Դրամի գասպարալողի քաղաքականությունը

06/03/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

«ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը կայուն է, բավարար կապիտալիզացված, գերիրացվելի եւ պատրաստ` դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին»: Անհավատալի է, բայց այս նախաբանով է սկսվում Կենտրոնական բանկի մարտի 3-ի մամլո հաղորդագրությունը: Հաղորդագրության տարածման պահին ԿԲ կայքում դրամի փոխարժեքը 305 դրամ էր 1 դոլարի դիմաց: Մինչդեռ բանկային համակարգը ցնցվում էր: Փոխանակման կետերում դոլարը վաճառվում էր 330-450 դրամով: Հաղորդագրության առաջին նախադասությունից կարելի էր ենթադրել, որ ԿԲ-ում այդ մասին տեղյակ չեն: Երկրորդից` նույնպես: Հետագա տեքստից ակնհայտ էր, որ բանկային ցնցումն ու բանկի խորհրդի նիստը փոխկապակցված են` «ԿԲ-ի խորհուրդը 2009 թվականի մարտի 3-ի նիստում որոշեց սահմանափակել արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունները, վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը»: Հետո հաղորդագրության մեջ մի փոքրիկ հատված կար: Հատված, որ հիշեցնում էր տնտեսական նախնական գիտելիքներ ստացող դպրոցականի համար գրված դասախոսություն: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ խուճապային տրամադրություններ առկա են հենց պաշտոնական տեքստում: Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով է բարոյական սեփական աշխատանքը փառահեղորեն ձախողելուց հետո հասարակության գլխին դասախոսություն կարդալը: ԿԲ-ն խուճապի մեջ է: Առաջին հերթին՝ վերջին ամիսներին իր ձեռնարկած անհասկանալի քայլերից: Ու խուճապն արտահայտվում է ամեն ինչում: Մի քանի օր առաջ ԿԲ ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տարադրամի շուկայում լարված վիճակ ստեղծելու մեջ մեղադրել էր փոխանակման կետերին, բառացիորեն ասելով՝ «Փոխանակման կետերը սպասարկում են ստվերային տնտեսությանը»: ԿԲ չինովնիկը երեւի մոռացել էր, որ հենց ԿԲ-ն է լիցենզավորում ստվերային տնտեսությանը սպասարկող այդ կառույցները: Անցած տարվա աշնանից ակնհայտ էր, որ կտրուկ նվազել է տարադրամի ներհոսքը հանրապետություն: Երկրի ֆինանսական մարմինները ոչինչ չձեռնարկեցին: Ավելին, գնացին ամենատարօրինակ քայլի: Դեկտեմբերի վերջից սկսեցին բորսա հանել երկրի տարադրամային պահուստները: Պատմական հերոսի բառերով ասած՝ «Դա հանցագործություն չէր, դա ավելին էր, քան հանցագործությունը, դա սխալ էր»: Այդ մասին գրում էր մամուլը, խոսում էին անկախ փորձագետները: Բայց ԿԲ-ն համառորեն շարունակում էր վաճառել երկրի պահուստները: Հետաքրքիր է աճուրդների տվյալների ուսումնասիրությունը: Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայացած 40 աճուրդների ընթացքում դոլարի կուրսը տատանվում էր 301-309 դրամի արանքում: Սա բնական է` դոլարի կուրսը որոշվում էր եւ պահանջարկի, եւ վաճառքի հանված գումարի ծավալներով: Սակայն դեկտեմբերի վերջից մինչեւ մարտի 3-ը կայացած քանակով մոտ 40 աճուրդներում դոլարի փոխարժեքը լռվել-մնացել էր 305 դրամի ցուցանիշի վրա: Դեկտեմբերի 30-ին վաճառքի հանված ամենամեծ ծավալը՝ 35,8 մլն դոլարը, վաճառվեց 305 դրամով: Մեկ ամիս հետո` հունվարի 26-ին, վաճառվեց ամենափոքր խմբաքանակը նույն գնով: Մեր երկրի տարադրամային պահուստները հարյուրավոր մլն դոլար խմբաքանակով 40 աճուրդ վաճառվում էր նույն գնով: Գնի այս կայունությանը կնախանձեր անգամ ԽՍՀՄ Գների պետական կոմիտեն: 40 աճուրդ շարունակ՝ բացարձակ նույն գինը: Ոչ մի լումայի տատանում: Ցանկացած մասնագետ բորսայական այս տվյալները նայելիս կարող է ենթադրել, որ խոսքն աճուրդում կայացած մեկ ընդհանուր գործարքի մասին է: Դժվար չէ ենթադրել՝ ում պատվերով է կայացել այս մեկ մեծ ու երկու ամիս ձգձգված «աճուրդը»: Դեկտեմբեր ամսի վերջից խոշոր ներկրողների ձեռքում կուտակվել էր տոնական առեւտրի գումարը: Ազգային դրամով էր կուտակվել: Խոշոր ներկրողները նախորդ տարիների նման այդ դրամը չէին կարող տարադրամի վերածել փոխանակման կետերի միջոցով: Այդ կետերին տարադրամ մատակարարում է բնակչությունը: Իսկ անցած տարվա վերջից մարդիկ խնայում են իրենց տարադրամը: Հետեւաբար՝ խոշոր ներկրողների ու գործարարների միակ հույսը կարող էր լինել պետության պահուստային տարադրամը: Որն էլ երկու ամիս անընդմեջ մսխվեց: Մսխվեց մինչեւ միջազգային ֆինանսական կառույցների թույլատրելիության սահմանը: Գործարքը հավանաբար ընդհատվեց հենց այդ կառույցների պահանջով:

Ու հիմա, երբ մեր իշխանությունները վերադարձան «լողացող փոխարժեքի քաղաքականությանը», անհասկանալի է, թե ինչ են անելու Ռուսաստանից ու միջազգային կառույցներից ակնկալվող մոտ 1,2 մլրդ դոլար վարկերը: Փորձագետների կարծիքով՝ այդ վարկային միջոցները կուղղվեն բյուջետային պարտավորությունների կատարմանը: Որովհետեւ կառավարությանը չի հաջողվում ապահովել բյուջետային մուտքերը: Էական ծավալներով չի հաջողվում: 2002թ. գարնանից սկսած՝ պետական պաշտոնյաներին առաջին անգամ ուշացնում են աշխատավարձի վճարումը: Երկրի ֆինանսական ղեկավարությունը խուճապի մեջ է եւ վճարումներն ուշացնելով փորձում է կրճատել շրջանառության մեջ եղած կանխիկ դրամի ծավալը: Նույն պատճառով կառավարությունը նույնիսկ հետաձգել է որոշ պարտավորությունների կատարումը: Մեր 16-ամյա ազգային դրամը առաջին անգամ լուրջ փորձության փուլում է: Մի քանի օրվա ընթացքում խուճապային տրամադրությունները կհանդարտվեն, բայց դժվար է ասել՝ կվերագտնի՞ իր նախկին հմայքը մեր ազգային ու սիրելի դրամը: Հատկապես ԿԲ-ի կողմից սիրելի: Հենց ԿԲ-ն է ֆինանսավորել ազգային դրամի արձանի տեղադրումը: Իր իսկ պատուհանների տակ: Հենց ԿԲ-ն է բնակչությանը համոզել խնայողությունները կուտակել դրամով: Կուտակել ու հայտնվել կոտրած տաշտակի առջեւ: Որովհետեւ դրամն արդեն վերադարձել է գասպարալողի փոխարժեքի քաղաքականությանը: