Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից հետո նախօրեին մայրաքաղաքի բնակիչների շրջանում սկսված խուճապային իրավիճակը շարունակվում էր նաեւ երեկ: Դրա պատճառը դրամի արժեզրկմանը հաջորդած սպառողական ապրանքների թանկացումներն են: Որքան էլ տարբեր տրամաչափի պաշտոնյաները հայտարարում են, թե թանկացումներ չեն արձանագրվել, «թե շուկան վերահսկվում է», գրեթե բոլոր խանութներում ապրանքները այս կամ այն չափով թանկացել են: Նույնիսկ այնպիսի խոշոր առեւտրային ցանցը, ինչպիսին «Սթար» սուպերմարկետն է, իր աշխատանքը դադարեցրել էր մեկ ժամով: Իհարկե, ինչպես «Սթարում», այնպես էլ մեկ այլ առեւտրային ցանց ունեցող «Սասում», երեկ հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն տրամադրել, թե ինչը որքանով են թանկացրել: Իսկ նույն այդ խանութներից գնումներ կատարող քաղաքացիները հակառակն են պնդում: «Ես երեկ գնումներ կատարել եմ օրվա առաջին կեսին ու թանկացումներ մասնավորապես քաղցրավենիքի ոլորտում չկար, բայց մայրիկիս երեկոյան գնումներից արդեն ընտանիքում խուճապ սկսվեց: Հայաստանում, ինչպես միշտ, բոլորովին այլ կերպ են օգտվում տեղի ունեցող դեպքերից, այսինքն՝ ճգնաժամի արդյունքում գներն իջեցնելու փոխարեն հակառակն է արվում»,- ասում է ուսանողուհի Ջուլիետա Առուշանյանը: Երեւանի փոքր կենտրոնի գրեթե բոլոր խանութների մենեջերները միանշանակ պնդում էին, որ իրենց խանութներում գների թանկացում չկա, թեեւ միաժամանակ խոստովանում էին, որ թանկացումներ սպասվում են: Բայց չգիտես ինչու, այդ նույն խանութներում, որոշակի ապրանքատեսակներ, մասնավորապես՝ կարագ եւ շաքարավազ, ընդհանրապես չկար: «Ձեթը, շաքարավազը, կարագը թանկացել են մեր խանութում, մոտավորապես 10% թանկացումներ են, բայց հիմա խանութում կարագ չկա, քանի որ առանց գինը փոխվելու երեկվա ընթացքում վաճառվեց: Եվ հիմա մատակարարը ապրանք բաց չի թողնում, իսկ կանխագուշակել դժվար է, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, իսկ հիմա դեռեւս պահեստային ապրանքն է վաճառվում: Մենք ինքներս աշխատում ենք ավելորդ խուճապ չստեղծել, աշխատում ենք մեր ժողովրդի համար խնդիրներ ավելորդ չստեղծել: Իսկ մեր խնդիրը մատակարարներից է գալիս, եթե մատակարարը թանկ գնով է մեզ ապրանք տալիս, մեզ այլ բան չի մնում, իսկ հիմա կարող ենք ընդամենը առանց հիմքերի գներ չթանկացնել, որպեսզի առիթ չտանք մատակարարներին եւս ապրանքը թանկացնելու»,- ասում է «Նորմեդ»ՍՊԸ-ի տնօրեն Սուրիկ Ալթունյանը: Բացի սննդամթերքից, մոտ 20%-ով թանկացել է դիզվառելիքը, նաեւ դեղորայքը: Մայրաքաղաքային մի քանի դեղատներում երեկ ընդհանրապես դեղերի վաճառք չէր իրականացվում, քանի որ, ինչպես վաճառողներն էին միաձայն պնդում, սպասում են ցուցակների, թե հատկապես որ դեղերն են թանկանալու: Երեկ մեր` այցելած մայրաքաղաքի հագուստի եւ էլեկտրատեխնիկայի խանութներում ասում էին, որ թանկացում չի սպասվում: Նշենք, որ երեկ Երեւանի տարադրամի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարը գնում էին 360 դրամով, վաճառում` 380-385 դրամով: