատարների եւ ավտոբուսների առնվազն չորս արտադրողներ քննարկում են ֆինանսական դժվարությունների պատճառով հոկտեմբերին իրենց արտադրանքի ցուցադրումից հրաժարվելու հարցը: Ֆրանսիայի Պեժո-Սիտրոեն կոնցեռնը նույնպես քննարկում է ավտոշոուին իր չմասնակցելու հնարավորությունը: Ընդամենը շուրջ 20 արտասահմանյան արտադրողներ այս տարի չեն գա Տոկիո: Ըստ որում, առայժմ Ճապոնիայի մարդատար ավտոմոբիլների բոլոր արտադրողներն՝ աշխարհում խոշորագույն ավտոընկերության՝ «Տոյոտայի» գլխավորությամբ, պատրաստվում են մասնակցելու ավտոսալոնին: «Հենց այժմ չափազանց կարեւոր է աշխուժություն մտցնել եւ բարձրացնել ավտոշուկայի տոնուսը»,- հայտարարել է «Toyota»-ի ղեկավարությունը: Կազմակերպիչները երկյուղ են կրում, որ ավտոշոուում հռչակավոր համաշխարհային մակնիշների բացակայությունը կհանգեցնի ցուցադրական մակերեսների եւ միջոցառումների տեւողության կրճատման: Կազմակերպիչներին անհանգստացնում է նաեւ Չինաստանի կողմից աճող մրցակցությունը: Անցյալ տարի Ճապոնիայում նոր ավտոմեքենաների վաճառքները նվազել են 6,5 տոկոսով եւ կազմել 3 միլիոն 212 հազար՝ ամենացածր մակարդակը վերջին 34 տարում: Ըստ որում, անցյալ տարի Չինաստանում վաճառված նոր ավտոմոբիլների թիվը գերազանցել է 10 միլիոնը: Հենց Չինաստանի շուկայի այս ինտենսիվ աճով է բացատրվում այս տարվա ապրիլին Շանհայի ավտոսալոնին «մեծ եռյակի» եւ այն արտադրողների մասնակցությունը, որոնք չեն ժամանի Տոկիոյի ավտոշոու: «Եթե այսպես շարունակվի հետագայում էլ, ապա Չինաստանն առաջ կանցնի մեզնից եւ կզբաղեցնի մեր տեղը: Իսկ մի քանի տարի անց ընդհանրապես կարելի կլինի խոսել առաջատար համաշխարհային ավտոսալոնների հնգյակը փոխելու մասին»,- չեն թաքցնում իրենց անհանգստությունը թերթի աղբյուրները Ճապոնիայի ավտոարդյունաբերողների ասոցիացիայից: Տոկիոյի միջազգային ավտոսալոնի մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի այս ամսին:

Վնասով են ավարտել

Վերջին 18 տարվա ընթացքում առաջին անգամ 2008թ. 4-րդ եռամսյակում ամերիկյան բանկերի միագումար ֆինանսական արդյունքները զուտ վնաս են արձանագրել: Այն բանկերի վնասները, որոնք իրենց ավանդատուների միջոցները ապահովագրել են ԱՄՆ-ի Դեպոզիտների ապահովագրման դաշնային կորպորացիայում (FDIC), հոկտեմբեր-դեկտեմբերին կազմել է 26,2 մլրդ դոլար: Ընդսմին, FDIC-ի, այսպես կոչված, «խնդրահարույց ցուցակում» ֆինանսավարկային հիմնարկների թիվը չորրորդ եռամսյակում աճել է 47 տոկոսով` 171-ից մինչեւ 252 բանկ: «Ոչ մի կասկած չկա, որ մենք FDIC-ի 75-ամյա պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկն ենք ապրում»,- լրագրողներին հայտարարել է կորպորացիայի նախագահ Շեյլա Բերը: Նրա խոսքով` բանկերի շահույթների «աննախադեպ փլուզումը» դարձել է մի քանի ֆինանսական ինստիտուտների խոշոր վնասների եւ անհուսալի պարտքերի գծով աճող կորուստների հետեւանքը: «Այն փաստը, որ չորրորդ եռամսյակում վնասներ է արձանագրել ֆինանսավարկային հիմնարկների գրեթե մեկ երրորդը, հաստատում է ֆինանսական հատվածի առջեւ ծառացած հիմնախնդիրների մասշտաբները»,- ասել է նա: Անհուսալի պարտքերի ծածկման համար բանկերի կողմից հատկացված պահուստները չորրորդ եռամսյակում աճել են ավելի քան կրկնակի` 32,1 մլրդ դոլարից մինչեւ 69,3 մլրդ դոլար: 2008 թվականի արդյունքներով` վնասաբեր էր Միացյալ Նահանգների ֆինանսավարկային հիմնարկների գրեթե 25 տոկոսը, ինչը վերջին 25 տարվա ամենավատ արդյունքն է, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Էլի կրճատում են

էլեկտրոնիկա եւ կենցաղային տեխնիկա արտադրող ճապոնական «Հիտաչի ՍՊԸ»-ն պատրաստվում է աշխատողների աշխատաժամանակը եւ աշխատավարձերը իջեցնելու միջոցով խուսափել կրճատումներից: Այդ մասին, ըստ «Ռիա նովոստիի» ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Այս փոփոխությունները վերաբերում են ընկերության բոլոր քառասուն հազար աշխատողներին: Ապրիլից սկսած, աշխատակիցներից յուրաքանչյուրը կունենա մեկ հավելյալ հանգստյան օր ամսվա մեջ, իսկ աշխատավարձը կրճատվի 3-5 տոկոսով: Պլանավորվում է, որ այս միջոցառումը կտեւի մեկ տարի: 2008թ. ֆինանսական տարվա արդյունքներով, որը Ճապոնիայում ավարտվում է 2009թ. մարտի 31-ին, կազմակերպության վնասները կկազմեն 700 միլիարդ իեն, որն ընթացիկ կուրսով հավասար է մոտ յոթ միլիարդ դոլարի: Մինչ այդ աշխատանքի բաժանման նման համակարգի ներմուծման հայտարարություն էին արել էլեկտրոնիկա արտադրող «Տոշիբան» եւ ավտոմոբիլային կոնցեռն «Նիսան Մոթորսը»:

Փողաբաժանություն

Ճապոնիայի պառլամենտը օրենք է ընդունել, որի համաձայն՝ երկրի յուրաքանչյուր քաղաքացի կստանա շուրջ 120 դոլար կանխիկ փող: Մոտ 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ այս ծրագիրը ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կստանա առնվազն 12.000 իեն (մոտ 120 դոլար): Ընդ որում, մինչեւ 18 տարեկաններն ու 5-65 տարեկանից բարձր քաղաքացիները կստանան 20 հազ. իեն: Ենթադրվում է, որ այս ծրագիրը կօգնի ռեցեսիայի մեջ հայտնված տնտեսությանը: Ծրագիրն առաջարկվել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին: Օրինագծի քննադատները անվանում են այն պոպուլիստական եւ նշում, որ այս ամենը վարչապետ Տառո Ասսոյի վարկանիշը պահպանելու համար է արվում: Նրանց կարծիքով, առեւտուրը խթանելու փոխարեն՝ այս ծրագրի իրականացումը կհանգեցնի միայն առանց այն էլ զգալի բյուջեի դեֆիցիտի մեծացմանը: Բացի այդ, ինչպես նշում են որոշ փորձագետներ, պետք չէ սպասել, որ այդ գումարները անմիջապես շրջանառության մեջ կդրվեն, քանի որ ճապոնացիները ավանդաբար սիրում են խնայել: Օրինագիծն ընդունվեց այն բանից հետո, երբ կառավարության կողմից վերահսկվող պառլամենտի Ստորին պալատը կարողացավ հաղթահարել ընդդիմադիր տրամադրված Վերին պալատի վետոն: Նշենք նաեւ, որ 2008թ. վերջին քառորդում Ճապոնիայի ՀՆԱ-ն նվազել է 3.3% ով: Այս ցուցանիշն ավելի մեծ էր, քան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համապատասխան ցուցանիշները (յուրաք. մոտ 1.5%):

Աստղագուշակություն

Ֆինանսական ճգնաժամը կվերջանա 2020թ. դեկտեմբերի 21-ին, որից հետո կսկսվի տնտեսության վերելքի փուլը: Այս մասին հայտնել է աստղագուշակության ավեստական դպրոցի նախագահ Պավել Գլոբան: մինչ 2020թ. ռուսներին սպասվում է ճգնաժամային 3 երեւույթների դրսեւորում. 2012, 2014, 2016-2018, ընդ որում, վերջինը կլինի ամենածանրը: Ճգնաժամային ժամանակահատվածները կընդհատվեն տնտեսության աճի կարճ (1.5 տարի) շրջափուլերով:

Հակաճգնաժամային մենյու

Մոսկվայի որոշ ռեստորաններն իրենց հաճախորդներին սկսել են առաջարկել «հակաճգնաժամային մենյու» մինչեւ 100 ռուբլի ընդհանուր արժողությամբ՝ այն պարագայում, երբ գների ընդհանուր մակարդակը այդ ռեստորաններում նվազել է 15-20%: Խնդիրն այն է, որ թանկարժեք ռեստորաններում ու սրճարաններում, հատկապես՝ պրեմիում դասի գծով, շրջանառությունը կրճատվել է 25-30%-ով: Այս տարվա 2 ամիսներին Մոսկվայում փակվել է 20 ռեստորան, իսկ 2008թ. ընթացքում` 215 ռեստորան: Ընդհանուր առմամբ երկրի մասշտաբով հաշվեկշիռը դրական է:

Toyota-ն պետությունից օգնություն է խնդրում

Հայտնի ավտոմոբիլաշինական Toyota ընկերությունը հայտնել է, որ պետական օժանդակության խիստ անհրաժեշտություն է զգում: Ընկերությունը հայտարարել է, որ իր ֆինանսական բաժինը բանակցություններ է սկսել Միջազգային համագործակցության ճապոնական պետական բանկի հետ: Ավտոմոբիլաշինական հսկան ակնկալում է ստանալ շուրջ 200 մլրդ իեն (կամ 2 մլրդ դոլար): Միեւնույն ժամանակ, ընկերությունից հայտնում են, որ դետալների շուրջ կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել: Ակնկալվում է, որ 1950-ից հետո առաջին անգամ ընկերությունը 2009թ. վնասով կաշխատի: Միջազգային համագործակցության ճապոնական պետական բանկը ստեղծվել է նախորդ տարում այն նպատակով, որ օգնի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով ծանր ֆինանսական դրության մեջ հայտնված ճապոնական ֆիրմաներին: Նախօրեին Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռեզերվային ֆոնդից եւս 5 մլրդ դոլարով Միջազգային համագործակցության ճապոնական պետական բանկին ֆինանսավորելու մտադրության մասին: Պետական օժանդակություն ստանալու համար նախկինում պետական աջակցություն էին խնդրել նաեւ ԱՄՆ-ի խոշոր ավտոմոբիլաշինական ընկերությունները: Օրինակ, General Motors-ը կարող է ստանալ շուրջ 6 մլրդ դոլար պետական միջոցներից: