Երեխային հանձնել է մանկատուն

06/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անթառամ Առաքելյանի ընտանիքի զբաղեցրած սենյակը, բառիս բուն իմաստով, քաղաքային զուգարան է հիշեցնում:

Ասում է՝ «Առաջ երեխեքիս հետ գարաժում էինք ապրում, իսկ հետո ընկերուհիս մեզ բերեց ստեղ»: Երեւանի Արցախի 4 փողոցում գտնվող 4-րդ կարգի վթարային ուսումնարանի շենքում ապրող այս կինը ոչ գրանցում, ոչ էլ սեփականության իրավունք ունի: Ու չի բացառվում, որ մի օր նորից փողոցում կհայտնվի: Չորս տարի առաջ «գարաժում» ապրած Անթառամը չդիմանալով սովամահ լինող երեխաների ցավին՝ 5 տարեկան Արամին հանձնել է մանկատուն: Արդեն չորրորդ տարին է, ինչ Արամն ապրում է Աբովյանում գտնվող «Սոս» մանկատանը, իսկ մայրն ու եղբայրը գոյատեւում են սարսափելի կենցաղային պայմաններում: Տարիներ առաջ հայտնաբերված Անթառամի ուռուցքը վերջերս հեռացրել են, սակայն վեց ամիսը մեկ նշանակված պարտադիր ներարկումները չի ստանում՝ Արցախի փողոցից Ուռուցքաբանական կենտրոն հասնելու համար պահանջվող տրանսպորտի գումարը չունենալու պատճառով: Ասում է՝ «Վեց ամիսը մեկ պիտի սրսկվեմ, բայց… Անվճար վիրահատեցին, շնորհակալ եմ իրանց, բայց սրսկումները չեմ ստանում: Էս տան ցուրտն էլ ինձ սպանում ա, ցավերիս նոպան որ բռնում ա…»: Վեցամյա Սարգսի ապագան շատ անորոշ, մշուշոտ է, որովհետեւ մոր առողջական վիճակը դուրս է եկել վերահսկողությունից: 2-րդ կարգի հաշմանդամության համար թոշակ ստանալու փաստաթղթերն Անթառամը չի կարողանում կարգավորել՝ կրկին տրանսպորտի փող չունենալու պատճառով: Ասում է՝ «Երեխային չէի կարում պահել, 8 ամսական էր, տարա մանկատուն, բայց ես չեմ հրաժարվել իմ երեխայից, ուղղակի չեմ կարում գնամ տեսնեմ»: Անթառամը հուզմունքից խեղդվելով՝ ասում է, որ արդեն մեկ տարի է, ինչ չի կարողանում տեսակցել Արամին, որովհետեւ չի աշխատում: Ասում եմ՝ «Կարոտում եք, չէ՞»: Անթառամը լաց է լինում, որովհետեւ մարտի 12-ին Արամի ծննդյան օրն է, իսկ երեխայի ծնունդը նշելու որեւէ հեռանկար չի տեսնում: Արամն այդ օրը կնշի մանկատանը ու երկար կսպասի մոր ու եղբոր շնորհավորանքներին, բայց իզուր… Անթառամն ամեն օր հրաշքի է սպասում, որի միջոցով մարտի 12-ին կկարողանա փոքրիկ գումար հայթայթել եւ Երեւանից հասնել Աբովյանի մանկատուն՝ որդուն շնորհավորելու համար: Չնայած առողջական ծանր վիճակին, այդուհանդերձ, Անթառամը պատրաստ է հավաքարարություն անել: Ասում է՝ «Շատ եմ ման եկել, աշխատանք խնդրել, բայց ոչ մի տեղ չեն ընդունում: Եթե կարողանայիք հավաքարարի աշխատանք գտնել՝ վազելով կգնայի»: Անթառամն ընտանեկան նպաստ չի ստանում միայն այն պատճառով, որ անձնագրի ժամկետն անցել է, եւ այն երկարաձգելու համար պետք է հասնի Հոկտեմբերյան: Ասում է՝ «Ախր ինչո՞վ գնամ, դուք հասկանո՞ւմ եք, որ հացի փող էլ չկա, որ գոնե էս մի երեխուն կերակրեմ: Հեշտ եք պատկերացնում էդ ամենը»: Ասում եմ՝ «Ախր չեք օգտվում ձեր իրավունքներից: Կարող էիք նպաստի հարցերով զբաղվել, հաշմանդամության թոշակի համար դիմել: Ձեր համար ոչինչ չեք անում, մինչդեռ մեր կառավարությունն աղքատ մարդկանց պետական աջակցություն է ցուցաբերում»: Անթառամն ատելությամբ նայում է ինձ ու մտքում հաստատ կշտամբում է իր անելանելի վիճակը չպատկերացնելու համար: Ասում է՝ «Դուք չեք էլ հասկանա, որովհետեւ օրեր շարունակ հաց ուտելու հնարավորությունից զրկված ենք: Մեր պարետը խանութի աշխատողին խնդրեց, որ մեզ պարտքով հաց տա, մինչեւ տեսնենք, թե մեր վերջն ի՞նչ ա լինելու: Էդ խանութին մոտ 100.000 դրամի պարտք ունեմ: Մեկ-մեկ պարետն ա կողքից օգնում, կամ հարեւաններն են խղճում, ձեռք մեկնում, որ գոյատեւենք»: Անթառամն ու Սարգիսը զրկված են կոմունալ տարրական պայմաններից: Ոչ զուգարան ունեն, ոչ էլ լոգասենյակ: Հարցնում եմ՝ «Եթե զուգարան չկա՝ որտե՞ղ եք ձեր կարիքները հոգում»: Պատասխանում է՝ «Էս կողքերում դաշտեր կան, գնում ենք էնտեղ, իսկ լողանալը՝ տանն ենք անում»: 5-ամյա Սարգսի վարքագիծն ինձ ապշեցնում է: Մագլցում է պատուհանագոգին, ապա այնտեղից ցատկում է ուղիղ դուրս: Սարգիսն ամբողջ ձմեռ փողոցներից անպետք իրեր է հավաքել վառարանը գցելու եւ մի փոքրիկ ջերմություն ապահովելու համար: Սարգիսն անընդհատ փախչում է: Փախչում է ինձնից, փախչում է մորից, ինքն իրենից: Հինգ տարեկան տղան փախչում է վաղվա օրից, որովհետեւ եղբայրը մանկատանն է, իսկ ինքը՝ դեռեւս ազատության մեջ: Սարգիսը փախչում է իր ապագայից: