Հունիսի 19-ին Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների
նախօրեին Հայաստանի Հանրապետության Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ է
նշանակվել ԼՂՀ 3–րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը: Փաստի
առնչությամբ տարաբնույթ կարծիքներ են հնչել Հայաստանի լրատվամիջոցներում
(Ղարաբաղի լրատվամիջոցներում կարծիք չի հնչել):
Ինչպե՞ս են վերաբերվում Ղարաբաղի քաղաքական գործիչներն ու բնակիչները Ղարաբաղից Հայաստան կադրերի արտահոսքին:
«Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ, Ազգային ժողովի պատգամավոր
Արայիկ Հարությունյանը գտնում է, որ Արցախյան պատերազմից հետո կադրերի
արտահոսք չի եղել։ «Չնայած Ղարաբաղում ներկայումս ունենք կադրերի մեծ
ռեզերվ, սակայն առկա է նրանց ընտրելու, վերհանելու պրոբլեմը։ Ինչ
վերաբերում է ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի նոր նշանակմանը` ճիշտ չեմ համարում,
բայց ենթադրում եմ, որ նրա տեղափոխությունը Երեւան ունի անձնական կամ այլ
պատճառներ։ Կարծում եմ, նման երեւույթները պրակտիկա չպիտի դառնան»,- նշել
է Ա.Հարությունյանը։ Հարցի առնչությամբ այլ կարծիք արտահայտեց «Ազատ
Հայրենիք» կուսակցության անդամ, 3-րդ եւ 4-րդ գումարման Ազգային ժողովի
պատգամավոր Գագիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով, իրոք, առկա է ոչ թե կադրերի,
այլ փորձ ունեցող կադրերի արտահոսք։ «Գտնում եմ, որ Օլեգ Եսայանի այսքան
տարիների փորձը նպատակահարմար կլիներ օգտագործել Ղարաբաղում` նրան
նշանակելով գործադիր իշխանությունում որեւէ պաշտոնում։ Թող տպավորություն
չստեղծվի, որ այստեղ կադրերի պակաս կա, ուղղակի փորձառու մասնագետները
կարող են աջակցել երիտասարդ կադրերին։ Կարծում եմ, նման օրինակները չպիտի
կրկնվեն. ԱԺ նախագահի տեղափոխությունը եղել է ոչ օրենքի սահմաններում։ Ըստ
կանոնակարգի, նրա հրաժարականը պետք է ընդունվեր քվեարկությամբ, այն էլ՝
պարզ մեծամասնությամբ»,- հավելեց Գագիկ Պետրոսյանը։
ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ
Աղաբեկյանը վատ բան չի տեսնում Հայաստանից՝ Ղարաբաղ, Ղարաբաղից՝ Հայաստան
կադրերի տեղափոխման մեջ` նկատելով, որ դա ինտեգրման եւս մի ձեւ է, միայն
թե դրանք արվեն օրենքի սահմաններում, ինչը չի կարելի ասել ԼՂՀ ԱԺ արդեն
նախկին նախագահ Օլեգ Եսայանի նոր նշանակման մասին։
Բնակիչների շրջանում կատարած մեր հարցումները ցույց տվեցին, որ ոմանք
նորմալ են համարում նման երեւույթները եւ փաստում, որ ոչ միայն ներհոսք,
այլեւ արտահոսք է առկա։ Մ.Գաբրիելյանի կարծիքով, Հայաստանում շատ վատ են
ընդունում այն փաստը, որ բարձր պաշտոններում նշանակվում են ղարաբաղցիներ,
այնինչ Ղարաբաղում դա շատ նորմալ է ընդունվում։ «Իմ կարծիքով, Օլեգ
Եսայանի նոր նշանակումն էլ ավելի կբարդացնի հայաստանցիների ու
ղարաբաղցիների հարաբերությունները։ Ավելի նպատակահարմար չէ՞ կադրերի
փոխանակումը կազմակերպել ոչ պետական մակարդակով»,- նշեց զրուցակիցս։