Համաշխարհային ՏՏ ոլորտում առաջատար «Synopsys» ընկերության կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի Հայաստան այցի նպատակն է շարունակել ներդրումները հայաստանյան մասնաճյուղում, ինչպես նաեւ աշխատել մի շարք հանձնաժողովներում, ինչպիսին, օրինակ, նախագահական նոր պարգեւի հիմնադրման հանձնաժողովն է: Բացի դրանից, Ռ. Գոլդմանը նաեւ դասախոսություններ է կարդալու Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Երեւանի պետական համալսարաններում` «ներկա կիսահաղորդչային տնտեսության համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջացած խնդիրներն ու դրա հաղթահարման ուղիները» արդիական թեմայով: Ռ. Գոլդմանը իրենց ընկերության գլխավոր արժեքներից մեկը համարում է համայնքային գիտակցությունը: Ինչպես յուրաքանչյուր մեկի համար է կարեւոր որեւէ լավ բան անել իր շրջապատի համար, այնպես էլ` յուրաքանչյուր ձեռնարկություն պարտավոր է կրել այդ գիտակցությունը: «Synopsys» ընկերության աշխատակիցներից կազմված փոքրիկ խմբեր կան, ովքեր զբաղվում են բարեգործական ամենամյա կամավորական աշխատանքներով` ծառատունկ, այցելություն մանկատներ եւ այլն: Եվ այս ամենը «Synopsys» ընկերության բոլոր մասնաճյուղերում է գործում:
– Քանի՞ մասնաճյուղ ունի «Synopsys» ընկերությունն ամբողջ աշխարհում:
– Մենք ունենք 60-ից ավելի մասնաճյուղեր ավելի քան 22 երկրներում: Եվ մենք ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչյուր մասնաճյուղ մասնակից դառնա մեր արժեքային համակարգին: Մենք գիտակցում ենք, որ մեր աշխատողները հանդիսանում են համայնքի մի մասնիկ: Հայաստանում մեզ համար այս ամենը շատ ավելի կարեւոր է, քանի որ, եթե մյուս երկրներում կան շատ այլ ընկերություններ, որոնք մինչ մեր հայտնվելը մտել էին այդ երկիրը, ՀՀ-ում մենք հասկացանք, որ կորպորատիվ քաղաքացու պատասխանատվության գիտակցությունը նոր է սկսում, եւ մենք դեռ շատ անելիքներ ունենք, քանի որ Հայաստանում մենք մեր գործունեությամբ կարող ենք շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ երկրի վիճակի վրա, քան մեկ այլ երկրում:
– Իսկ բացի Հայաստանից՝ մեր տարածաշրջանի այլ երկրներում ունե՞ք մասնաճյուղեր:
– Մենք ունենք Թուրքիայում փոքրիկ ստորաբաժանում, որն արդյունք է «Synplicity» ընկերության անցած տարվա սկզբին ձեռք բերման, իսկ այդ տարածաշրջանում այլ մասնաճյուղեր չունենք:
– Ի՞նչ ազդեցություն կունենա ինանսական ճգնաժամը հենց ընկերության վրա:
– Կարծում եմ, որ այս վիճակը շատ անսպասելի էր, եւ այն չափազանց լայնամասշտաբ է եւ ազդում է գրեթե բոլոր ճյուղերի վրա: Այդ թվում նաեւ՝ ՏՏ եւ կիսահաղորդչային ոլորտների վրա: Սակայն, ի տարբերություն բանկերի կամ այլ ոլորտների, այս ոլորտի վրա առավել մեծ է ազդեցությունը: Արդեն իսկ շատ ՏՏ ընկերություններ ունեցել են շահույթների նվազում մինչեւ 20% եւ ավելին, «Synopsys»-ից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ «Cadence» ընկերությունը հայտարարել է, որ 1.6 մլրդ դոլարի հասնող կորուստ է ունեցել: Հաջորդ մեծ կազմակերպությունը՝ «Mentor Graphics»-ը, որը Հայաստանում մասնաճյուղ ունի, կորցրել է 10% իր շահույթից, նույնը եւ՝ «Magma» ընկերությունը: Իսկ մեր ընկերությունը, հուրախություն մեզ, 10% ավելի շահույթ ունի, քան ակնկալվում էր: Մենք նախորդ տարվա համեմատ 7 % աճ ունենք: Այս տարի մենք ակնկալում ենք 1.4մլրդ դոլար եկամուտ, իսկ մյուս ընկերություններն ակնկալում են առավելագույնը 9մլն դոլար եկամուտ: Բացի դրանից, մենք բանկում ունենք 841 մլն դոլար կանխիկ գումար, առանց պարտքերի, իսկ մյուս կազմակերպություններն ունեն էական պարտքեր: Մենք կայուն դիրքեր ունենք այսօր շուկայում, իսկ այդ ամենը նախ` մեր դասական եւ պահպանողական ձեւով ընթացող մենեջմենթի շնորհիվ է, եւ, բացի այդ, մենք իսկապես տեխնիկապես առաջատար արտադրանք ունենք: Մենք կայուն ենք եւ ճգնաժամի ավարտին կլինենք էլ ավելի հզոր ընկերություն:
– Ամփոփեք 5 տարիների աշխատանքը Հայաստանում:
– Հոկտեմբերին կնշենք 5-ամյակը, եւ սա մեզ համար մեծ փորձ էր, երբ մենք եկանք Հայաստան՝ նույնիսկ չգիտեինք ինչ ակնկալել: Մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք մեծ զարգացում: Եվ անցյալ տարի մենք մեր ծրագրային գործիքային միջոցների փաթեթին ավելացրինք նոր, կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրային միջոց` «Custom Designer» ծրագիրը, որը մշակվել է Հայաստանում: Մեզ համար Հայաստանը շատ ուժեղ ինժեներական պոտենցիալ ունի, եւ մենք շարունակելու ենք ներդրումներ անել, չնայած, որ Հայաստանում եւս տնտեսությունը դեռ ցնցումներ ունի ապրելու, բայց մենք պատրաստ ենք դրան: