«Գալիս, նկարում, խայտառակ են անում»,- ասում է վեց երեխաների հայրը

06/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վեց երեխաների մայր Պայծառենց տան «սովորական» դարձած վիճակն ինձ շփոթեցնում է: Մանկահասակ երեխաներն ամբողջ ձայնով բղավելով լաց են լինում: Իմ հասակակից 30-ամյա Պայծառի վրա իջել է 70-ամյա իմ տատիկի` կյանքի հանդեպ ունեցած հոգնությունն ու անտարբերությունը:

Պայծառն ասես չի էլ լսում, որ 5 տարեկան Արտաշը դողալով ասում է՝ «Ցուրտ ա, մրսում եմ…»: Նորածին Ամրամն իրեն պատռելով լաց է լինում, որովհետեւ քաղցած է, իսկ երկու տարեկան Ալինան խիստ նյարդայնանալով սկսում է գոռալ, որովհետեւ կարտոֆիլ մաքրող մայրն ուշացնում է կերակուրը: Ալինան արդեն չի դիմանում, գլխակորույս իրեն գցում է մահճակալի մի ծայրից մյուսը՝ մորը հասկացնելու համար, որ քաղցն իրեն խեղդում է: Խոսելն անհնար է դառնում, սենյակը լցված է քաղցած երեխաների կատաղի ճիչերով, ու բոլորս սպասում ենք Պայծառի գործողություններին: 30-ամյա, վեց երեխաների մայրը ցեխոտ կարտոֆիլը մի կողմ դնելով՝ սկսում է մի ձեռքով կրծքով կերակրել Ամրամին, իսկ մյուսով՝ շոյել Ալինայի գլուխը: Օգտվելով հնարավորությունից՝ Արտաշին հարցնում եմ՝ «Որ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու»: Պատասխանում է՝ «Արտաշ»: Հետո փոքրիկ տղան սկսում է կիսվել իր ապրումների մասին: Ասում է՝ «Քուրիկիս ու ապերներիս շատ եմ կարոտում, իրանք ուշ-ուշ են գալիս մեր տուն»: Արտաշի երկու եղբայրները սովորում են գիշերօթիկ դպրոցում, որտեղից տուն են վերադառնում միայն շաբաթ-կիրակի օրերին: Երեխաները գիշերօթիկ դպրոցում հավանաբար իրենց ավելի պաշտպանված են զգում, քանի որ այնտեղ սնվում են եւ ապրում են տաքուկ պայմաններում: Պայծառի մի աղջիկն էլ ապրում է գյուղում՝ տատիկի ու պապիկի խնամքի տակ: Արտաշը չի դադարում լաց լինել ու գոռալ, որ ցուրտ է, մրսում է: Արտաշի հայրը՝ Արմենը, դժկամությամբ է ինձ ընդունում. ասում է` «Գալիս, նկարում, խայտառակ են անում, բայց ոչ մի ձեւով չեն օգնում: Ինձ մի՛ նկարեք, պետք չի: Ծաղրատեղ չենք»: Արմենը բարկացած դուրս է գալիս սենյակից ու տուն չի մտնում այնքան ժամանակ, մինչեւ չեմ հեռանում: Պայծառն ասում է, որ մասնագիտությամբ շինարար Արմենը, տեւական ժամանակ է, գործազուրկ է, դրա համար էլ զայրույթը չի կարողանում զսպել: Ասում է՝ «Գործ չկա, սուտի-մուտի բանվորություն եթե լինում ա՝ անում ա: Բայց փող չի կարողանում աշխատի: Առաջ աշխատանք ուներ, նորմալ վաստակում էր, իսկ հիմա ահավոր վիճակ ա»: Ապրում են «ՏԷՑ-ի կռուգի» քանդված գործարանների խորքերում գտնվող ուսումնարանի 4-րդ կարգի վթարային շենքում, որտեղից շուտով նրանց դուրս կվռնդեն: Պայծառենց տան պայմանները սոսկալի են, իսկ «հյուրասենյակում» ցուրտն ավելի սուր է, քան դրսում: Ասում է՝ «Շենգավիթի թաղապետարանից խոստացել են բնակարանով ապահովել, տեսնենք, էլի…»: Պայծառն այնքան անտարբերությամբ է խոսում իրենց համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող երեւույթների մասին, որ թվում է՝ թքած ունի, թե վաղը երեխաներն ուր կհայտնվեն: Ընտանեկան նպաստ չեն ստանում արդեն մի քանի ամիս, որովհետեւ Պայծառն ու Արմենը չեն հասցնում փաստաթղթերը կարգի բերել: Ասում է՝ «Պասպորտի ժամկետն անցել էր, հիմա էլ դզել ա, բայց տրանսպորտի փող չկա, որ տանի փաստաթղթերը հանձնի: Ճանապարհածախսի պատճառով չենք կարողանում թղթերը դզենք»: Ընտանիքի միակ եկամուտ հանդիսացող նպաստը կազմում էր մոտ 60.000 դրամ, մինչդեռ, արդեն քանի ամիս է, Պայծառենք գոյատեւում են խանութից վերցրած պարտքով հաց ու մթերքներով: Գիշերօթիկ դպրոցում սովորող երեխաների ճանապարհածախսը, բարեբախտաբար, դպրոցն է հոգում, այլապես նրանք կզրկվեին անգամ գիշերօթիկում սովորելու հնարավորությունից: Ասում է՝ «Հեն ա, պարտքով գոյատեւում ենք: Երեկ գնացել, մի երկու հաց եմ վերցրել, էսօր եկել բկիս չոքել ա, թե՝ պարտքը փակի: Հագուստն էլ սուտի-մուտի յոլա ենք տանում: Մեկը մյուսի հագուստով յոլա ա գնում»: Պայծառն, այնուամենայնիվ, վստահեցնում է, որ երեխաներն առողջ են, իսկ ես չեմ հավատում, որովհետեւ աչքիս առաջ նորածին Ամրամն անընդհատ լաց լինելով փսխում է, իսկ Արտաշը սրթսրթալով մրսում է:

Պայծառն ու Արմենը վեց երեխաների ծնողներ են: Կյանքի դառնություններն ու հոգսերը նրանց հոգին զայրույթով են լցրել: Նրանք անելանելի վիճակից անտարբերությամբ են լցվել, ու նույնիսկ չարանում են, երբ իրենց դուռը թակում են միանգամայն բարի նպատակներով: Նրանց բարկությունը հավանաբար առաջին հերթին ուղղված է իրենց, քանի որ լույս աշխարհ են բերել վեց երեխաներ, որոնց գոյատեւմանը խանգարում է իրենց անզորությունն ու անկարողությունը: Իսկ պետությանը սպասում են տղաների զինծառայության ժամանակ: