Լիցենզիաները կասեցվել են

06/03/2009

ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացության հիման վրա ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով 2009թ. մարտի 2-ից կասեցվել է մի շարք բուհերի գործունեությունը: Ըստ ԿԳՆ-ից ստացված տեղեկատվության, նախարարի հրամանի համաձայն՝ կասեցվել է Գորիսի օտար լեզուների «Կարինե ինստիտուտի», «Ռոսլին» արվեստի ինստիտուտի, Ագրոբիզնեսի եւ մենեջմենթի ակադեմիայի, Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի, «Ֆիրդուսի» համալսարանի, Երեւանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանի, Երեւանի «Նավասարդ» ինստիտուտի, «ԵՐԱ» բիզնեսի եւ քաղաքականության ինստիտուտի, «Վիլյամ Սարոյան» համալսարանի, Երեւանի նորարարական տեխնոլոգիաների համալսարանի, «Երեւան» համալսարանի բարձրագույն մասնագիտական գործունեության լիցենզիաների գործողությունը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակույթի համալսարանի լիցենզիայի գործողությունը` 031300-«Օտար լեզու եւ գրականություն», Լ. Օրբելու անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը` 070900-«Դիզայն (գեղարվ.)», 031300-«Օտար լեզու եւ գրականություն» մասնագիտությունների մասով: Ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ: Ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ նույն կամ հարակից մասնագիտությամբ հետագա ուսումնառության համար ուսանողները կարող են դիմել, տեղակայված է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում եւ կհրապարակվի ԿԳՆ «Կրթություն» պաշտոնաթերթի առաջիկա համարում (հավատարմագրված մասնագիտությամբ կրթությունը շարունակելու դեպքում հաշվի է առնվում կասեցված մասնագիտության հավատարմագրված լինելու նախապայմանը): Նշված ուս.հաստատություններ դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ մարտի 20-ը` ներառյալ: