«Գաղափարն աջուձախ ոտնահարվում է»

06/03/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– ՀՌԱԿ-ին միավորվելու Ձեր նպատակն այդպես էլ անհասկանալի մնաց, մանավանդ, երբ ՀՌԱԿ-ին չմիացավ Սամվել Բաբայանը, ով ամենաշահագրգիռ կողմն էր հանդիսանում:

– Գաղտնիք չէ, որ 4 կուսակցությունների ընդհանրական միավոր հանդիսացող ՀՌԱԿ-ն անհամեմատ ավելի հզոր է, քան նախկինում: Եվ այս ընթացքում, կարծում եմ, կուսակցությունը լուրջ դերակատարություն կստանձնի` երկրում ազատական արժեքների տարածման, գաղափարակից կուսակցությունների հետ սերտ համագործակցության, սփյուռքի մեր հայրենակիցների հետ նոր որակի հարաբերությունների հաստատման գործում: Սակայն չի կարելի ասել, որ կորուստ չունեցանք, երբ կուսակցությանը չանդամագրվեցին մեր գործընկերներ Սամվել Բաբայանն ու Ալբերտ Բազեյանը: Ես ազատական արժեքների իրական կրող եմ, եւ ինձ համար առաջնայինը մարդն է, նրա իրավունքները, պահանջներն ու շահերը, մարդը գերագույն արժեք է, ամեն մի մարդ մի աշխարհ է, եւ եթե մեր գործընկերները չմիացան մեզ, ապա յուրաքանչյուրի պարագայում մենք մի աշխարհ կորցրեցինք, ու եթե անգամ նրանց փոխարեն 10, 100 կամ 1000 հոգի անդամագրվեց, ապա նրանք իրենց հետ իրենց աշխարհները բերեցին, իսկ այն, ինչ կորցրեցինք՝ կորցրեցինք: Պատկերացրեք՝ թանգարանի ղեկավարությանը հարցնեք, թե ձեր հավաքածուից մի նկար է կորել, դա մե՞ծ կորուստ է ձեզ համար, իսկ նա պատասխանի, թե դրա փոխարեն 10 նորն են նվեր ստացել եւ թե՛ գումարային, թե՛ քանակական եւ թե՛ կտավի քառակուսի մետրով հաշված համալրում ունեն, ոչ թե կորուստ` ինքնատիպ բարձրարժեք ստեղծագործությունը քառակուսի մետրով չափողի մասին ի՞նչ կարծիք կկազմեք:

Առհասարակ մի դիտարկում անեմ. անցած ճանապարհը, անգամ՝ մարտական փառապանծ հաջողությունները քաղաքական դաշտում որեւէ արտոնություն կամ մրցակցային առավելություն չեն ապահովում: Այն տալիս է ընդամենը փորձ, հմտություն, նպատակասլացություն, պայքարի մեջ մտնելու բարոյական իրավունք` անցած ճանապարհիդ ճիշտն ու սխալը վերարժեւորած ու, ինչո՞ւ չէ, նաեւ՝ իմաստնացած: Քաղաքականության մեջ խաղի միանգամայն այլ կանոններ են գործում, նաեւ ռազմավարական ու մարտավարական խնդիրներն են միանգամայն տարբեր: Այնպես որ` որտեղ էլ ժամանակին հաղթած լինես, քաղաքական ֆրոնտում կռիվդ պիտի տաս ու զբաղեցնելիք դիրքդ բացառապես դրա արդյունքով պայմանավորես: Միեւնույն ժամանակ համարում եմ անթույլատրելի, եթե չասեմ՝ անբարոյական, երբ փառապանծ ուղի անցած մեր ազատամարտիկներին ներկայումս քաղաքական մրցակից կամ հակառակորդ համարելու պարագայում` փորձում են նսեմացնել նրանց ռազմական հաղթանակները: Օտարը երբ նենգափոխում է մեր պատմությունը՝ համաշխարհային աղմուկ ենք բարձրացնում, իսկ երբ մենք ենք շահադիտական դրդապատճառներով պայմանավորված դրանով զբաղվում, դրան ի՞նչ անուն տանք: Եվ օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան կեսդարյա հոբելյանի ու «Կամանդույուշչի» Սամվել Բաբայանի իր ազդականչի նշաձողին` 44-ին վերջապես հասնելու առթիվ:

– Իսկ ո՞րն է այդ միավորման նպատակը:

– Չորս կուսակցությունների միավորմամբ ավարտվեց ընդամենն այդ գործընթացի առաջին փուլը: Այսօր համաշխարհային ճգնաժամի պատճառով որոշակի արժեքներ վերարժեւորվում են, սակայն շատ դեպքերում դա հասնում է ծայրահեղ դրսեւորումների: Բանն այն է, որ այնպես ամպագոռգոռ են խոսում կապիտալիզմի ավարտի մասին, որ այլեւս եկել է լիբերալիզմի վերջը, որ շուկայական տնտեսության մասին պետք է մոռանալ, որ դաշտն այլեւս սոցիալիստներինն է, եթե չասենք` կոմունիստներինը, եւ այլն: Կարծում եմ, այսօր պահն է, որ ազատական արժեքներ կրողներն իրենց վճռական ձայնը բարձրացնեն ու գործնական քայլերի դիմեն, որպեսզի հանկարծ այս թոհուբոհի մեջ առիթից չօգտվեն ու երկիրը դարձնեն ավելի վերահսկելի` ամեն ինչ արդարացնելով համաշխարհային ճգնաժամի առկայությամբ ու գործեն ռազմական կոմունիզմի՝ իրենց համար չափազանց հոգեհարազատ մեթոդներով: Եվ ես սա պատահական չասացի, քանի որ ամենաբարձր մակարդակով արդեն խոսվում է երկրում տոտալ վերահսկողություն սահմանելու ու «ազգանպաստ» դիկտատուրա հաստատելու կոնցեպցիայի մասին: Սա անթույլատրելի է: Կարծում եմ, որ իրավամբ ազատական արժեքներ կրողները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այս ծայրահեղ ու խիստ վտանգավոր միտումների դեմ պայքարելու համար, եւ այստեղ առանձնապես չեմ ուզում տարանջատել, թե այդ լիբերալները գործում են իշխանական դաշտո՞ւմ, արմատական ընդդիմադի՞ր, թե՞ պայմանականորեն ասած՝ երրորդ բեւեռում, քանի որ գաղափարն է աջուձախ ոտնահարվում` պաշտպանող է պետք: Այսօր շատ է խոսվում երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն կա՞ արդյոք դրա համար բարենպաստ մթնոլորտ: Իշխանություններն իրենց կատարածը միայն գովերգում են ու սեւացնում այն ամենը, ինչ անում է արմատական ընդդիմությունը: Նրանք էլ իրենց հերթին վարվում են ճիշտ նույն կերպ, ԶԼՄ-ներն էլ հիմնականում սպասարկում են այս երկուսի շահերը: Հազիվ երկու-երեք թերթի անուն կարող եմ մտաբերել, որտեղ հնարավոր է կարդալ հավասարակշիռ խոսք: Փաստորեն, հասարակությանը չի մատուցվում, որ այդ երկու թեւերն էլ տառապում են անսխալականության բարդույթով, կամ էլ, ավելի շուտ` լավ էլ գիտեն իրենց սխալները, պարզապես այս կյանքի ու մահու պայքարում ոչ մի կերպ չեն խոստովանի դրանք: Այս պարագայում մթնոլորտի մեղմացման համար հենց հասարակությունը պետք է օբյեկտիվ խոսք լսի, տեսնի, որ երկու կողմերն էլ այդքան էլ ճիշտ չեն, ինչպես ուզում են ներկայացնել: Փաստորեն, ամեն կողմն ասում է իրենը ու բացարձակապես չի լսում դիմացինին, եւ տեւական ժամանակ է, որ այս վեճը դարձել է «խուլերի» բանավեճ: Այս պարագայում, երբ ամեն կողմը մյուսին է մեղադրում հայրենիքի դավաճանության մեջ, երբ մրցավազք է սկսվել բացահայտելու՝ թե կողմերից որն է իր քայլերով ավելի շատ ծառայում թուրք-ադրբեջանական շահերին, էլ ի՞նչ երկխոսություն:

– ՀՌԱԿ ատենապետն ասել է, որ ՀՌԱԿ-ը մասնակցելու է Երեւանի քաղաքապետի ընտրություններին, սակայն չի մանրամասնել, թե ինչ ձեւաչափով` առանձին ցուցակո՞վ, թե՞ սատարելու եք մեկ այլ կուսակցության առաջադրած թեկնածուին: Դուք ո՞ր ձեւաչափին եք կողմ:

– Մեր մասնակցության հարցը դեռ չի քննարկվել ՀՌԱԿ քաղխորհրդի նիստում, ուստի ոչինչ ասել չեմ կարող, միայն կասեմ իմ անձնական կարծիքը, որ անկախ նրանից՝ մեր կուսակցությունը կմասնակցի՞ այդ ընտրություններին, թե՞ կպաշտպանի մեկ այլ թեկնածուի, կամ, ավելի ճիշտ, կուսակցության ցուցակի, կամ գուցե չի պաշտպանի ոչ մեկին, գտնում եմ, որ հստակ վերաբերմունք մեր կողմից արտահայտել պետք է, եւ ոչ մի պարագայում ընտրությունները բոյկոտելու տեսակետի կողմնակից չպետք է լինենք: Դեմ եմ այն իներտ դիրքորոշմանը, որ չպետք է մասնակցենք, մեր տեսանկյունից, ոչ մի կեղտոտ խաղերի ու գործերի, որպեսզի մենք էլ չկեղտոտվենք, քանզի այդ դեպքում չեմ պատկերացնում, թե այդ կեղտը մաքրելու գործը ում ենք վստահելու` մշտապես կեղտոտողների՞ն: Իսկ ՀՀԿ-ի վերաբերյալ, պետք է նշեմ, որ նրանք առաջինը որոշում կայացրեցին եւ հրապարակեցին իրենց ցուցակը, դրանով իսկ ազդարարելով, որ այս խաղում պատրաստ են խաղալ սպիտակներով: Եթե մյուս կուսակցությունները գտնում են, որ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուն անհաջող է, ուրեմն թող իրենք ավելի հարմար թեկնածուով գլխավորեն իրենց ցուցակը եւ հասնեն հաջողության: Չպետք է մոռանալ, որ մայրաքաղաքում ընտրազանգվածը, որպես կանոն, ավելի ըմբոստ է ու առավելապես հակված է քվեարկել իշխանական թեկնածուի դեմ, եթե տեսնում է հարմար այլընտրանք: Այնպես որ, մյուս կուսակցությունները, այդ թվում նաեւ՝ կոալիցիոն, հնարավորություն ունեն հանրապետականների այս վճռից իրենց վերադասավորումներն անել ու նախընտրական ընթացքում շահեկանորեն տարբերվել նրանցից: Իսկ եթե դա չեն անի, ուրեմն այլեւս պետք չէ մեղքը ուրիշի վրա գցել կամ էլ փնովել ուրիշներին: Եվ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի որպես համայն հայության հայրենիք, բնականաբար, մայրաքաղաք Երեւանն էլ` համայն հայության մայրաքաղաք, ուրեմն պետք է լինենք առավելագույնս պատասխանատու` ի վերջո, գործ ունենք 2790 տարեկան քաղաքի հետ, եւ այնպես չանենք, որ մի օր երջանկահիշատակ Արգիշտին գերեզմանից դուրս գա ու իր թողած սեպագիր արձանագրության տակ մի երկու «քաղցր» խոսք ավելացնի իր ներկա որոշ համաքաղաքացիների հասցեին: